ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐՁԱՆԸ՝ ԱՊԱՐԱՆՈՒՄ

  Armenian Russian English

   «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ շաբաթ օրը, հոկտեմբերի 22-ին, Ապարան քաղաքի հրապարակում տեղի ունեցավ Տիգրան Պետրոսյանի հուշարձանի բացման արարողությունը։
   Դեռ մեկ տարի առաջ, «Նիգ-Ապարանը» որոշեց դիմել քաղաքապետարանին Ապարանի հրապարակը անվանակոչելու խնդրանքով։ Հայրենակցական միության անդամների համոզմամբ, իրենց հրապարակը կոչելու, առավել արժանի անուն, քան աշխարհահռչակ գրոսմայստերինն է, չկա։
   Իսկ անվանակոչումից հետո ծնվեց մեծ շախմատիստի արձանը նույնանուն հրապարակում տեղադրելու գաղափարը։
   Այնուհանդերձ, բացի ապարանցիներից, շատ քչերին է հայտնի, որ Տիգրան Պետրոսյանը ծնունդով ապարանցի է. «Չգիտեին, որովհետեւ Տիգրան Պետրոսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա ծնվել է Թբիլիսի քաղաքում։ Երբ որ մենք փոքր-ինչ հետազոտական աշխատանքներ կատարեցինք, պարզվեց, որ Տիգրան Պետրոսյանը ծնվել է Ապարանի հարեւան գյուղում՝ Մուլքի գյուղում։ Այնտեղ մինչեւ հիմա պահպանվում է տունը, ուր ծնվել է նա։
   Տիգրան Պետրոսյանը երկու տարեկան հասակում ծնողների հետ միասին Ապարանից տեղափոխվել է Թբիլիսի՝ մշտական բնակության։ Եւ փաստորեն, ծննդյան վկայական այստեղ չհանելով, մեկնել են Թբիլիսի, այնտեղ հանել ծննդյան վկայական որում նշվել է, թե նրա ծննդավայրը Թբիլիսի քաղաքն է»,- բացահայտելով աշխարհի ապարանցի չեմպիոնի կենսագրական մանրամասները, տեղեկացրեց «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, գլխավոր դատախազ ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։
   Եւ այսօր Տիգրան Պետրոսյանը, իր ծննդից 74 տարի անց, վերադառնում Է հայրենի բնօրրան, ճիշտ է կոթողային արտահայտությամբ, բայցեւ ընդմիշտ։ Հայ ժողովրդի տաղանդավոր զավակի հիշատակը հավերժացնելու գործը հրապարակի անվանակոչմամբ եւ արձանի տեղադրմամբ չի ավարտվում։ Ա.Հովսեփյանը վստահեցրեց նաեւ, որ այսուհետ միությունը Ապարանում կազմակերպելու է շախմատի ամենամյա մրցաշարեր, արդեն իսկ սահմանել է Տիգրան Պետրոսյանի անվան մրցանակ՝ մասնագիտական բուհը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների համար։ Ամենակարեւորը՝ Ապարան քաղաքում ստեղծվելու է Շախմատի դպրոց, եւ այդ նպատակով հայրենակցական միությունը արդեն գնել է արձանի հարեւանությամբ գտնվող քաղաքի նախկին հյուրանոցի շենքը։ Եւ արդեն գարնանը կսկսվեն պատմական հուշարձան հանդիսացող այս շենքի (նախագծել է Ա.Թամանյանը) վերակառուցման աշխատանքները։
   Ապարանյան հանդիսությանը ներկա էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, պաշտպանության նախարար ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն իր ելույթում ընդգծեց. «Տիգրան Պետրոսյանը միգուցե ավելի մեծ գործ կատարեց ոչ թե չեմպիոնությամբ, երբ իր բնագավառում հասավ գագաթնակետի եւ դարձավ շախմատի արքա, այլ որ առիթ դարձավ համաժողովրդական ցնծության։ Իմ կարծիքով, Հայրենական պատերազմից հետո հայ ժողովուրդը մի երեք-չորս առիթ է ունեցել ցնծալու։ Դա 1963 թվականն էր, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն, դա 1973 թվականն էր, երբ որ «Արարատը» դարձավ Սովետական Միության չեմպիոն եւ գավաթակիր, եւ դրանից համարյա 20 տարի անց, երբ որ հայ ժողովրդի հերոս զավակները գրավեցին Շուշին»։
   Ս.Սարգսյանը նշեց, որ 60-ականների կեսերից արդեն յուրաքանչյուր հայ սկսեց շախմատ խաղալ, յուրաքանչյուր հայ ընտանիքում շախմատը դարձավ սիրելի զբաղմունք, ինչը չէր կարող անարդյունք անցնել, եւ կարճ ժամանակ անց Հայաստանը դարձավ հզոր շախմատային երկրներից մեկը։
   Հիշարժան օրվա առիթով իր ուղերձն էր հղել աշխարհի շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահը, ինչին եւս ծանոթացան հանդիսության մասնակիցները։ Այստեղ էր նաեւ մեծ գրոսմայստերի անվանակիցը՝ շախմատի պատանիների աշխարհի չեմպիոն 19-ամյա Տիգրան Պետրոսյանը, որը «Նիգ-Ապարան»-ի հաղթական հնչյունների ներքո ջահը ձեռքին հրապարակը շրջանցելուց հետո մասնակցեց տեղում կազմակերպված միաժամանակյա սեանսին։
   Ի դեպ, ջահը, հուշատախտակի հետ միասին տեղադրվելու է Մուլքի գյուղի տան պատին, որը դառնալու է Տիգրան Պետրոսյանի տուն-թանգարանը։
   Ասենք, որ հինգուկես մետրանոց (պատվանդանով) բազալտե հուշարձանի հեղինակն է ճարտարապետ-քանդակագործ Միշա Մարգարյանը, որը շախմատի արքային կերտել է Տիգրան Մեծի թիկնոցով, ձեռքի տակ շախմատային ֆիգուրներ։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

close