«ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ» ԱՅԳԻՆ՝ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐ

  Armenian Russian English

   Անուրջների փոքրիկ օազիս Երեւանում՝ այսպես կարելի է հակիրճ ձեւակերպել Բաղրամյան պողոտայում, ճիշտ նախագահական նստավայրի դիմաց գտնվող պուրակը, որը երեւանցիների շրջանում հայտնի էր իբրեւ Պուշկինի այգի, իսկ հետայսու՝ «Սիրահարների» այգի։
   Ո՞վ կպատկերացներ, որ ակնահաճո եւ առինքնող այս կանաչ կղզյակը, որ դեռեւս մի քանի տարի առաջ փնթի եւ անխնամ, այգու համարումն իսկ կորցրած մի տարածքի էր վերածվել, այսօր պարզապես դրախտային վայր է դարձել։ Մարդու ձեռքով էր այգու այդ տխուր պատկերը ստեղծվել եւ մարդու ձեռքով էլ վերածնվել է։
   Զբոսայգու բացմանը ներկա էր նաեւ երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետը, այլ պաշտոնատարներ, մտավորականներ, պարզապես հայ մարդիկ, որոնց ուրախությանը չափ ու սահման չկար. մայրաքաղաքում կյանքի էր կոչվել այգի՝ զմրուխտ կանաչով պարուրված հոգեթով մի անկյուն, ուր կարող են անրջել թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, ուր կարելի է պարզապես նստել զրուցել (շատ են դժգոհում մեր քաղաքացիները, թե նստարանները միայն սրճարաններում են, ուր ամեն մեկը չէ, որ կարող է հաճախել), կարելի է զբոսնել, երաժշտություն լսել, հմայվել բնությամբ։
   Այգին բնապաշտության յուրօրինակ եւ կենդանի քարոզչություն է իր գեղեցիկ եւ ձեւավոր ջրավազաններով ու ջրվեժներով, արհեստական լճակով, ծառուղիներով ու կածաններով, քարե եւ կոճղե կոմպոզիցիաներով, փոքրիկ ու գողտրիկ կամրջակներով։
   Սիրահարների զբոսայգում ամեն ինչ հրապուրիչ է՝ նստարաններից սկսած, լուսատտիկ լապտերներով վերջացրած, իսկ թավշեկանաչ բլրակներն ուղղակի հեքիաթային մթնոլորտ են ստեղծում։
   Ընդհանուր առմամբ 1,6 հա զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքները իրականացվել են շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ Պիեռ Ռամբախի նախագծով։ Վերջինս, պարզվում է, արեւելյան պուրակ-զբոսայգիների բազում նախագծերի հեղինակ է, այս բնագավառում փորձառու մասնագետ։
   Այգու բարեկարգման ծրագրի հովանավորը «Պողոսյան» հիմնադրամն է, իսկ բարեկարգման աշխատանքների կազմակերպող-վերահսկողը «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Պ.Ռամբախի ներկայացմամբ, «այս նախագծում փորձ է արվել արտահայտել բնատարածքների բնական ձեւավորման գեղեցկությունն ու հմայքը։ Ծառուղիների ալեձեւ ուրվագծերի, խոտածածկ գոգավորությունների միջոցով էլ փորձել ենք ստեղծել քնքշության եւ զգայականության զգացում, իսկ տեղ-տեղ բնական բլրակների միջոցով էլ ազատության զգացումն ենք շեշտել։
   Ի վերջո, փորձել ենք ստեղծել մշակութային միջավայր ու մթնոլորտ, միաժամանակ մենավոր խորհրդածության խոկումի մի վայր, ուր քաղաքային իրարանցումից եւ աղմուկից ձերբազատվելով, կարող ես ունկնդրել բնության ձայները՝ ջրի խոխոջյունը, տերեւների խշշոցը։ Զբոսայգում իրենց հրաշալի կարող են զգալ եւ երեխաները՝ նրանց համար հատուկ խաղահրապարակ կա, եւ մեծահասակները` սիրահար զույգերից միջեւ տարեցներ, որոնց բոլորի համար այգին կդառնա ե՛ւ ժամադրավայր, ե՛ւ հանգստավայր, ըստ էության, վերածվելով սերունդների հանդիպման վայրի»։
   Նախագծի հեղինակը Պիեռ Ռամբախն է, իսկ նախագծի, այսպես կոչված, «գործադիր» ճարտարապետը Սարհատ Պետրոսյանը, որի ջանք ու եռանդով է պայմանավորված նախագծի իրականացման հաջողությունը։
   Հիմնադրամը, ի մասնավորի` Ալբերտ Պողոսյանը, իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ փայլուն այս նախագծի իրականացումը։ Նա հուսով է, որ «Սիրահարների» զբոսայգին կդառնա վայր, ուր արվեստի ամենատարբեր բնագավառների ներկայացուցիչները՝ երաժիշտներ, նկարիչներ, քանդակագործներ բացօթյա ամֆիթատրոնում կներկայացնեն իրենց ստեղծագործությունները, այսինքն՝ զբոսայգին կվերածվի նաեւ յուրօրինակ արվեստների խաչմերուկի։
   «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հավաստմամբ, «Սիրահարների» զբոսայգու շինարարական աշխատանքների իրականացումը տեւել է մեկուկես տարի. այն կյանքի կոչելու համար ծախսվել է շուրջ 1 մլն 300 հազար դոլար։
   Մի հավելում եւս. այգու պահպանության եւ շահագործման ծախսերը առաջիկա 17 տարիներին կիրականացնի «Պողոսյան» հիմնադրամը «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ, ապա այն կպահպանվի կառավարության բյուջետային միջոցների հաշվին։
   Ի դեպ, այգում ժամանակի ընթացքում կգործի ընդամենը մեկ սրճարան, որտեղ ոգելից խմիչքներ վաճառելը արգելված կլինի: Շահույթը կուղղվի այգու պահպանությանը եւ շահագործմանը։
   Այգին անվճար է, նրա դռները հանգստացողների եւ այցելուների առաջ բաց են վաղ առավոտից՝ 7։00-ից մինչեւ ուշ գիշեր։
   Հուսանք, որ երեւանցիները կգուրգուրեն, սիրով ու խնամքով կվերաբերվեն մայրաքաղաքային կյանքը գեղեցկացնող այս փոքրիկ կղզյակին, որը խորհրդանշական անուն ունի՝ «Սիրահարների» այգի։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

close