ԵՎ ԿԵՐԳԵՆՔ ԴՐՈՇԸ ՁԵՌՔՆԵՐԻՍ

  Armenian Russian English

   Էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար
  
   Օրերս ամփոփվեց Երեւանի քաղաքապետարանի հայտարարած Երեւանի դրոշի ընտրության մրցույթը, երկու օրից կամփոփվի նաեւ օրհներգինը
  
   Արդեն իսկ հստակ են առաջին երեք հաղթողների անունները՝ Կարապետ Աբրահամյան-Կարապետ Փաշյան դիզայներ-նկարիչ զույգը առավելագույն ձայներն է հավաքել։ Նրանց առաջարկած դրոշը սպիտակ է, մեջտեղում ամփոփված է Երեւանի զինանշանը, որն օղակել են Հայաստանի 12 մայրաքաղաքները։
   Նկատենք, որ հանձնաժողովի անդամների կողմից երկրորդ մրցանակի արժանացած, Թերլեմեզյանի ուսումնարանի դասատու Հասմիկ Մանուկյանի առաջարկներում (որոնք ամենաշատն են եղել) հիմնականում եռագույնն է իշխում եւ դարձյալ կենտրոնում Երեւանի զինանշանն է։
   Երրորդ մրցանակին արժանացած Աշոտ Համբարձումյանը («Մհեր Մկրտչյան» թատրոնի նկարիչն է) բազմաթիվ զինանշանների ու լոգոների հեղինակ է, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի խորհրդանիշը եւս նրա հեղինակածն է։ Նա արդեն իսկ համադրել է իր ստեղծած դրոշը եւ մեր եռագույնը ու գտնում է, որ իր գործը «ե՛ւ աշխարհի մայրաքաղաքների կողքին պակաս չէ, ե՛ւ եռագույնի հետ գեղեցիկ է պատկերանում»։
   Պարզվում է՝ Երեւանի քաղաքապետի ձայնը (նա հանձնաժողովի նախագահն է) վճռորոշ է եղել, քանզի մինչ նրա ընտրությունը, ձայների առավելագույն քանակ Հասմիկ Մանուկյանի առաջարկն է ստացած եղել։ Երեւանի քաղաքապետը իր ստորագրությամբ հաստատելով կատարած ընտրությունը, ձայների հարաբերակցությունը փոխել է հօգուտ Աբրահամյան-Փաշյան զույգի։
   Ընդհանուր առմամբ, Երեւանի դրոշի մրցույթին մասնակցել է 118 մարդ, ներկայացվել է 162 առաջարկ։ Սրանցից 60-ը պարզապես 0 միավոր են ստացել, ինչը նշանակում է՝ անհեթեթ ու զավեշտական առաջարկների պակաս չի զգացվել։ Հանձնաժողովի քարտուղար Գ.Բաղդասարյանի ներկայացմամբ, այդպիսիների շարքում բազմաթիվ էին կենդանիների պատկերներով դրոշները։ Ընդ որում, կենդանիներ, օձ, ուղտ, արջ եւ այլն, որոնք ոչ մի կապ չունեն մեզ հետ, չեն հանդիպել ոչ հայկական հեքիաթներում, ոչ բանահյուսության մեջ։ Եղել են նաեւ բազմագույն գորգեր հիշեցնող դրոշներ, որոնք իրենց գունապնակով, թերեւս, սազ կգային քրդա-եզդիական դրոշ լինելու, բայց ոչ երբեք Երեւանի։
   Գ.Բաղդասարյանի մատուցմամբ, ներկայացված առաջարկությունների աշխարհագրությունը բավական մեծ է. այն ընդգրկում է ե՛ւ Հայաստանի մարզերը, ե՛ւ հայկական Սփյուռքը։
   Դրոշի առաջարկ ներկայացրածների մեջ ամենակրտսերը 12-ամյա մի աղջնակ է եղել՝ Անի Ղուկասյանը, որը սովորում է Պուշկինի դպրոցում։ Նրա պատկերացմամբ, Երեւանի դրոշը սեպագիր արձանագրություններ պիտի ներառի (նա հենց այդպես էլ պատկերել է՝ դիմելով հնագետի օգնությանը)։
   Ինչեւէ, Երեւանի դրոշի մրցույթն ավարտված է եւ մնում է առաջին տեղը գրաված առաջարկությունը ներկայացնել Երեւանի խորհրդի դատին (Երեւանի քաղաքապետ + 12 թաղապետեր)։ Խորհուրդը, ի դեպ, կարող է նաեւ չընտրել առաջին տեղը նվաճած աշխատանքը՝ նախապատվությունը տալով երկրորդ կամ երրորդ տեղը գրավածին կամ... պարզապես դրանցից ոչ մեկը կարող է չարժանանալ Երեւանի դրոշը դառնալուն։
  
   ԿԴԱՌՆԱ՞ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԸ» ԵՐԵՎԱՆԻ ՕՐՀՆԵՐԳ
  
   Երեւանի խորհրդանիշերից մեկն էլ Երեւանի օրհներգն է, որը նույնպես քաղաքապետարանը ցանկանում է Երեւանի օրվան նվիրված միջոցառումներն ուղեկցող խորհուրդների ցանկում լինի։ Այդպիսով, զինանշան (որ արդեն ունի) եւ գուցե դրոշ ու օրհներգ կունենա քաղաքը։
   Շատերի կարծիքով՝ օրհներգ մենք արդեն ունենք։ Այն է՝ Էրեբունի-Երեւանի 2750-ամյակին հնչած Էդգար Հովհաննիսյանի եւ Պարույր Սեւակի երգը։ Գ.Բաղդասարյանի հավաստմամբ. «Ճիշտ է, դա մեծ ժողովրդականություն է վայելում, բայց օրհներգ չէ»։
   Ըստ Գ.Բաղդասարյանի, այս երգը եւս մրցութային առաջարկների մեջ կա. «Բայց մենք բոլոր առաջարկներին ըստ կարգի պետք է գնահատական տանք, եւ լավագույնը կարող է լինել նաեւ «Էրեբունի-Երեւանը»։ Օրհներգի առաջարկները, երեկվա դրությամբ, 22-ն են։ Չի բացառվում, որ այսօր շատ առաջարկներ լինեն. «Մեր սովորության համաձայն, հիմնականում վերջին օրն են ներկայացնում։ Կանոնակարգի համաձայն, փաթեթը պետք է բովանդակի ե՛ւ խոսքերը, ե՛ւ նոտագրված տեքստը, ե՛ւ ձայնագրությունը։ Այն փաթեթը, ուր դրանցից որեւէ մեկը պակաս է եղել, բաց վիճակում թողել եմ, որովհետեւ եղել են կոմպոզիտորներ, որ ներկայացրել են միայն բանաստեղծությունը, եղել են բանաստեղծներ, որ ներկայացրել միայն տեքստը»,- պատմում է Գ.Բաղդասարյանը։
   Ի դեպ, հանձնաժողովի անդամների մեջ եւս կան առաջարկություն ներկայացնողներ։ Պրոֆեսիոնալների (մեր ժամանակակից բանաստեղծների եւ կոմպոզիտորների) կողքին շատ են նաեւ սիրողական առաջարկները։ Հետաքրքիրն այն է, որ Երեւանի օրհներգի առաջարկություն են արել ոչ միայն երեւանցիները։

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

close