ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅԵՑ ԻՐ ԲՈՒՆ ՆՊԱՏԱԿԻՆ

  Armenian Russian English

   Սկիզբը՝ նախորդիվ
  
   Սեփական կարծիքը պարտադրելու, այդ պարտադրանքի շրջանակներում բարոյական ճնշում գործադրելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության ժամանակ կազմակերպված ցույցերի մասնակիցներին «ամբողջ Սփյուռք» համարելը թյուրիմացություն է։
   Ճիշտ է, Հայաստանում էլ շատերը տրվում են այդ թյուրիմացությանը, մի մասը՝ զուտ քաղաքական, քարոզչական նկատառումներից ելնելով, մյուսներն էլ՝ ուղղակի ամբողջական պատկերացում չունենալու պատճառով։ Սակայն, անկախ այդ ամենից, իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է, որ 7 կամ 5 կամ թեկուզ 4 միլիոն (այցելած երկրները նկատի ունենալով) սփյուռքահայության պայմաններում 5, 10 կամ նույնիսկ 20, անգամ 30 հազար ցուցարարների թիվը միանգամայն նորմալ է։ Այնպես որ ցույցային դրսեւորումների վրա տարածական մեկնաբանություններ անելու գայթակղությունը գուցե մեծ է, սակայն դրանք, մեղմ ասած, համոզիչ չեն։
   Ի դեպ, մեկ-երկու նկատառում, որոնք, միգուցե արժե հիշեցնել։ Դեռեւս 1990-91 թվականներին, երբ Հայաստանը հետեւողականորեն պայքարում էր անկախության համար, Սփյուռքից, համենայն դեպս, Սփյուռքի որոշակի շրջանակներ ուղիղ տեքստով խնդրում-հորդորում էին, թե պետք չէ անկախության հարց դնել։ Ասում էին՝ անկախությունը լավ է, գաղափարը ճիշտ է, բայց հիմա իբր պահը չէ ու նման այլեւայլ «հորդորներ», զուգահեռված կանխատեսումներով ու մտավախություններով։
   Կյանքը ցույց տվեց, թե ինչ արժեն այդ կանխատեսումներն ու մտավախությունները։ Հայաստանի անկախ պետությունը արդեն 18 տարեկան է եւ շարունակում է իր ժամանակագրությունը, անկախ նրանից, թե Սփյուռքում ով ում է դավաճան ու չգիտեմ ինչ համարում։
   Եւ էլի՝ ի դեպ, առանց որեւէ հեգնանքի, առանց նեղացածության ու նման բաների։ Ուղղակի ու սրտանց՝ եղբայրաբար։ Հարգելի իմ սփյուռքահայ ազգակիցներ, հեռվից Հայրենիքը սիրելը հեշտ է։ Եւ լավ է, որ սիրում եք Հայաստանը, որ ձեր հայրենիքն է։
   Բայց հայրենիքը միայն «Գառնի-Գեղարդ-Էջմիածին» երթուղին չէ՛, հայրենիքը միայն Արարատի տեսարանով Երեւանի կենտրոնում բնակարան՝ տարվա մեջ 11 ամիս դատարկ բնակարան ունենալը չէ, հայրենիքը Օպերայի մոտ շրջող «հասանելի» պչրուհիները չեն։ Առավել եւս, «երբ մեռնեմ, ինձի Հայաստան թաղեք»-ը հայրենասիրություն չէ։
   Հայրենիքը ժամանակակից ու ներկա Հայաստանն է իր բոլոր հոգսերով ու ցավերով, իր բոլոր ուրախություններով ու կորուստներով։ Իր դատարկված գյուղերով ու նոսրացած բնակչությամբ քաղաքներով։
   Եկեք ու մոտիկից սիրեք Հայրենիքը։ Մեզ հետ։ Խոսքը այն մի քանի հազար մեր հայրենակիցների մասին չէ, որ կողմնորոշվել են Հայրենիքի հարցում։ Եկե՛ք տասնյակ ու հարյուր հազարներով։ Եկեք, որ նախ ապրենք հայրենիքում, որպեսզի վաստակենք այդ հայրենիքի հողի մեջ հանգչելու իրավունքը։ Եկե՛ք, եթե իսկապես Հայրենիքի ցավը ձեզ ավելի սրտամոտ է, քան բարեկեցությունը հյուրընկալ, սակայն օտար պետության մեջ։
   Եկե՛ք, որ վաղը, մյուս օրը ոտատեղ ունենանք մեր արդար դատը առավել ամուր ու հաստատուն պաշտպանելու համար։ Թե չէ, կարելի է էլի մի 100 տարի ամերիկաներից ու անգլիաներից ապարդյուն պահանջել, որ հող տան, արդարություն ճանաչեն ու նման բաներ, ու շարունակ հուսախաբ լինել, որ ձեր ընտրած, ձեզ խոստացած հերթական օտարազգի նախագահը չասաց «Ցեղասպանություն»։
   Թե չէ բոլորդ ասում եք՝ «Մայր Հայաստան», սակայն ձեր Մոր գրկում ապրել չեք ուզում։ Իսկ մեծ-մեծ խոսել բոլորս էլ կարող ենք։ Եկեք մեծ-մեծ գործենք։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

close