«ԿԻԼԻԿԻԱ». ՎԵՐԱԴԱՐՁ

  Armenian Russian English

   Ահա արդեն երրորդ տարին է՝ սկսած 2004 թվականի հուլիսից, «Հայոց Աշխարհ»-ը տպագրում է Զորի Բալայանի ճամփորդական նոթերը՝ գրված «Կիլիկիա» առագաստանավում։ Եվրոպայի շուրջ յոթ ծովերով աննախադեպ նավարկության առաջին փուլն ավարտվեց Վենետիկում՝ Սուրբ Ղազար հայկական կղզում, երկրորդը՝ անցնելով Ատլանտյան օվկիանոսով, անգլիական Պորտսմուտում։ Հեղինակն արդեն հրատարակել է երկու գիրք. «...Զիմ Կիլիկիա» եւ «Կիլիկիա. դեպի օվկիանոս»։
   «Հայոց Աշխարհ»-ը շարունակում է տպագրել երրորդ՝ եզրափակիչ փուլի մասին «Կիլիկիա»-ի կոմիսարի եւ տարեգրի գրառումները։
  
   Տարբեր վարչակարգերի օրոք տարբեր տոներ են նշվել Կլայպեդայում։ Բայց այդ ողջ ընթացքում անփոփոխ է մնացել ծովի տոնը։ Սովորաբար մեկ օրը չի բավականացնում այդ հիրավի ժողովրդական տոնի համար։ Չէ՞ որ խոսքը զանգվածային զբոսանքների, երթերի, տոնավաճառների, թատերական ներկայացումների, մշակութային միջոցառումների մասին է։ Եւ շատ հաճախ էլ այդ տոները համընկնում են քաղաքի ծննդյան օրվան՝ օգոստոսի 1-ին։ Բանն այն է, որ ծովի տոնը նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը։ Մեր բախտը չբերեց։ Ծովի տոնից մեկ ամիս առաջ էինք ժամանել Կլայպեդա։ Բայց երբ նրա ուրվագծերը վերջնականապես անէացան հորիզոնում, մտածեցի, որ դա այն սակավաթիվ քաղաքներից է, որոնց եթե սիրեցիր, ողջ կյանքում քեզ հետ են։
   ***
   Վերստին անդրադառնանք նավարկության լուսաբանման թեմային։ Ավելի ճիշտ՝ գրքի, ո՛չ, գրքերի վրա կատարվող աշխատանքին։ Հիշեցնենք, որ այս «աքսորային» պայմաններում որպես գրող եւ լրագրող ես նույնիսկ շատ էլ նորմալ եմ զգում։ Չէ՞ որ ամեն ինչ հարաբերական է։ Երեւի դժոխքում էլ կարելի է դրախտային անկյուն գտնել։ Եւ դա կատակ չէ, ծաղր չէ։ Վերջին հաշվով ի՞նչ է պետք գրողին։ Իհարկե, որպեսզի աշխատանքի ընթացքում նրան ոչ ոք չխանգարի։ Թերեւս բացառություն են փոթորիկները եւ ... թոռներս։
   Իրոք, ըստ էության ինձ այնքան քիչ բան է պետք։ Աղոտ, 12 վոլտանոց լամպ եւ որպեսզի ոչ մեկը մատով չդիպչի իմ սիրելի խառնափնթոր կախովի սեղանին։ Ինչ վերաբերում է փոթորկին եւ թոռներիս, ապա խնդիր չկա։ Նրանք պարտավոր են ինձ խանգարել։ Թոռներիս լուսանկարները փակցված են Ղարաբաղի քարտեզի վրա, եւ ես հաճախ եմ աչքս կտրում նոթատետրից կամ գրամեքենայից՝ նրանց նայելու, մտովի նրանց հետ խաղալու համար։ Իսկ փոթորկի հարցը շատ ավելի պարզ է։ Հենց ուժգնությունը սկսում է անցնել 4 բալից, ես (եւ միայն ինքս) հավաքում եմ գրքերս ու թղթերս սեղանից եւ դնում արկղի մեջ այն հերթականությամբ, որպեսզի հետո առանց դժվարության վերականգնեմ իմ սիրելի անկարգությունը։ Սեղանի տախտակը բարձրացնելով՝ փակում եմ գրադարակները եւ բարձրանում տախտակամած։ Ինչպես բազմիցս եմ ասել, ամենաուժգին փոթորիկներն անցկացրել եմ վերեւում՝ հաջողացնելով ձեռքիցս բաց չթողնել հուշատետրերը։
   Ես մի խթանիչ, ավելի ճիշտ՝ խթանող ունեմ։ Արիկ Նազարյանն է։ Մշտապես պահանջում է, որ իրեն օպերատիվ ռեպորտաժներ տամ մեր անցկացրած գրեթե յուրաքանչյուր օրվա մասին։ Հետո նա դրանք հավաքում է համակարգիչով եւ ինքն էլ նյութերն ուղարկում ողջ աշխարհով մեկ։ Այդպիսով նա օբյեկտիվորեն խաթարում է գրքի վրա աշխատելու ընթացքը։ Բանն այն է, որ գիրքը գրում եմ հենց նավում, մշտապես Երեւան ուղարկելով արդեն պատրաստի, հերթական 30-40 էջը։ Դա սրբազան պարտականություն է։ Եւ մինչ «Հայոց Աշխարհ»-ում խելքի կբերեն գրքիս լրագրային տարբերակի հերթական գլուխները, «Կիլիկիան» հասցնում է մեծ հեռավորություններ հաղթահարել։ Այնպես որ, ընթերցողը մեր նավարկությանը հետեւում է հիմնականում օպերատիվ ռեպորտաժների միջոցով։ Պետք է խոստովանեմ, որ դրանցից շատերը գրեթե առանց փոփոխությունների, շատ օրգանապես ձուլվում են գրքի հենքին։ Այս պահին էլ այդպես է։ Գրքիս մեջ եմ տեղադրում այն ռեպորտաժը, որը կարող էր եւ չլինել, բայց կա մի հանգամանքի պատճառով։ Բանն այն է, որ «Կիլիկիա»-ից ուղարկվող ռեպորտաժներում մեր վերապրած բոլոր վտանգների մասին չէ, որ գրում եմ։ Սակայն այս անգամ այնպես ստացվեց, որ անձնակազմի անդամների տնեցիները կատարված դրամայի մասին տեղեկացան այլ աղբյուրից։ Բայց ավելի լավ է ընթերցողն այդ մասին իմանա վերը հիշատակված ռեպորտաժից, որը թերթերում եւ ինտերնետում լույս է տեսել «Կիլիկիա»-ին դարձյալ փրկեցին դույլերը» վերնագրով։
   «... Երեք օր բաց ծովում, Բալթիկայի կենտրոնում։ Հորիզոնում ոչ մի ցամաք չի երեւում։ Չեն աշխատում բջջային հեռախոսները։ Գործում է միայն արբանյակային գերկարճալիք կապը։ Բայց դա արդեն բոլորի համար չէ։ Երրորդ օրվա ավարտին զանգեր ստացանք։ Առաջինը հետեւյալ հաղորդումն էր, որ ինձ արթնացրեց միջին եվրոպական ժամանակով ժամը վեցն անց կեսին. «ԱրմենՏելը» եւ «Շարմը» հրավիրում են երիտասարդներին (մենք էլ երիտասարդներ ունենք նավում) Շահումյանի հրապարակ, որտեղ կերգեն սիրված երգիչներ եւ կլինեն անակնկալներ»։ Իսկ մնացած զանգերը ինչ-որ աննկարագրելի բան էին։ Բոլոր խոսողները, չգիտես ինչու, անկախ վատ լսելիությունից, գոռալով ինչ-որ անհասկանալի բաներ էին ասում։ Նրանց ձայնի մեջ տագնապ կար։ Վերջապես հասկացա։ Պարզվեց, որ «Ազգ» թերթում տեղեկատվություն է տպագրվել, որը մեզնից զատ ոչ ոք չգիտեր։ Չէ՞ որ, կրկնում եմ, երեք օր անընդմեջ արտաքին աշխարհի հետ կապ չէինք ունեցել։ Ի դեպ, զանգահարողներից ամեն մեկը յուրովի էր մեկնաբանել տեղեկատվությունը, որի իմաստն այն էր, թե «Կիլիկիան» քիչ էր մնացել խորտակվի, եւ անձնակազմի երկու անդամ ընկել են ջուրը։
   Սկսենք նրանից, որ, ըստ էության, տեղեկատվությունը սխալ չէր։ Բանն այն է, որ շատ են եղել նման դեպքեր, երբ չենք ցանկացել հրապարակել այս կամ այն պատահարը, լինի դա նավից ջուրն ընկնելը, փոքր ու մեծ վնասվածքներ ստանալը, մենիսկի պատռվածքը եւ նույնիսկ կողոսկրերի կոտրվածք ստանալը։ Դա մեր ներքին գործն է, եւ նման տեղեկատվությունը հրապարակում ենք, երբ ինքներս ենք հարմար գտնում։ Ինչո՞ւ վախեցնել, անհանգստացնել հարազատներին եւ մերձավորներին։ Բայց տվյալ դեպքում ինձ ոչ այնքան զարմացրեց, որքան ապշեցրեց այն, թե պատահածի մասին որտեղի՞ց էր իմացել «Ազգը»։ Թեեւ, որ խոր մտածենք, զարմանալու բան չկա։ Հաճախ եմ համոզվել, որ դեռեւս հասարակությանն անհասանելի որեւէ լուր արդեն ընդհանուր գծերով ներկայացվում է «Ազգ»-ի էջերում։
   Եւ հիմա, երբ գաղտնիքն այլեւս բացահայտված է, ստիպված եմ գոնե համառոտ պատմել կատարվածի մասին։ Կլայպեդայից դուրս եկանք կեսգիշերին։ Ժամը մենք չէի՛նք ընտրել, այլ հանգամանքները։ Միայն գիշերը ժամը 11-ին է բացվում քաղաքի կենտրոնում գտնվող կամուրջը, որի մոտ կառանված էր «Կիլիկիան»։ Եւ հենց դուրս եկանք ծովախորշի դարպասներից, հասկացանք, որ տանջահար ենք լինելու անսովոր ճոճքից, երբ կայմի կատարը քիչ է մնում հպվի ալիքի բաշին։ Բոլորիս համար էլ պարզ էր, որ քնելու մասին խոսք լինել չէր կարող. համընդհանուր համականչ եւ համընդհանուր հերթափոխ՝ բոլորի համար։ Վաղուց կեսգիշերն անց էր, բայց լավ երեւում էր ծովի խռովահույզ մակերեւույթը։ Բալթիկայում սպիտակ գիշերների ժամանակն է։ Հավելենք, որ մղոն առ մղոն շարժվում ենք դեպի հյուսիս։ Իսկ դա նշանակում է, որ ավելի է լուսավորվելու երկինքը։ Շարժվում ենք դեպի Շվեդիայի ափերը։ Չկա ավելի վատ բան, քան ոչ օրինաչափ ալեկոծությունը. համատարած եռք է, քաոս։ Երբ մի ալիքը զարկվում է մյուսին, թվում է, թե բոլորը գլորվում են տարբեր ուղղություններով։ Մի քանի անգամ ալիքները «պայթեցին» հենց նավակողի մոտ։ Մեծ թեքման տակ ահռելի ուժի ալիքներ փլվեցին հենց վերեւ բարձրացող նավակողին։ Նման մի բան էլ պատահեց լուսադեմին։ Այդ ժամանակ բոլորը տախտակամածին էին, ներառյալ կոկը։ Անսպասելիորեն հսկայական մի ալիք ծածկեց նավը։ Եւ բոլորս, առանց բացառության, սուր որոշակիությամբ զգացինք, որ նույնպիսի մի երկրորդ ալիք նետվեց առաջինի վրա։ Բարեբախտաբար բեռնափորի բերանը փակ էր։ Այնպես որ, ջուրն ահռելի ջրվեժի պես նավամբար ուղղվեց մուտքի լյուկից։ Բայց դրա վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Տախտակամածը ճայթում էր գոռոցներից. «Ջրում մարդ կա»։ Եւ այն էլ ոչ թե մեկը, այլ երկու հոգի։
   Մենք հետայսու երեւի ողջ կյանքում երախտագիտության աղոթք ուղղենք զարմանալի, պոետների եւ սիրահարների կողմից գովերգված այնպիսի բնական երեւույթին, ինչպիսին են սպիտակ գիշերները։ Իսկ հունիսի 29-ի սպիտակ գիշերը թերեւս ամենահիշարժան եւ երջանիկ գիշերն էր «Կիլիկիա»-ի համար։ Ամեն ինչ երեւում էր, ասես կեսօր էր, եւ ոչ թե առավոտյան ժամը չորսը։
   Հրաման տրվեց իջեցնել առագաստները։ Նույն պահին գործի դրվեց շարժիչը, եւ կապիտան-խորհրդատուն ձեռքը վերցրեց նավի մանեւրումը։ Հավաքված առագաստներով «Կիլիկիան» կողքից կողք էր ընկնում, մերթ հայտնվում էր ալիքի գագաթին, մերթ գահավիժում փոսը։ Մի քանի կարծիքների եւ խորհուրդների առջեւն առավ նավապետի խստաձայն հրամանը. «Կատարել միայն Սեմի հրամանները (Սամվել Կարապետյանի)»։ Արտաքուստ ամենափխրուն մեր երկու նավաստիները՝ Հայկ Սադոյանն ու Արա Թամանյանը, վարպետ սկավառակ նետողի ճարպկությամբ միաժամանակ ջուրը նետեցին վառ նարնջագույն փրկօղակները, որոնք ընկան ուղիղ Հայկ Բադալյանի եւ Սամվել Բաբասյանի առաջ։ Երկուսն էլ արագորեն որսացին դրանք։ Մի քանի րոպե անց Սամվելն ու Հայկը բարձրացան տախտակամած, իսկույն հանեցին ծանրացած անջրանցիկ վերնահագուստները, չոր շորեր հագան եւ ասես ոչինչ էլ չէր պատահել՝ անմիջապես միացան նավը փրկելու ընդհանուր պայքարին։ Միայն հետո էինք խոստովանելու միմյանց, որ բոլորս միեւնույն բանն էինք մտածում. Աստված չանի, որ եւս մեկ անգամ երկու խելագարված ալիք, պոկվելով եռքից, փլվի նավի վրա։ Չէ՞ որ նավամբարում ջուրն արդեն հասել էր նառերի առաջին հարկին։ Պետք էր հաշված րոպեների ընթացքում այն հեռացնել։ Արամ Սալաթյանն ու ես վրա ընկանք պոմպի լծակներին, Հայկ Սադոյանն ու Վահագն Մաթեւոսյանը բոցման Մուշեղ Բարսեղյանի գլխավորությամբ մի քանի անգամ նավի քթամասում սուզվեցին սառը ջրի մեջ՝ դույլեր որոնելու։ Դե, այստեղ ինչպե՞ս չհիշենք, որ երբ Փոթիի փոթորկի ժամանակ կոտրվեցին մեր երկու ղեկաթիերը, եւ սկսեցինք նավը կառավարել կողերից վար կախված դույլերով, շուտով դրանք էլ կորցրինք։ Եւ այն ժամանակ պնդեցի, որ ձեռք բերենք ոչ պակաս քան 10 ալյումինե դույլ։ Եւս երեքը ջրի տակ են անցել։ Մնացել էր յոթը, եւ թվում էր, թե դրանք մեզ խանգարում են։ Բայց ահա կյանքը ցույց տվեց, որ երբեք դրանք ավելորդ չեն նավի վրա։ Պետք էր տեսնել, թե ինչպես է մինչեւ գոտկատեղը ջրի մեջ կանգնած հայրը (Արմեն Նազարյանը) վեր բարձրացնում ջրով լի ծանր դույլը, որը որդին (Արեգ Նազարյանը) վերցնելով, դատարկում էր նավից դուրս։ Մի ամբողջ ժամ աշխատեցին երկու պոմպերը, յոթ դույլերը եւ «Կիլիկիա»-ի անձնակազմի 13 անդամները։ Հաճախ կատակում էինք։ Եւ դժվար էր բացատրել՝ դա հուզմունքի՞ց էր, խենթությունի՞ց, թե՞ սովորական բան՝ համականչի ժամանակ։
   Ողջ ջուրը թափեցինք։ Ոչ մի գրամ չմնաց ենթահարկի տակ։ Բայց պարզվեց, որ բոլորիս կոշիկները ջրասույզ էին եղել, եւ երբ արեւը հայտնվեց, դրանք շարվեցին տախտակամածին, ինչպես խանութի ցուցափեղկում։ Պարենի բացարձակ մեծ մասը փչացավ։ Ծովի ջուրը լցվել էր խմելու ջրի բաքի մեջ, այնպես որ ավելի քան երկու օր պետք է լողայինք առանց ջրի եւ սննդի։ Հագուստները թրջվել էին։ Բայց այդ ամենը մանրուք էր, ինչպեսեւ այն, որ ես Հայկի ու Բաբասի վրա ծախսեցի երկու շիշ նեկտար, որն այլ կերպ «ղարաբաղյան թթի օղի» է կոչվում։ Դրանով մինչեւ կարմրելու աստիճան շփեցի նրանց մարմինները, մինչ «ջրահեղձները» մորմոքում էին. «Բա ափսոս չի՞»։ Ա՛յ, այսպիսի անշնորհակալ էակներ են։
   Այդ դեպքի ողջ ընթացքին ականատես էին լիտվական ձկնորսանավի նավաստիները, որոնք նավն իսկույն ուղղեցին մեր կողմը։ Նրանք հեռադիտակով տեսել էին, թե ինչպես երկու հոգի ջուրն ընկան։ Երբ կես ժամ անց հասան մեզ, բոլոր աշխատանքներն արդեն վերջացրել էինք։ Լիտվացի ձկնորսները խոստովանեցին, որ չեն հավատում իրենց աչքերին։ Մենք երախտագիտություն հայտնեցինք նրանց՝ օգնություն ցուցաբերելու անկեղծ ցանկության համար եւ հուշանվերներ փոխանակեցինք։ Նրանք մեզ՝ մի շիշ կարմիր գինի, մենք նրանց՝ թթի օղի։
   Այնպես որ տեղեկատվական արտահոսքի հանելուկի վրա պետք չէ գլուխ կոտրել. ձկնորսները պատահածի մասին հաղորդել էին Կլայպեդայի իրենց ղեկավարությանը, որն էլ շտապել էր այդ մասին հայտնել տեղի հայերին, որոնց մեջ գտնվել էր «Ազգ»-ին թղթակցող ինչ-որ մեկը։
   Ահա եւ ամենը։ Եթե չլիներ «Ազգ»-ը, չէր լինի նաեւ այս ռեպորտաժը։ Ինչ վերաբերում է այլ մանրամասներին, ապա ընթերցողը դրանց կծանոթանա ապագա, թվով երրորդ գրքից, որի վերնագիրն է «Կիլիկիա». վերադարձ»։
   ***
   Իսկ մանրամասներն ու մանրուքները հետո գծագրվեցին, երբ սկսեցինք ուշքի գալ, երբ հետին թվով ծանրութեթեւ արեցինք պատահածը։ Այդպես կատարվում է բռնցքամարտիկի հետ, որը մենամարտից հետո է հիշում, թե որքան կտրուկ ու տեղին խույս տվեց ծնոտին ուղղված սարսափելի հարվածից։ Ավելի ճիշտ՝ սարսափում էր հենց միայն այն մտքից, թե ինչ կլիներ, եթե չհասցներ դա անել։ Հենց այդպես էլ մեզանից յուրաքանչյուրը, ինչպես բազմիցս է արել, մտովի վերլուծում է փոթորկի եւ առանձնապես ծովային մրրկահողմի «հարվածները» եւ հանգում այն եզրահանգման, թե փրկությունը միշտ էլ կախված է ոչ թե բարեբախտությունից, այլ հմտությունից, կարողությունից։ Հենց դա էր ջերմացնում հոգին, թույլ տալիս կատակել։ Եւ այնուամենայնիվ...
   Եւ այնուամենայնիվ այդ կլայպեդյան փոթորիկը միակը չէր մեր ճանապարհին, որ թույլ տվեց խորին ապրումներ ունենալ թե՛ ողջ անձնակազմին, թե՛ մեզանից յուրաքանչյուրին՝ առանձին վերցրած։ Երկարատեւ նավարկության ժամանակ փոթորիկներն անխուսափելի են։ Յուրաքանչյուրը, ով դուրս է գալիս ծով՝ նավարկելու, պետք է օրուգիշեր յուրացնի ծովային օրենքը՝ «Համակերպում անխուսափելիի հետ»։ Հակառակ դեպքում ընդհանրապես իմաստ չունի հեռավոր նավարկություն ձեռնարկել։ Նույնը կարելի է ասել մեծ բարձունքներ հաղթահարողների, բեւեռախույզների, փորձարկող-օդաչուների, տիեզերագնացների մասին։ Թվարկումը հավանաբար կարելի է շարունակել։ Եւ յուրաքանչյուր առանձին դեպքում խոսքը քո «սեփական» 9-րդ ալիքի հետ հանդիպման անխուսափելիության մասին է։
   Այս թեման գիտականորեն ուսումնասիրել է Դեյլ Կարնեգին։ Անցած դարի 60-70-ական թվականներին այդ ամերիկյան ականավոր սոցիոլոգի, մարդաբանի, փիլիսոփայի գրքերը ԽՍՀՄ-ում տարածվում էին «ինքնահրատով»։ Տանս ինչ-որ տեղ դեռ պետք է պահպանված լինի պատճենահանված օրինակը։ Նրա «Կյանքի դասագիրք կամ ինչպես ձեռք բերել բարեկամներ եւ ներազդել մարդկանց վրա» հայտնի գրքի գլուխներից մեկը այդպես էլ վերնագրված է. «Համակերպվիր անխուսափելիի հետ»։ Հիշում եմ, թե ինչպես հիվանդանոցում, Վալերի Քոչարյանի մահճակալի մոտ, նրա մոր՝ տիկին Էմմայի ներկայությամբ բարձրաձայն հատվածներ ընթերցեցի այդ գլխից։ Պետք է հավանաբար հիշեցնեմ նաեւ, թե ինչ էր պատահել Վալերիին, որպեսզի հասկանանք, թե ինչու հենց նրա համար ընթերցեցի անխուսափելիի մասին այդ մտքերը։
   Ղարաբաղին եւ մեր ողջ ժողովրդին պարտադրված դաժան պատերազմն էր ընթանում, եւ մենք զենքի կարիք ունեինք։ Վալերիի պատրաստած ինքնաշեն պայթուցիչ սարքի փորձարկման ժամանակ պայթյուն տեղի ունեցավ։ Ամենաանհավանականն այն էր, որ նա ողջ մնաց։ Կտրվել եւ մի կողմ էր ընկել նրա աջ ձեռքը, զրկվել էր մեկ աչքից։ Հարյուրից ավելի բեկորներ մխրճվել էին ոտքերի մեջ։ Պայթյունը պոկել էր աջ ազդրոսկրից 10 սմ մի կտոր, եւ ոտքը մնացել էր կախված այն մկաններից, որոնք չէին կտրվել։ Երեսուն ծայրագույն վիրահատություններ տարավ, այդ թվում՝ նաեւ պլաստիկ։ Այդ զարմանալի մարդու մասին ես շատ եմ գրել։ Նրա մասին պատմել եմ ընթերցողին նաեւ «...Զիմ Կիլիկիա» գրքում, փաստելով, թե ինչպես կարող է մարդն ինքն իր դեմ հաղթանակ տանել, վերադառնալ շարք։ Բայց այս անգամ խոսքն այլ բանի մասին է։ Անխուսափելիի մասին՝ ընդհանրապես վերցրած։ Կարնեգին գլուխը սկսում է սեփական օրինակից։ Երեխա ժամանակ տղաների հետ խաղալիս կտրվել էր նրա ձախ ձեռքի ցուցամատը։ Խոստովանում է, թե ինչպես էր սկզբում համակվել սարսափով։ Բայց աստիճանաբար հասկացել էր, որ պարզորոշ գիտակցում էր կարեւորը. դա՛ է իրողությունը։ Դա՛ է անխուսափելին։ Կտրված մատն այլեւս երբեք հետ չես բերի։
   Եւ ապագա գիտնականի պրպտուն միտքը պարտավորեցրեց հավաքել հնարավորինս շատ օրինակներ կյանքից։ Հարցումներ կատարեց անձեռք, անոտք, կույր կամ կուրացած բազմաթիվ մարդկանց շրջանում՝ ինչպես են վերաբերվում իրենց դժբախտությանը։ Եւ պարզվեց, որ նրանք բոլորն էլ վաղուց համակերպվել են իրենց դժբախտությանն ու նույնիսկ չեն նկատում այն։ Հանգեց այն եզրահանգման, որ նրանք, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարողանում համակերպվել, պարզապես ժամանակից շուտ են գնում այն աշխարհ։ Կարնեգին ներկայացրեց մարդկանց պատմության մեջ անդառնալիության, անխուսափելիության ամենագլխավոր օրինակը՝ Սոկրատեսի մահը, որը «տնտեսում» էր իր ուժերն ու եռանդը, բացի ամենայնից, նաեւ այն պատճառով, որ չէր վատնում դրանք անխուսափելիի դեմ պայքարում։ Եւ երբ արդեն դատապարտված էր մահվան, բանտապետը, խցում նրան մեկնելով թույնով գավաթը, արտասանեց հենց այն իմաստուն բառերը, որոնք ժամանակին ինքը՝ փիլիսոփան էր արտասանել. «Աշխատիր թեթեւ ընդունել այն, ինչ անխուսափելի է»։
   Պատմությունը պահպանել է ամսաթիվը, երբ հնչեցին այս բառերը. ճիշտ 399 տարի Քրիստոսի ծննդից առաջ։ Կարծում եմ, որ հաջորդած 2405 տարիների ընթացքում մարդը հոգեբանորեն չի փոխվել։ Եւ այսօր քաղաքակրթական այսպիսի փոփոխությունների խորապատկերին, մենք, ըստ էության, ոչ մի բանով չենք տարբերվում մեր նախնիներից։ Ինչպես հնում, այնպես էլ հիմա ինքն իրեն հաղթելու համար մարդը պետք է ջանա ընդունել այն, ինչ անխուսափելի է։
   Տասը տարի անբաժան եմ եղել Կամչատկայի եւ Չուկոտկայի տունդրաների կյանքից ու կենցաղից։ Շատ եմ սիրել եւ խորապես հարգել Ծայր Հյուսիսի բնիկներին (կորյակներին, չուկչիներին, ալեուտներին եւ մյուսներին), որոնք «անխուսափելիության օրենքի» զարմանալի փիլիսոփայություն են մշակել։ Ճիշտ է՝ նրանց շրջանում ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ. պետք է ընդունել, որ ձմռանը սաստիկ ցուրտ է լինում, իսկ ամռանը՝ շատ տաք։ Եւ մի՛ շտապեք սա բնորոշել որպես ինչ-որ պարզունակ ճշմարտություն։
   Ինչ խոսք, դա ճշմարտություն է, բայց, այսպես ասած, «կիրառական», կենսական նշանակության ճշմարտություն։ Այդ մասին շատ եմ գրել։ Բանն այն չէ, որ պետք է իմանալ այդ նույն անխուսափելիության, ասենք, ձմռան ցրտի մասին, այլ իմանալով այդ մասին, պետք է գործել, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Ռուսների մոտ այդ փիլիսոփայությունն արտահայտված է «Սահնակն ամռանը նախապատրաստիր» ասացվածքում։ Եւ դա համակիրառելի բանաձեւ է։ Օրինակ՝ փոթորիկը ծովում անխուսափելի երեւույթ է։ Դրանց քանակը եւ, այսպես ասած, որակը, համաձայն օրինաչափությունների, կախված է ե՛ւ տարվա ժամանակներից (անձրեւների եւ փոթորիկների շրջան), ե՛ւ աշխարհագրական այն լայնություններից, որտեղ գտնվում ես, ե՛ւ ծովերի ու օվկիանոսների առանձին հատվածների բնութագրերից (Բերմուդյան եռանկյունի, Բիսկայան ծոց, Հրո երկիր արշիպելագի ջրային ավազանը, իր լեգենդար Հորն հրվանդանով) եւ այլ գործոններից։
   Հազվադեպ է պատահում, որ անհողմությունը մեկ օրից ավելի տեւի։ Եւ հազվադեպ է պատահում, որ, ասենք, յոթ օրվա ընթացքում փոթորիկ չլինի։ Մի խոսքով, ծովերով եւ օվկիանոսներով, բաց տունդրայով երկարատեւ ճամփորդությունների ժամանակ անխուսափելի են պարտադիր փոթորիկներն ու ձնաբքերը։ Եւ երբ դրանք քեզ բռնեցնում են ճանապարհին, ապա պետք է հաշտվես իրողության հետ։ Բայց դա այլ անխուսափելիություն է։ Դա անդառնալիորեն կորցրած մատը կամ անդամահատված ոտքը չէ, երբ պետք է հաշտվել իրողության հետ, որպեսզի շարունակես ապրել եւ ոչ թե ընկնել հուսահատության գիրկը։ Այս երկրորդ պարագայում պետք է ինքդ քեզ ասես. «ԵՍ ի վիճակի չեմ փոխել քամու արագությունը կամ «հետաձգել» փոթորիկը։ Բայց պետք է իմանամ, որ եթե ուժգին քամին ու փոթորիկը անխուսափելի են, ապա պետք է պատրաստ լինեմ դրանց հետ հանդիպման»։
   Կարնեգին բերում է նաեւ յուրօրինակ աղոթքի մի տեքստ, որի բառերը խիստ անհրաժեշտ են նրանց, ովքեր կյանքում կանգնում են անխուսափելիության փաստի առջեւ. «Ամենակարող Տե՛ր, հանգստություն պարգեւիր ինձ։ Սովորեցրու հաշտվել նրա հետ, ինչ ի վիճակի չեմ փոխել։ Տո՛ւր ինձ քաջություն փոխելու այն, ինչը կարող եմ փոխել։ Եւ իմաստություն տուր ինձ, որպեսզի կարողանամ զանազանել մեկը մյուսից»։ Սա պարզապես բանաձեւ չէ, պարզապես աղոթք չէ։ Սա նույնիսկ դեղատոմս էլ չէ։ Սա ինքը՝ մարդն է։ Եթե դու գիտեիր, որ մեկ օրից տունդրայում -60 աստիճան սառնամանիք է լինելու եւ այնուամենայնիվ ճանապարհ ես ընկել, ուրեմն ամեն ինչ հաշվարկել ես՝ հարգանքով եւ ընկալումով վերաբերվելով անխուսափելիությանը։ Հակառակ դեպքում՝ պարզապես խելագար ես։ Եւ հաշվի առնելով, որ խելագարները դուրս չեն գալիս բաց ծով եւ բաց տունդրա, նշանակում է, որ դու ոչ միայն նորմալ մարդ ես, այլեւ ամեն ինչ հաշվարկել ես։
   Եւ այնուամենայնիվ մարդիկ խեղդվում են ծովում, սառչում տունդրայում, զոհվում ձնահոսի տակ՝ Էվերեստի լանջերին։ Բայց դա արդեն, ներեցեք թվացյալ միստիկայի համար, ինչպես ասում են, բախտ է, որից չես թաքնվի։ Դրա վերաբերյալ նույնիսկ տխուր վիճակագրություն գոյություն ունի, որն ինչքան էլ տարօրինակ է, հաստատում եւ ապացուցում է, որ ավելի հաճախ զոհվում են հենց լավ նախապատրաստվածները, հենց քաջերը, հենց փորձառուները։ Քանզի նրանք են, որ, առավել հաճախ մյուսներից, ռիսկի են դիմում՝ ցանկանալով հայտնագործություններ անել, ռեկորդներ սահմանել։
   Համոզված եմ, որ կրկնակի ալիքը բոլորովին պատահական չսրբեց տախտակամածից հենց Սամվել Բաբասյանին եւ Հայկ Բադալյանին։ Իհարկե, ցանկացած մարդ, որ այդ պահին գտնվեր այնտեղ, որտեղ նրանք էին, նույնպես կհայտնվեր ծովում։ Սակայն հե՛նց նրանք էին այնտեղ, որտեղ ամենից դժվար էր առագաստը պահել։ Երկուսն էլ խենթ են ու քաջ՝ առանց ցուցամոլության նշույլի։ Երկուսն էլ առաջինն են տեղից պոկվում եւ բառացիորեն թռիչքով հասնում այնտեղ, որտեղ անհապաղ օգնության կարիք կա։ Մեզանից ոչ մեկին չզարմացրեց եւ այն, որ փրկօղակները նետեցին հենց Հայկ Սադոյանն ու Արա Թամանյանը՝ մեր անձնակազմի ամենաջլուտ եւ բառացիորեն թեթեւագույն քաշի անդամները։ Կարողացան դա անել, որովհետեւ ամենից արագ հասան փրկօղակներին։ Եւ իհարկե շատ ավելի կարեւոր է, որ երկուսն էլ նշանառուի վարպետությամբ դրանք նետեցին նշանակետին։
   Այդպիսի արտակարգ իրավիճակի թերեւս առաջին անգամ էինք բախվում։ Իհարկե պատահել են ջուրն ընկնելու դեպքեր (Արեգ Նազարյանը, Վահագն Մաթեւոսյանը, ես), բայց դրանցում զվարճալին ավելի շատ էր, քան ողբերգականը։ Ողբերգություն կարող է պատահել ցանկացած պահին։ Մեզ վրա նետված կրկնակի ալիքի դեպքը օրինաչափ էր, բայց նույնքան էլ պատահական։ Այսինքն՝ նման բան ոչ միայն կարող էր պատահել, այլեւ պետք է պատահեր։ Քանզի գործ ունենք անխուսափելիի հետ։
  
   Շարունակելի

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

close