ՁՈՐԱՂԲՅՈՒՐԻ ԽՆԴԻՐ. ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՊԱՆՔ ՉԷ

  Armenian Russian English

   Նախօրեին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Արարատ» ակումբի շվեյցարացի ղեկավարներին մեղադրեց Հայաստանի պետբյուջեին 1,5 մլն դոլարի վնաս հասցնելու մեջ։ Ըստ ֆուտբոլային պաշտոնյայի, հենց այդքան գումար չի մտել պետական գանձարան, երբ նշված մարդիկ դատարանի որոշմամբ սահմանվածից էժան գնով սեփականաշնորհել են Ձորաղբյուրի մարզաբազայի 30 հեկտար քառակուսի մետր տարածքը։ Բացի այդ, «Արարատի» ղեկավարությունը չի շտապում խոստացած միլիոնավոր դոլարների ներդրումները կատարել մարզաբազայում։ Ձորաղբյուրի մարզահամալիրը ժամանակին գտնվել է սպորտի պետական կառույցի տնօրինության ներքո։ Ստեղծված իրավիճակը, դրա նախապատմությունը «Հայոց Աշխարհ»-ի եւ «Առավոտի» թղթակիցներին տված բացառիկ հարցազրույցում պարզաբանում է սպորտպետկոմի նախագահ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ։
  
   -Ինչպե՞ս Ձորաղբյուրի մարզաբազան դարձավ «Արարատ» ակումբի ղեկավարների սեփականությունը։
   -2002թ. «Արարատ» ՖԱ-ն դիմեց սպորտի պետական կառույցին, որպեսզի Ձորաղբյուրի բազան վերանորոգման պայմանով, վարձակալության հիմունքով, հանձնենք իրենց։ «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Սիրկապ» ընկերությունները, որոնք հանդիսանում են «Արարատ» ՖԱ-ի սեփականատերերը, սկսեցին բանակցությունները, որն ավարտվեց 2002թ. հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրով։ Ըստ այդմ, պայմանավորվեցինք 50 տարի ժամկետով ամբողջ բազան վարձակալության տալ նրանց, պայմանով, որ 3 տարվա ընթացքում պետք է ներդնեն 1,5 մլն դոլարին համարժեք դրամ՝ մարզահամալիրը վերակառուցելու համար։ Այդ թվում՝ 2002թ. պետք է ներդրվեր 200 հազար դոլար (քանզի տարվա ավարտին քիչ էր մնացել), 2003թ. 700 հազար դոլար, 2004թ.՝ 600 հազար դոլար։ Բացի այդ, վերապահված է, որ ամբողջ մարզաբազան պետք է ծառայի միայն մարզական նպատակներին եւ չփոխի ընդհանուր ուղղվածությունը։ Շեշտեմ՝ պետք է ծառայի ոչ միայն ֆուտբոլին, այլեւ մյուս մարզաձեւերին, քանի որ պայմանագիր կնքող կողմը պարտավորվում է կառուցել նաեւ մյուս մարզադահլիճները։
   Պայմանագիրը կնքելուց հետո «Արարատ» ՖԱ-ի տերերը բավական երկար ժամանակ իրենց պարտավորությունները չէին կատարում եւ մի քանի անգամ զգուշացրինք, որ այդպես շարունակվելու դեպքում կարող ենք դադարեցնել պայմանագիրը։ Իրավիճակը մնում էր անփոփոխ, եւ հարցը զեկուցեցի վարչապետին։ Պայմանավորվեցինք, որ եթե այդպես է շարունակվելու, պայմանագիրը չեղյալ ենք համարում, եւ խնդիրը հանում օրակարգից։
   Դրանից հետո «Սիրկապ-Արմենիա» ՓԲԸ-ն պատճառաբանեց, որ աշխատանքները սկսելուն խոչընդոտում է քանդվելու ենթակա շենքերի պետության սեփականությունը հանդիսանալը։ Խոսքը վարչական շենքի եւ երկու հյուրանոցային համալիրների մասին էր, որոնց տեղում հիմնովին նոր կառույցներ էին ստեղծվելու, պահպանվելու էր միայն մանեժը (ծածկած մարզասրահը)։ Խնդիրն իրոք առկա էր, եւ այն 3 օրում լուծեցինք այդ երեք շենքերը «Սիրկապ» ընկերությանը ուղիղ վաճառքի միջոցով։ Իսկ 2003թ. դեկտեմբերի 10-ին նշված ընկերությունը պայմանագիր կնքեց արդեն կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ՊԳԿՎ) հետ եւ պարտավորվեց դրանից հետո անպայման քանդել հին, վթարային շենքերը եւ կառուցել նորը։ Բայց 2004թ. եւս ոչ մի շինարարական աշխատանք չկատարվեց։ Ի դեպ, ՊԳԿՎ-ի հետ պայմանագրում ամրագրվեց մեզ համար կարեւոր կետը, որ իբրեւ տույժ ներդրումների քանակը պետք է 1,5 մլն դոլարից ավելացնեն 2 միլիոնի։ Նրանք համաձայնեցին ,եւ դա արտացոլվեց նաեւ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 990 որոշման մեջ, որտեղ սահմանված է, որ «Սիրկապը» 2003թ. պետք է կատարի 400 հազար, 2004թ.՝ 600 հազար, 2005թ.՝ 500 հազար, 2006թ.՝ 500 հազար դոլարին համարժեք դրամի ներդրում։
   2004թ. մայիսի վերջին այցելեցի Ձորաղբյուր եւ այն, ինչ տեսա, տարօրինակ տպավորություն թողեց, շինարարների բազմությունը կարծես հատուկ հավաքվել էր իմ այցի առիթով։ Դա հաստատվեց 15 օր անց, երբ կրկին այցելեցի եւ ոչ մի շինարար չտեսա բազայում։ Այդ ժամանակ նախաձեռնեցի մի գործընթաց, որով ես եւ ՊԳԿՎ պետ Կարինե Կիրակոսյանը դիմեցինք դատարան՝ պահանջելով չեղյալ համարել «Սիրկապ» ընկերության հետ պայմանագիրը։ Բայց անսպասելիորեն այդ ընկերությունը ներկայացրեց փաստաթուղթ այն մասին, որ 2004թ. փետրվարի 9-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը առանց սպորտկոմիտեի, ՊԳԿՎ-ի եւ Զորաղբյուր գյուղական համայնքի ներկայացուցչի կայացրել էր դատական վճիռ, ըստ որի, մարզաբազայի ողջ 30 հեկտար տարածությունը վաճառել են «Սիրկապ» ընկերությանը։ Այդ որոշումը կայացվել է փետրվարին, բայց մենք դրա մասին, այն էլ պատահաբար, իմացանք միայն մայիսին։ Մեզ ժամանակին տեղյակ չէին պահել, այլապես կարող էինք 15-օրյա ժամկետում բողոքարկել քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում։ Խորհրդակցելով իրավաբանների հետ, անմիջապես դիմեցի հանրապետության գլխավոր դատախազին։ Բայց երբ գործը գնում էր նրան, որ առաջ եկած նոր հանգամանքների հիման վրա դատախազությունը պետք է միջնորդական բողոք ներկայացներ վճռաբեկ դատարան, որպեսզի բեկաներ դատարանի որոշումը, այդ ժամանակ մեզ դիմեց «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը։ Նա խնդրեց, որ դատարանով հաշտություն կնքենք առ այն, որ իրենք պարտավորվում են շտկել իրավիճակը եւ շատ արագ վերակառուցել բազան։ Մենք որոշեցինք վերջին հնարավորությունը տալ միայն մարզադահլիճների վերանորոգման մասով։
   Այդպիսով իրենք մինչեւ 2006թ. վերջը պետք է 2 մլն դոլարի ներդրումներով ավարտեն շինարարությունը։ Բացի այդ, պարտավորությունները չկատարելու համար դատարանը նրանց տուգանել է 60 հազար դոլարով, որը փոխանցվել է պետական բյուջե։ Իսկ մեր բողոքի` հողերին վերաբերող մասը մնում է ուժի մեջ, եւ մենք մոտ օրերս վճռաբեկ դատարանում կբողոքարկենք Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը։ «Սիրկապը» դիմել է մեզ մարզաբազա կառուցելու համար, իսկ հողը նրանց ինչին է պետք, անհասկանալի է։ Առավել եւս չեմ հասկանում, թե ինչո՞ւ է հողը վաճառվել առանց մեր գիտության։ Հողը միանշանակ պետք է վերադարձվի պետությանը։
   -Ըստ ձեզ, ինչո՞ւ են նրանք խուսափում ներդրումներից։
   -Չեմ կարող ասել։ Փորձել եմ հետաքրքրվել, թե նրանք ընդհանրապես անո՞ւմ են որեւէ այլ ներդրումներ։ Մի մասն ասում է, որ ինչ-որ բան անում են, իսկ մյուսները նշում են, որ նրանք սովոր են այդ տակտիկայով աշխատել՝ ոչինչ չանել։ Փաստ է միայն, որ առ այսօր ոչինչ չի արվել։
   -Այդ դեպքում ինչո՞ւ պայմանագիրն ընդհանրապես չեղյալ չհամարել։
   -Նրանք մի քանի ներդրումային ծրագրեր իրականացնում են հանրապետությունում։ Այս տարի նրանք ունեն ֆինանսական պարտավորություն, ու եթե մինչեւ տարեվերջ չկատարեն, էլի կարող ենք պայմանագիրը չեղյալ համարել։ Վերջին հնարավորությունը 2006թ. վերջն է։
   -ՀՖՖ նախագահը նշեց, որ Ձորաղբյուրի մարզաբազայում ինչ-որ ոսկու արտադրամասեր են դրվել։
   -Ռ.Հայրապետյանի մտահոգությունները ամբողջությամբ բաժանում եմ։ Անգամ ժամանակին քննարկել ենք մի տարբերակ, որ եթե այս անշնորհքությունը շարունակվի մինչեւ վերջ, ուղղակի միասին որեւէ ծրագրի շրջանակներում կարող ենք համագործակցել Ձորաղբյուրի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է արտադրամասին, ապա այդ տեղեկությունը ստանալով, մեկնել եւ տեսել եմ, որ ուղղակի վարչական շենքի 6 սենյակներում ժամացույցի ինչ-որ մասեր են հավաքում։ Բայց այդ ամենը, կոպիտ ասած, ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այն, որ մարզաբազան կառուցվի։ Այլապես Ձորաղբյուրը միանշանակ վերադարձվելու է։


close