ՎԱԽԻՑ ՉԱՐԵՆՑԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՌԵՑԻՆՔ

  Armenian Russian English

   Հարցազրույց ԱՆԱՀԻՏ ՄԱԿԻՆՑՅԱՆԻ հետ
  
   -Օրերս գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ձեր «Շտրիխներ դիմանկարին» գրքի շնորհանդեսը: Ի՞նչ հարցեր եք արծարծում ձեր հոր` Պողոս Մակինցյանի հիշատակին նվիրված այդ գրքում:
   -Երկար տարիներ Մակինցյանի մասին ոչինչ չէր գրվում եւ խոսվում, ես էլ փոքր լինելով` ինքս իմ հիշողություններից ոչ մի բան չէի կարող ներկայացնել, ուրեմն գիրք գրելու համար նյութեր պետք է հավաքեի: Համապատասխան նյութեր գտա Տերյանի նամակներում, որոնք ժամանակին ուղարկվել են Մակինցյանին:
   «Շտրիխներ դիմանկարին» գրքում տեսնում ենք Մակինցյանին, այնպես, ինչպես նրան տեսել ու ճանաչել է Վահան Տերյանը:
   -Այդ նամակները մինչ այս հրատարակվե՞լ էին:
   -Ոչ, այս նամակները չէին տպագրվել: Մեջբերումից առաջ գրքում կետեր եմ դրել, ինչը նշանակում է, որ այդ նամակը հրատարակվում է առաջին անգամ: Այս նամակները մեծ արժեք են ներկայացնում:
   -Որտեղի՞ց եք գտել այդ նամակները, որոնք մինչ այժմ ոչ մի տեղ չեն տպագրվել:
   -Դրանք չեմ գտել, ես դրանց ժառանգորդն եմ: Տերյանի նամակներն ուղղված էին հորս` Պողոս Մակինցյանին, նա է եղել այդ նամակների տերը: Այսօր, երբ հայրս կենդանի չէ, այդ նամակների ժառանգորդը ինքնաբերաբար դառնում եմ ես: Սույն փաստն ամրագրված է նաեւ դատական վճռով: Այդ նամակները մեր տանն են գտնվում վաղուց, դրանք խնամքով պահվել են մեր ընտանիքի կողմից: Ես աշխատում էի այդ նամակների լուսապատճենների վրա, որպեսզի չվնասեի օրիգինալները:
   -Տերյանը եւ Մակինցյանը լավ ընկերներ են եղել...
   -Ասել միայն, որ նրանք լավ ընկերներ են եղել, նշանակում է քիչ բան ասել նրանց մտերմության մասին: Դա եղել է աննախադեպ ընկերություն: Մակինցյանը մի մարդ էր, որն իր ողջ կյանքը նվիրել է Տերյանին: Մակինցյանն ավելի լայն հնարավորությունների, շփվող մարդ է եղել, ի տարբերություն Տերյանի, որն իր հիվանդության բերումով եղել է ներամփոփ ու կողքի քաշված մարդ:
   -Լինելով բարձրակարգ գրականագետ, Մակինցյանի ինչի՞ն էր պետք զբաղվել քաղաքականությամբ, աշխատել ՎՉԿ-ում, լինել Հայաստանի 2-րդ հանրապետության ներքին գործերի եւ լուսավորության նախարար:
   -Փող չունեին հաց առնելու համար: Նա Տերյանին իր նամակներից մեկում գրում է, որ փող չի ունեցել, եւ ոչ մեկից անգամ հինգ ռուբլի չի կարողացել վերցնել: Իսկ այս աշխատանքը որոշակի հեռանկարներ էր բացում, եւ ոչ միայն նյութական հեռանկարներ: Այդ մարդիկ միշտ մտածում էին, թե կյանքը լավանալու է, այդ թվում՝ նաեւ իրենց կյանքը: Նա այլընտրանք չուներ:
   Ես բազմաթիվ փաստաթղթեր ունեմ, որոնք ապացուցում են, որ Մակինցյանը դեմ է եղել այն ամենին, ինչ Տերյանն արել է իր պոեզիայից դուրս: Մակինցյանը պարզ ու հստակ գրում է Տերյանին, թե ինչո՞ւ ես գրել այս կամ այն հոդվածը, այն մեկը, մյուսը... Նա Տերյանին միշտ ներշնչել է, թե այն, ինչ Աստված քեզ տվել է, լիրիկան է: Չէր հանդուրժում, երբ Տերյանը քնարերգության ժանրից դուրս էր գալիս եւ նրան ասում էր, որ էպոսի ժանրը, Թումանյանինն է, իսկ Տերյանի գործը լիրիկան է:
   -Տերյանին նախ ուզում էին Ղրիմ` ռազմաճակատ ուղարկել, բայց քանի որ նա հիվանդ էր, որոշվեց ուղարկել Թուրքեստան: Դրանով Տերյանին աքսորեցի՞ն, վանեցի՞ն հայկական խնդիրներով զբաղվելու գործից, ուղարկեցին մահվա՞ն:
   -Նա ինքն է ցանկացել մեկնել Թուրքեստան: Հույս ուներ, թե Թուրքեստանից կարող է Եվրոպա մեկնել: Անգամ՝ Թուրքիայի վրայով: Դա նրա մտահղացումն էր: Տերյանը ցանկություն ուներ ընդհանրապես հեռանալ Ռուսաստանից: Կյանքն այդտեղ շատ սարսափելի էր, իր վիճակն էլ Ռուսաստանում էր սարսափելի: Տերյանն այլընտրանք չուներ: Տերյանն ընդգծված հոռետես էր: Տեսնելով իր վատթարացող առողջական վիճակը, նա այդ ճամփորդությամբ ինքն իրեն կործանեց:
   -Այդ սարսափելի կոչված կյանքն ինչի՞ց էր բաղկացած:
   -Ես ձեզ մի բան պատմեմ, դրանից հնարավոր կլինի եզրակացություններ անել: 1916 թվականի սկիզբն է, Տերյանին մնացել է ապրելու ոչ լրիվ չորս տարի: Եթե խոսելու լինենք նրա կյանքի վերջին մեկ ու կես տարվա մասին, ապա անգամ նրա հոգեկան վիճակն էր խաթարվել: Այդ մասին գոյություն ունի Մյասնիկյանի վկայությունը:
   Իսկ ինչո՞վ էր զբաղված այդ ժամանակ Տերյանը: Նա ցանկացել է թարգմանել Լենինի գործերից մեկը: Երբ Մյասնիկյանը գալիս, տեսնում է Տերյանին, հեռանալով` գրում է. «Ես նրա դեմքին մահվան ստվերը տեսա»: Կնշանակի, նրա նորմալ աշխատանքային ժամանակահատվածից պետք է հանել առնվազն մեկուկես (եթե ոչ ավելի) տարի: Այդ դեպքում՝ քանի՞ տարի է ապրել ֆիզիկապես 35 տարի ապրած Տերյանը:
   Ուրեմն, 1916 թվականի սկզբին, գնում է մի գյուղ, որտեղ բնակվում էր Մաքսիմ Գորկին: Նրանք միասին պետք է աշխատեին «Պեպոյի» թարգմանության վրա: Տերյանն այդտեղից Մակինցյանին նամակ է գրում, եւ ասում, թե ինքը շատ ուժեղ հազում է, այն աստիճան, որ գիշերները չի կարողանում քնել, սա ի՞նչ է նշանակում, չգիտե՞ս: Այն տոնով է դիմում, կարծես Մակինցյանը բժիշկ է: Մակինցյանը նրան պատասխանում է` թե երեւի շատ ես ծխում, ինչքան եմ ասել` թո՛ղ ծխելը:
   -Մակինցյանի մասին համապատասխան գրականության մեջ տեղեկացվում է. ծնվել է Ագուլիսում, մահացել է 1938 թվականին, սակայն պարզ չեն մահվան եւ հուղարկավորության վայրերը: Դատելով դրանից, կարելի է ասել` նա դարձել է ստալինյան ռեժիմի զոհը:
   -Այո, հորս գնդակահարել են 1938 թվականին, ընդ որում, շատ ծանր վիճակում: Մակինցյանի հետ նույն խցում նստած մի մարդ, դուրս գալուց հետո, ամեն ինչ մանրամասնորեն պատմել է ինձ:
   Նրան ներկայացվել էին տրաֆարետային մեղադրանքներ` լրտեսություն, տրոցկիզմ եւ նման բաներ: Դրանից հետո, մայրս ամեն օր սպասում էր, որ գալու են իրեն էլ տանեն: Մայրս Վաղարշ Վաղարշյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել այն հարցի շուրջ, որ եթե իրեն ձերբակալեն, ապա այդ մեծ դերասանն ինձ որդեգրելու էր: Մենք այդ օրերին նստած թղթեր էինք վառում, եւ ինչ եք կարծում` ո՞ւմ ստեղծագործություններն էինք այրում` Չարենցի... Մեր վիճակը ավելի կբարդանար, եթե մեր տանը գտնեին Չարենցի ստեղծագործությունները:

ՕՄԱՐԻ ԽԵՉՈՅԱՆ

close