ԳՐՈՀ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԴԵՄ

  Armenian Russian English

   Վերջին օրերին Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Թումանյան-Սաֆրազբեկյանը, հերթական գրոհն է սկսել... Հովհ.Թումանյանի թանգարանի դեմ։
  
   Ավելի ճիշտ՝ թանգարանի հին ու նոր տնօրինության դեմ, որոնց հասցեագրված մեղադրանքները, թոռնուհու կողմից Թումանյանի տան ներսում մթնոլորտը շիկացնելուն միտված փորձերը հազիվ թե նպաստում են թանգարանի հեղինակության բարձրացմանը։ Այս անգամ ինչո՞ւ է աղմկում Իրմա Սաֆրազբեկյանը։
   Առիթը հուլիսի սկզբին թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մցույթի արդյունքներն են։ Մրցույթի երեք մասնակիցներից հաղթող է ճանաչվել Նարինե Թուխիկյանը, որի թեկնածությանը դեմ է թոռնուհին։ Հանդես գալով տարբեր լրատվամիջոցներով՝ Ի.Սաֆրազբեկյանը զայրացած հայտարարում է, թե ինչո՞ւ պետք է տնօրեն նշանակվի մի մարդ, որը «անտեղյակ է թանգարանից», «մասնագետ չէ» եւ այլն։
   Մեր տեղեկություններով, Իրմա Սաֆրազբեկյանը նույնիսկ գրավոր դիմել է վարչապետին, խնդրելով հաշվի առնել իր կարծիքը եւ թանգարանի տնօրեն նշանակել մրցույթում պարտված թեկնածուին՝ ԳԱԱ գրականության ինստիտուտի գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանին։ Մինչդեռ մրցույթի հանձնաժողովը պնդում է, որ «մրցույթը ընթացել է անաչառ, բոլոր մասնակիցների համար նույն պայմաններով, եւ դրա արդյունքներով հաղթող ճանաչված մասնակիցը մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է թանգարանի տնօրեն»։
   Սակայն Ի.Սաֆրազբեկյանի համար, կարծես, անընդունելի է «մրցույթ» հասկացությունը եւ շարունակում է պնդել, որ պետք է տնօրեն նշանակվի իր նախըտրելի թեկնածուն։ Իսկ ընդհանրապես, նրա կարծիքով, թանգարանը պետք է ղեկավարեն Թումանյանի ժառանգները կամ բարեկամները։ Բացի այդ, թոռնուհին զբաղված է նաեւ նախկին տնօրենի՝ Վերժինե Մովսիսյանի 10-ամյա գործունեությունը սեւացնելու-մրոտելու գործով։ Եւ պահանջում է, որպեսզի Վ.Մովսիսյանը հեռանա թանգարանից։ Մինչդեռ մրցույթից հետո նախկին տնօրենը նշանակվել է թանգարանի փոխտնօրեն։
  
   «ՀԵՏՈ Ի՞ՆՉ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՆ Է»
  
   Երեկ մեզ հետ զրույցի ընթացքում զարմացած հարցրին թանգարանի աշխատակիցները, ավելացնելով, որ դա նրան իրավունք չի տալիս մշտապես լարված վիճակում պահել թանգարանը, նսեմացնել կամ չտեսնելու տալ այստեղ կատարվող աշխատանքը, անընդհատ բողոքել, բողոքել ու բողոքել։ «Նա միշտ էլ չի թաքցրել իր հավակնությունները եւ ակնհայտ է, որ ինքն է ուզում դառնալ տնօրեն։ Սակայն, նույնիսկ Թամար Թումանյանը իր մահից հետո որեւէ կտակ կամ գրավոր երաշխավորագիր էլ չի թողել, թե ցանկանում է իրենից հետո տնօրենի պաշտոնում տեսնել Իրմա Սաֆրազբեկյանին»,- նշեցին երեկ աշխատակիցները։
   Վերջիններս նաեւ նկատեցին, որ անգամ 2000թ., երբ նախարար Ռ.Շառոյանը հաստատել է թանգարանի գիտխորհրդի կազմը, ավելին՝ երկու անուն էլ հետագայում է ավելացրել, այդ կազմում չի ընդգրկվել Ի.Սաֆրազբեկյանը։ Իսկ երբ 1999-ին նույն նախարարի հրամանով Ի.Սաֆրազբեկյանը նշանակվել է տնօրենի խորհրդական, ամիսներ անց Ռ.Շառոյանը այդ պայմանագիրն էլ է չեղյալ հայտարարել։ Ի դեպ, նրանք ցույց տվեցին հրամանները։
   Այս օրերին թոռնուհին նաեւ սպառնալիքներ է տեղում, հայտարարելով, թե իր պահանջը չբավարարելու դեպքում, թանգարանային արժեքները հետ կվերցնի։ Մինչդեռ թանգարանի հիմնադրումից ի վեր Թումանյանների ընտանիքի կողմից «նվիրաբերված» արժեքները Հայաստանի կառավարությունը գնել է, իսկ թանգարանը պետական հաստատություն է, որի հիմնադիրը դարձյալ կառավարությունն է։ Այն էլ ասենք, որ երբ տնօրենի խորհրդականի պաշտոնից ազատվել է Ի.Սաֆրազբեկյանը եւ դիմել է դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով, դատարանը մերժել է նրա հայցապահանջը։
  
   «ՄԻ՛ ՄՏԵՔ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ»
  
   Թանգարանի աշխատակիցներին քիչ է ասել, թե ապշեցրել է Իրմա Սաֆրազբեկյանի այս կոչը, որը նա օրերս զետեղել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման նպատակով ստեղծված կայքէջերից մեկում։
   Թոռնուհու դրսեւորած նման վարքագիծը նրանց իսկապես զայրացրել է։ 15 աշխատակցով, ամսական 30-35 հազար դրամ աշխատավարձով, իրենք օր ու գիշեր (հատկապես նոր ցուցադրությունների նախապատրաստման շրջանում երկհերթ աշխատելով) ջանում են, որպեսզի թանգարանը հրապուրիչ դարձնեն այցելուների համար եւ ահա նման կոչ։
   «Իսկ որտեղ էր տիկին Իրման, երբ թանգարանի նկուղային հարկից, ուր կարիճներ ու առնետներ էին վխտում, մենք տոննաներով աղբ էինք հանում, բարեկարգում տարածքը։ Կամ ինչո՞ւ չէր մտածում, որ թանգարանի հիմնադրումից ի վեր Թումանյանի գրադարանի 8000 կտոր գրքերը մնացել էին անխնամ։ Վերջին տարիներին մեկ-մեկ տարել ենք Մատենադարան եւ վերականգնել դրանք»,- շարունակեցին պատմել մեր զրուցակիցները՝ ցույց տալով նաեւ միջոցառումների ծրագրերն ու հաշվետվությունները։
   Ի պատասխան թոռնուհու այն մեղադրանքի, թե «թանգարանում մենակ կոֆե են խմում, ոչինչ չեն անում»։
  
   ԱՐՁԱԳԱՆՔԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է
  
   Այսպես է կարծում թանգարանի նոր տնօրեն ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆԸ, որն ի դեպ, բացի հայկական բանասիրական կրթություն ունենալուց (ինչը մրցույթի պայմաններից էր), նաեւ կառավարման դասընթացներ է անցել Ամերիկյան համալսարանում։ «Պարզապես վստահ եմ, որ ամենաճիշտ արձագանքը իմ աշխատանքը պետք է լինի»,- երեկ մեր զրույցի ընթացքում, անդրադառնալով Ի.Սաֆրազբեկյանի այն պնդմանը, թե ինքն անտեղյակ է գործին, նշեց նոր տնօրենը։
   «Նախ կարեւորում եմ գիտական աշխատանքը, որը շարունակական պետք է լինի։ Թանգարանը ինքը պետք է պատվիրատու հանդիսանա գիտական աշխատությունների։ Հատկապես երիտասարդ գիտնականներին պետք է պատվիրի՝ նյութեր տրամադրելու նրանց եւ ազատություն տալով նրանց, չբռնանա Թումանյան վերլուծելու հարցում։
   Մյուսը՝ մշակութային ուղղությունը պետք է լինի։ Շատ հետաքրքիր ծրագրեր եմ մշակել եւ այդ հայեցակարգն եմ ներկայացրել մրցույթին։ Դրանք մշակութա-կրթական բնույթի են։ Ոչ միայն Թումանյան, ընդհանրապես արվեստի գործ քննելու վայր պետք է լինի սա։ Անպատճառ կլինեն գրական ընթերցումներ։ Այստեղ պահվում են Թումանյանի մասունքները, սակայն, մենք միայն դրանց պահակը չենք, պետք է կարողանանք դրանք նաեւ «խաղի մեջ դնել»։ Պետք է ամեն ինչ անել գրավիչ դարձնելու թանգարանը»,- բացահայտելով իր ծրագրերի որոշ մանրամասները՝ նշեց նոր տնօրենը։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

close