ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՋ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

  Armenian Russian English

   «Հայոց Աշխարհ»-ն իր սկսած նախաձեռնություն-ընթացքը շարունակում է «Միասնության շուրջպարի» 160 կմ եզրագծով։ Երեկ մեր թղթակիցները հյուրընկալվեցին Արագածոտնի մարզի Ոսկեվազ եւ Ուջան գյուղերում։
  
   ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳԱՂՏՆԻՔԸ
  
   «Խոյեցի ենք մենք, տղա ջան, մեր ապուպապերը 1828թ. Խոյից եկել են ու հաստատվել այստեղ։ Ասում են՝ սկզբում 28 ընտանիք է եղել, իսկ հիմա, ինչպես տեսնում ես, մեծ գյուղ ենք։ Մոտ 4500 բնակչություն ունենք»,- պատմության ուսուցչի նման, ասես դպրոցում, Ոսկեվազը ներկայացնում է Գուրգեն Խաչատրյանը, որ վեցերորդ տասնամյակն է շուտով բոլորելու։ Իսկ նրա համագյուղացի Գուրգեն Ավետիսյանը, որ իսկապես ուսուցիչ է եղել ժամանակին, լրացնում է. «Ինչպես մեր հայրերն ու պապերը, մենք էլ տասնամյակներով զբաղվել ենք այգեգործությամբ։ Մեր նախնիները Խոյից գաղթելով ու հաստատվելով այստեղ, հիմնել են խաղողի այգիներ, ստեղծել են հանրահայտ «Ոսկեվազ» գինին, որի անունը տարածվել է ողջ աշխարհում»։
   Եւ ամեն մի զրուցակից, երբ խոսք է բացվում Մայիսի 28-ին նաեւ իրենց գյուղի մոտով անցնող «Միասնության շուրջպարին» մասնակցելուց, նկատում է, որ հատկապես երիտասարդները այդ նախաձեռնությունից ոգեւորված են։ Նշում են, որ արդեն հազարից ավել մարդ է ցուցակագրվել մասնակցելու համար, որովհետեւ՝ «միասնությունը մեծ գաղափար է», ու եթե այն ընդգծվում է նման նախաձեռնությամբ ու մասնակցում է ժողովուրդը, ապա՝ «մենք էլ ժողովրդի մի մասնիկն ենք ու միասնության գիտակցումը մարդկանց մեջ պետք է լինի»։
   Բահն ուսած, փոքր սղոցը ձեռքին, դեպի այգին շտապող Գրիգոր Գրիգորյանը միառժամանակ մեզ կտրում է այս պատմախոհական դիտարկումներից՝ վերադարձնելով առօրյա հոգսերին. «Էս է մեր կյանքը։ Գարունը կաշխատենք, կտանջվենք, հետո ջուրը չեն տա, եղածը կչորցնենք, կվերջանա։ Ջրի գործը լուրջ է...»։
   Համագյուղացիներից մեկը դա հաստատելով՝ հընթացս մեղմում է. «Հոգս ու ցավը միշտ էլ կա։ Գյուղացու հոգսը հո չի՞ պակասում։ Ամեն ժամանակաշրջան իր հոգսերն ունեցել է։ Մեր ժամանակաշրջանի հոգս ու ցավն էլ այն է, որ մեկը վարուցանքի գործիք չունի, մեկը՝ պարարտանյութ, մյուսը՝ սերմացու, հազար ու մի բան կա։ Բայց, ի վերջո, կամաց-կամաց ամեն մեկը մի ելք գտնում է։ Մեր ոսկեվազցիները աշխատասեր ժողովուրդ են, ազնիվ, համեստ ու հյուրասեր։ Սա ոսկեվազցիների ու Ոսկեվազի յուրահատկությունն է»։
   Անհնար էր անտարբեր հետեւել գյուղի կենտրոնում ժամանակին բարձրացված Մեծ հայրենականում զոհված ոսկեվազցիների հուշակոթողի մոտ հաջորդ պահին մեր նկատած տեսարանին։ Տարեց մի տատիկ, թոռան ձեռքը բռնած, մոտեցավ հուշարձանին, սպիտակ մեխակներ դրեց եւ մնաց կանգնած՝ թերեւս հուշերի մեջ։ Նկատելով, որ լուսանկարում եմ, խեղճ կինը մի պահ շփոթվեց։ Բայց քիչ անց վերագտավ իրեն ու զրույցի բռնվեցինք։ Արաքսի Կարապետյանը, որ արդեն 83 տարեկան է, շատ լավ է հիշում անցած պատերազմի արհավիրքները։ Նրա երկու եղբայրն ու ամուսնու եղբայրը չեն վերադարձել այդ պատերազմից։
   Կողքից ոսկեվազցի Սիմոն Սիմոնյանը ասում է, որ ընդհանրապես Ոսկեվազից 350 մարդ է մեկնել ռազմաճակատ, 160-ը զոհվել է։ Այս գյուղից է նաեւ Սովետական Միության հերոս Սուրեն Սարգսյանը։ Ճիշտ է, նա հիմա Երեւանում է բնակվում, բայց ժամանակ առ ժամանակ այցելում է հայրենի գյուղ։ Իսկ Ոսկեվազում նրանով իրավամբ հպարտանում են։ «Հիմա էլ թոռս՝ Զավենը, ծառայում է մեր Հայոց բանակում,- ասում է Արաքս տատն ու ավելացնում,- շատ լավ է ծառայում։ Ես մենակ մի բան կուզեմ, որ թոռս պատվով ծառայի, վերադառնա, երկիրը խախանդ լինի, աշխարհն էլ խաղաղ...»։
   Գյուղի անաղմուկ անցուդարձի մեջ հանկարծ երաժշտական ելեւէջներ են լսվում։ Պարզվում է՝ այստեղ կարողացել են պահպանել դեռ խորհրդային տարիներին կառուցված արվեստի դպրոցը։ Ու թեպետ շենքը ակնհայտորեն վերանորոգման կարիք ունի, բայց դպրոցը գործում է, շուրջ 100 երեխա է այցելում այստեղ՝ հաղորդակցվելով մեծ երաժշտության գաղտնիքներին։
  
   ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀԻՇԵԼՈՒ
   ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
   Ուջանը Հայաստանի թերեւս ամենահայտնի գյուղերից մեկն է։ Ու հայտնի է ոչ միայն նրանով, որ 90 տարի առաջ թուրքական յաթաղանից մի կերպ փրկված սասունցիների բեկորների վրա է ստեղծվել, վերստին հասակ առել ու շենացել Արագածի լանջին փռված այս գյուղը։ Ուջանը հայտնի է հատկապես նրանով, որ խորհրդային տարիներին, այն էլ 60-ականների վերջին այստեղ գյուղացիները կարողացան այնքան միասնական լինել, որ ի հեճուկս այն ժամանակվա իշխանությունների, գյուղի կենտրոնում բարձրացրին զորավար Անդրանիկի արձանը։
   Եւ բնական է, որ Ուջանի մասին մեր այս հպանցիկ ակնարկի բուն առանցքը հենց այդ պատմությունն է։ Ինչպե՞ս է եղել։ Ուջանցի Վանիկ Խաչատրյանը տարիների հեռվից հիշելով ու համագյուղացիների օգնությամբ փոքր մանրամասները վերականգնելով, պատմում է. «Մեր գյուղում մի բժիշկ կար։ Այն ժամանակ, ավելի ճիշտ, ուսանող էր՝ Հարություն Հարությունյանը։ Նա մտահղացավ Անդրանիկի արձանը դնելու գաղափարը։ Ընկավ տնետուն, մարդիկ գումար հանգանակեցին՝ ով ինչքան կարող էր։ Արձանը պատրաստեց քանդակագործ Միքայել Ավետիսյանը։ Ցավոք, հիմա նա էլ չկա։
   Ու երբ գործը պատրաստ էր, գիշերով, որպեսզի ոչ ոք չնկատի, զորավարի արձանը լաֆետի վրա դրված բերեցինք, իսկ առավոտը տեղադրեցինք։ Ռայկոմից եկան, միլիցիայությունից, որ չթույլատրեն։ Բայց Ուջանի բոլոր հասակավոր, տարեց մարդիկ, որոնց մեջ նաեւ Անդրանիկի զինվորներն էին, եկան, արձանը շրջապատեցին, նստեցին։ Միլիցիան ի՞նչ պիտի աներ։ Թողեցին ու հեռացան։ Իսկ արձանը մնաց այստեղ՝ վառ պահելով Անդրանիկի հիշատակը»։
   Իսկ երբ Արագածի շուրջբոլորը Մայիսի 28-ին պար բռնելուն է խոսքը հասնում, ուջանցիներից մեկը բազմիմաստ նշում է. «Կմասնակցենք՝ հույսով...»։ Թե սասունցու ժառանգների հույսը որն է, թերեւս առանց ասելու էլ բոլորը գիտեն։
   Նույնքան օրինաչափ է, որ չնայած ամեն ինչին, Ուջանում ընդհանուր խոսակցությունները ոնց էլ պտտվեն, միեւնույն է, անդրադառնալու են էրգրի փոխանցված հիշողությանը։ Սիմոն Մկրտչյանը, որի խոսքերով, հայրը Տիգրանակերտից է եղել, մայրը՝ Սասնո Մոտկանից, մեր զրույցի վերջնամասում նկատում է. «Ինչքան որ սաղ ենք, մեր վրեժը պիտի պահենք։ Թե մենք չենք լինի, մեր որդիները կպահեն, մեր սերունդները»։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

close