ՃԱՀԻՃԸ ԲՆՈՒԹԱԳՐՎՈՒՄ Է ԱՆՀԱՏՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ

  Armenian Russian English

   Մեզ նահապետներ են պետք
  
   Հարցազրույց հրապարակախոս, թարգմանիչ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ
  
   -Պարոն Հովհաննիսյան, այն իրականության մեջ, որ այսօր ապրում ենք (ինչպես Հենրիկ Հովհաննիսյանը կասեր՝ «մեր շուրջն ամայություն է» հոգեւոր առումով), թվում է, հենց հիմա է հրապարակախոսության ժամանակը։ Ինչո՞ւ է լռել հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը։
   -Թարգմանությունն ինձ կլանել է այնպես, որ չեմ կարողանում ազատ ժամանակ գտնել իմ մյուս կոչմամբ, թե մասնագիտությամբ զբաղվելու համար։ Եւ կարոտում եմ։ Բացի դրանից, ինչ-որ բաներ դեռ պետք է երկար խմորվեն իմ մեջ, որպեսզի պոռթկամ։ Չեմ սիրում հենց այնպես գրել։ Եթե գրում ես, գրիր այնպես, որ ե՛ւ դու վառվես, ե՛ւ ընթերցողը։
   -Մանավանդ նաեւ բառը այնպես է արժեզրկվել։
   -Օ՜, իսկ ես բառի հանդեպ ունեմ ոչ միայն ակնածանք, պաշտամունք, այլեւ տառապագին վերաբերմունք։ Բառն ինձ համար ամեն ինչ է։ Բայց ես ձեռքերս ծալած չեմ նստում։ Վերջերս երեք գիրք լույս տեսավ իմ թարգմանությամբ՝ Դոստոեւսկու «Դեւեր», «Գրառումներ մեռյալ տնից» եւ Բուլգակովի «Սպիտակ գվարդիան»։
   -Այնուհանդերձ, թարգմանական գործին զուգահեռ, «վառվելու» շատ պատճառներ կան, ուստի հրապարակախոսը չէր կարող մտահոգություններ չունենալ։ Խոսքը, իհարկե, հերթապահ մտահոգվելու մասին չէ։
   -Անշուշտ մեր մշակույթի վիճակն ինձ անհանգստացնում է։ Ոչ թե սոսկ անհանգստացնում է, այլ մտահոգում է, տագնապեցնում, մտրակում։ Իսկ հերթապահ անհանգստությունը թողնենք պատգամավորներին, իշխանավորներին։ Տագնապեցնող շատ բան կա, իսկ այդ ամենին մեկիկ-մեկիկ անդրադառնալը, անշուշտ, մեր պարտքն է։ Մեր պարտքը, կոչումը եւ անելիքն է։ Եւ, ըստ երեւույթին, ձեր այս՝ պահանջելու պես խնդրանքը, կդրդի ինձ, որպեսզի առաջիկայում մի քանի հրապարակախոսական հոդվածներ տպագրեմ, որոնք կառնչվեն մշակութային-քաղաքակրթական հարցերին, խնդիրներին, կնճիռներին, վթարներին եւ դարանակալ վտանգներին։
   -Այսօր, երբ ակնհայտ է, որ մեր երկիրը վերածվել է կեղծ արժեքների թափոնատեղիի, գուցե հիմա՞ նշեք, թե որոնք են այդ դարանակալ վտանգները։
   -Անշուշտ այդպես է։ Ինձ համար ցավ է, որ «Դեւերը» լույս է տեսել 500 օրինակով, իսկ «Գրառումներ մեռյալ տնից»-ը, որ պետպատվերով է, 400 օրինակով։ Դա տպաքանակ չէ, այլ ծաղր։
   -Նույնքան տպաքանակով էլ բազմաթիվ գրքեր են հրատարակվում, որոնք ձեր գրչընկերների գնահատմամբ, հիմնականում «աղբ» է։ Ծանո՞թ եք դրանց։
   -Եւ ձեր նշած այդ «աղբն» է վաճառվում։ Իսկական գրողները, ում ես հարգում եմ, գիտեմ, իրենց հին, նախկին, ուրեմն եւ ճիշտ ելակետերի, դիրքորոշումների վրա են։ Ինչ վերաբերում է գրչակներին, ապա նրանց ոչ կյանքն է ինձ հետաքրքրում, ոչ գրածը, ոչ արտադրանքը։ Ոչ մեկին ծանոթ չեմ եւ շատ տարօրինակ կլիներ, եթե ծանոթանայի այդ որակին։
   Կարծում եմ, որ սա երկար չի տեւելու։ Ընդհանրապես գուշակություններ անելը անշնորհակալ գործ է, բայց որ այս վիճակը այսպես չի մնալու, վստահ եմ։ Երբ կլինի այդ բեկումը, երբ կարթնանա մարդու մեջ արժանապատվությունը, իր ունեցածին տեր կանգնելու, իր ունեցածը բազմապատկելու, ազգային հողի վրա իր մշակույթը շքեղացնելու, հարստացնելու ցանկությունը, դժվարանում եմ ասել։ Եւ կա մի ուրիշ վտանգ։ Յուրաքանչյուր լճացում ինչի՞ է բերում։ Ճահճի, որտեղից միայն գարշահոտություն է տարածվում եւ գորտերի կռկռոց։ Այս վտանգը պաշարել է մեզ եւ այս լճացումը, անշուշտ կբերի, կհանգեցնի դրան։ Կամաց-կամաց մոտենում ենք այդ ճահճային գարշահոտությանը, նրա անխուսափելի բնակիչներին։
   -Ինչո՞վ է բնութագրվում ճահիճը։
   -Անհատների բացակայությամբ։ Մի անգամ ասել եմ, որ մեզ նահապետներ են պետք հասարակական գիտակցության համար։ Մեր մշակութային գիտակցությունը տեղը բերելու համար հարկավոր են վարպետներ եւ հավատավորներ։
   Վերջին 15 տարվա ընթացքում իմ ոչ մի թարգմանության համար ոչ մի լումա չեմ ստացել։ Այլանդակություն է։ Ընդամենը շնորհակալ եմ, որ այս կամ հրատարակչությունը, կազմակերպությունը ստանձնում է տպագրությունը, որ տեսնում եմ իմ աշխատանքը տպագրված։ Միայն այդ բարոյական վարձատրությունն է։ Եւ չեմ կարող պարտադրել մեկ ուրիշի, որ ինքն էլ այդպես վարվի, չեմ էլ կարող գտնել մեկին, որ կհամաձայնի դրան։
   -Բայց կոչումներ, շքանշաններ մրցանակներ ստանալուն կհամաձայնի։
   -Ես շքանշաններ, կոչում չեմ ստացել, չեմ էլ պատրաստվում ստանալ։ Իմ միակ շքանշանը Ռուսաստանի Դաշնության շքանշանն է, որով հպարտ եմ, գոհացած եւ բավարարված։ Պետությունից իմ ակնկալիքն այն է, որ հաստատվի ընդհանուր մշակութային քաղաքականություն։ Այդ դեպքում շատ խնդիրներ, այդ թվում նաեւ իմ խնդիրներն են լուծվում։ Ըստ որում, գնալով այդ մրցանակների բաղադրությունը դառնում է շատ կասկածելի։ Երկմտություն է առաջացնում, որովհետեւ մրցանակի են արժանանում գործեր, որոնք նորմալ պայմաններում մակուլատուրայի արժեք կունենային։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ մրցանակ տվողներն էլ ընտրելու հնարավորություն չունեն։
   -Այսինքն՝ ընտրություն է կատարվում վատի եւ վատագույնի միջեւ, այդ դեպքում գրական չափանիշների հաստատման խնդիրը չի՞ առաջ գալիս։
   -Միայն գրականության գործիչները, գրողների միությունը տվյալ պարագայում իր վրա այդ մեղքը չի կարող վերցնել։ Նա նույնպես կտոր-կտոր է լինում, նույնպես հնարավորը անում է, անհնարն էլ է անում։ Սակայն դա շատ քիչ է։ Շուտով մեր համագումարն է, եւ այնտեղ երեւի ավելի հիմնավոր ու բազմակողմանի խոսակցություն կընթանա այդ ամենի մասին։ Վստահ եմ։ Այնպիսի մի անուղղելի հավատավոր եմ, որին այլեւս ոչինչ չի կանգնեցնի։ Պետք է թարգմանեմ, գրեմ, պիտի անեմ՝ կվճարեն, չեն վճարի, կընթերցվի, չի ընթերցվի։ Գիտեմ, որ թարգմանում եմ բարձրարժեք գրականություն, որոնցից յուրաքանչյուրը, ինչպես ձեր զրուցակիցներից մեկի ասածի պես, դառնում է հայ գրականության փաստ։
   Ահավասիկ՝ «Դեւերը»։ Դա, կրկնում եմ, մի դասագիրք, վեպ է, ուսուցանող վեպ է։ Որովհետեւ այսօր մեր շուրջ շատ կան այդ դեւերից։ Եւ դրանք են այսօր գերիշխում ու իրենց սեւ գործն անում՝ մղելով տարբեր կասկածելի հեղաշրջումների զուտ իրենց ներքին պահանջները բավարարելու համար։
   Ժողովրդին հրապարակ հանելը, ժողովրդին խոստումներով խաբելը, հուսախաբ անելը, նրանց այլեւս ոչ հուզում է, ոչ հետաքրքրում, ոչ էլ անհանգստացնում։ Անհավատ մարդը, անչափանիշ մարդը չունի արգելակներ, բարոյական զսպանակներ, որոնք թույլ չեն տա նրան գնալ այդ տեսակի աղտեղությունների։ Եւ այս վեպը, ահա, 500 օրինակով լույս տեսած այդ վեպը, սա այս բոլոր տեսակի մարդկանց մասին է։ Բոլոր ժամանակաշրջաններում մշակույթի գործիչը, մշակութային-քաղաքակրթական ասպարեզում բանողը (որովհետեւ դա ծանր աշխատանք է՝ նման սեւագործ բանվորի աշխատանքին) պետք է ունենա ինչ-ինչ խթանիչ գործոններ, որոնք չկան այսօր։ Այդ գործոնները տրամադրողը թե՛ պետությունն է, թե՛ հասարակությունն է։
   -Երկուսի դեպքում էլ խթանիչներ տրամադրելու ցանկություն չկա՞։
   -Ամենեւին, հանգիստ իրենց համար ապրում են։
   -Ինչպե՞ս, երբ դեւերը շատանում են, ավելին՝ գուցե խիստ հնչի, բայց չէ՞ որ այդպիսով հասարակությունը գնալով ավելի է վայրենանում։
   -Մեզ պաշարած բոլոր-բոլոր վտանգներից, որոգայթներից ամենագլխավորը հենց դա է։ Եւ սա ինձ բերում է մի համոզման, որ սեւ ձեռքեր են դրանք անողները, ինչ-որ մեկի կամքն է դա (պարտադիր չէ որ մեր երկրից լինի)։
   -Այս ամայության շրջանը նույնիսկ օրինաչափ համարենք։ Ի վերջո, ե՞րբ կշտկվի վիճակը։
   -Միշտ էլ եղել են այսպիսի ցուցարարներ, այսպիսի խցանումներ։ Բուլգակովն է ասում՝ խցանումը կոյուղու մեջ չէ, մարդկանց ուղեղներում է։ Երբ մարդկանց ուղեղներում խցանումը կվերանա, այդ դեպքում կառաջանա նաեւ ստեղծագործող ուղեղի պահանջ։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

close