ԿՀԱՎԵՐԺԱՑՎԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ

  Armenian Russian English

   Նոր Նորք համայնքում, Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ տեղադրվել է 2006-ի մայիսի 3-ին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող։ «A-320» օդանավի վթարից զոհվածներին նվիրված հուշակոթողն իրականացրել է ճարտարապետ-քանդակագործ եղբայրների հեղինակային խումբը (ճարտարապետ Լեւոն, քանդակագործներ Սմբատ եւ Ռաֆիկ Մկրտչյաններ)։
   Երեկ մեր խնդրանքով քանդակագործ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ներկայացրեց հուշակոթողի ստեղծման մանրամասները։
  
   -Ողբերգությունից մեկ տարի անց, «A-320» օդանավի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող ստեղծելու նպատակով Երեւանի քաղաքապետարանը մրցույթ հայտարարեց։ Առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակների համար նախատեսված էր դրամական պարգեւ (համապատասխանաբար` 1500, 1000 եւ 500 դոլարին համարժեք դրամի չափով)։
   Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ավելի քան մեկ տասնյակ հեղինակներ։ Մենք եղբայրներով նույնպես մի քանի տարբերակ էինք ներկայացրել։ Եւ հանձնաժողովը որոշեց, որ մեր աշխատանքն է արժանի մրցանակի։
   Պատկերել ենք խորտակվող, կիսով չափ ջրում գտնվող օդանավ, որի վերջնամասում քանդակված են աղավնիներ՝ որպես երկինք բարձրացող հոգիների հավերժության խորհրդանիշ։ Հավանաբար մինչեւ տարեվերջ տեղի կունենա հուշակոթողի բացման արարողությունը։ Կարծում եմ՝ մեզ հաջողվել է ստեղծել թեմային համահունչ աշխատանք։ Հուշակոթողի բարձրությունը 5,5-6 մետր է։ Էսքիզներ անելիս բնականաբար օգտվել ենք օդանավի մոդելից, իսկ ընդհանրապես կոթողը երեք խոշոր քարերից է՝ ինչը նորություն է։
   -Պարոն Մկրտչյան, ձեզ համար դժվար չէ՞ր համատեղ աշխատանքը։ Որպես արվեստագետ, ի վերջո, տարբեր անհատականություններ եք։ Իսկ ցանկացած գործ ձեռնարկելիս մտահղացումը մեկն է լինում։
   -Ոչ։ Մենք եղբայրներով հիմնականում միասին ենք աշխատում։ Կոնկրետ թեմայի դեպքում բոլորս մեր մտահղացումները ներկայացնում ենք եւ համատեղ քննարկելուց հետո մնում է այն, ինչին բոլորս համաձայն ենք։
   Մենք 1993-2000թթ. աշխատել ենք Սիրիայում։ Համագործակցել ենք թե՛ հայ համայնքի, թե՛ արաբ քրիստոնյաների, թե՛ պետական օղակների հետ։ Եւ ստեղծել ենք տարբեր գործեր, որոնք տեղադրված են Սիրիայի տարբեր քաղաքներում։ 1995-ին Հալեպի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղադրվեց մեր աշխատանքը՝ Հայոց մեծ եղեռնի 80-րդ տարելիցին նվիրված հուշարձանը։ Դարձյալ Հալեպում, Քառասուն մանկանց եկեղեցու բակում, տեղադրված է իմ եւ եղբայրներիս համատեղ հուշակոթողը, որի պատվիրատուն նույնպես տեղի հայ համայնքն է եւ նվիրված է Տարոն աշխարհին։
   Դեր Զորի եկեղեցու Նահատակաց սրահում է տեղադրված մեր հարթաքանդակը։ Գործը ստեղծվել է Շիրազի բանաստեղծության հիման վրա եւ պատկերում է 1915-ին անապատ քշված հայ մանկանն ու մորը, որն անգամ այդ դժնի օրերին հայոց այբուբենն է սովորեցնում իր երեխային։ Արաբ քրիստոնյաների եկեղեցում էլ կան մեր գործերից։ Հալեպի գլխավոր հրապարակներից մեկում է տեղադրված Սիրիայի նախագահի բրոնզաձույլ արձանը, որն իրականացրել ենք տեղի կազմակերպություններից մեկի պատվերով։
   -Իսկ Հայաստանո՞ւմ։
   -Այստեղ էլ մեր գործերից կան, տարբեր հուշարձաններ ու խաչքարեր ենք ստեղծել՝ տեղադրված տարբեր վայրերում։ Ցավոք, մինչ օրս չի լուծվում հայ մեծ դերասանի՝ Մհեր Մկրտչյանի արձանի հարցը, որը նախատեսված էր տեղադրել Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի պուրակում։ Այս մրցույթում մենք նույնպես հաղթող ճանաչվեցինք։ Ճիշտ է՝ դերասանի արձանը կերտելու համար առաջին մրցանակի չարժանացանք, բայց մեր գործը շատերն էին հավանում։ Սակայն մեզ անհայտ պատճառներով արձանը չտեղադրվեց։
   Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ պետք է տեղադրվեր նաեւ մեր ստեղծած մեկ այլ աշխատանք, որը նույնպես նվիրված էր Հայոց ցեղասպանությանը։ Սակայն դեսպանատունը ինչ-ինչ պատճառներով, երկու տարի առաջ թույլ չտվեց հուշարձանի տեղադրումը։ Հիմա որոշվել է դեսպանատնից բավական հեռու, մեկ այլ տեղում դնել այդ հուշարձանը։ Հուսով ենք, որ կտեղադրվի։

Տ.ՂԱԶԱՐՅԱՆ

close