ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՍՊԱՅԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

  Armenian Russian English

   Օրերս հայերեն թարգմանությամբ լույս տեսած Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն. Համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքի առնչությամբ է մեր հարցազրույցը այդ թարգմանության ու հրատարակության կազմակերպիչ, հայտնի հասարակական գործիչ ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ
  
   -Ի՞նչ խնդիր է իր առջեւ դրել Ջոն Քոլեմանը։
   -Այս գրքից առաջ Երեւանում արդեն լույս է տեսել ամերիկյան քաղաքական գործիչ, պետական մրցանակների դափնեկիր Գարի Քահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գիրքը։ Հեղինակի հիմնական նպատակն է ԱՄՆ-ին ցույց տալ, թե մասոնական կառույցներն ինչ վտանգ են ներկայացնում ողջ մարդկության, ներառյալ Միացյալ Նահանգների համար՝ չխնայելով նրան։
   Դոկտոր Ջոն Քոլեմանը նույնպես, լինելով Մեծ Բրիտանիայի հետախուզության նախկին սպա, ցանկանում է փաստերով ու համոզչորեն ներկայացնել Անգլիային եւ ԱՄՆ-ին, ցույց տալ ու զգուշացնել, թե ինչ լուրջ վտանգ է սպառնում հենց այդ երկու խոշոր պետություններին, նաեւ ամբողջ աշխարհին։ Քաղաքական աղանդներ լինեն, թե կրոնական՝ դրանք շաղկապված են ու գործում են մարդկության դեմ։
   -Ըստ ձեզ, ո՞րն է աշխատության հիմնական արժանիքը։
   -Դա դժվար թե ավելի լավ կարողանամ ներկայացնել, քան ընթերցողին ուղղված իր խոսքում ձեւակերպել է գրքի թարգմանիչ Վարազդատ Ավագյանը։ Աշխատության գլխավոր արժանիքն իրոք այն է, որ հեղինակը 300-ի կոմիտեի գոյությունն ու դավադիր ծրագիրը բացահայտելուց հետո նշել է նրա հասցեն, տվել կոմիտեի անդամների, նրա նախկին եւ այժմ գործող, ինչպես նաեւ նրա անմիջական ազդեցության տակ գտնվող հիմնարկների, բանկերի եւ այլ կազմակերպությունների ցուցակները։
   Փողը կոմիտեի ձեռքում է։ ԱՄՆ-ի նախագահ Աբրահամ Լինկոլնը, որը քաղաքացիական պատերազմում ջախջախել է ստրկատերերի բանակը եւ վերացրել ստրկությունը, հետագայում թատրոնում բազմության աչքի առաջ սպանվել, իր ժողովրդին զգուշացնում էր. «Փողը կուտակվելու է մի քանի հոգու մոտ, եւ հանրապետությունը քանդվելու է»։
   150 տարի հետո հանրաճանաչ Բորիս Բերեզովսկին հայտարարել է. «Եթե ուզենք, հանրապետության նախագահ կընտրեն կապիկի»։ Այսինքն՝ Լինկոլնի կանխագուշակությունը կատարվել է։ Այնուամենայնիվ գրքի վերջին էջը ամերիկացի իր հայրենակիցներին ուղղված հեղինակի դիմումն է, որով նա 300-ի կոմիտեին դիմակայելու կոչ է անում։
   -Աշխատությունը գործնական օգտավետություն ունի՞։
   -Այո, դա վերահաս վտանգի նախազգուշացումն է՝ այդպիսով կանխելով դրա հանկարծահասությունը՝ անսպասելիությունը։ Համաշխարհային կառավարությունը վերահաս է, բայց ոչ հանկարծահաս։ Այն տարերային աղետ չէ, որին պատրաստ չենք եւ չենք կարող դիմակայել։ Ֆորս մաժոր՝ այնպիսի պարագա չէ, որը չի կարող կանխատեսվել, կանխվել կամ վերացվել, այսինքն՝ անհաղթահարելի խոչընդոտ չէ։
   Թարգմանչի հետ լիովին համամիտ եմ նաեւ այն հարցում, որ մարդուն խոցելի, անկարող, անպաշտպան է դարձնում անսպասելիությունը, անպատրաստ լինելը, մինչդեռ եթե մենք վտանգի մասին նախապես գիտենք, կարող ենք դիմակայել։ Ինչ-որ առումով մտածելու ժամանակ դեռ ունենք եւ կարող ենք որոշել անելիքներս։ Եղել են երկրների ղեկավարներ, որոնք կարողացել են 300-ի կոմիտեին ասել՝ ո՛չ։ Չե՛ն վախեցել, այսինքն՝ բոլորը չէ, որ խրտվիլակներ ու ծառաներ են, ազգերն առավել եւս այդպիսին չեն, պարզապես շատ բան կախված է նրանց ղեկավարներից։
   -Որո՞նք են լուսավորյալների (իլյումինանտների) հետ ամենասերտ առնչություններ ունեցող ու նաեւ «օլիմպոսցիներ» անունով հայտնի 300-ի կոմիտեի նպատակները, թեկուզ մասամբ հայտնի՞ են դրանք։
   -Այդ ընտրանու անդամները, այո, իրենց կոչում են նաեւ «օլիմպոսցիներ», քանզի իրոք հավատում են, որ իրենք դիրքով ու զորությամբ հավասար են Օլիմպոսի հեթանոսական աստվածներին, եւ իրենց մեր ճշմարիտ Աստծուց վեր են դրել։ Նրանք հաստատապես հավատում են, թե իրենք կոչված են հասնելու մի շարք նպատակների։
   Դրանցից մեկը Համաշխարհային միասնական կառավարության վարչաձեւի՝ Համաշխարհային նոր կարգի հաստատումն է, իր միավորյալ եկեղեցիով ու դրամական համակարգով, որոնք ենթակա կլինեն միմիայն իրենց իրավասությանը։ Քչերը գիտեն, որ Համաշխարհային այդ կառավարությունը իր «եկեղեցու» ստեղծումը սկսել է դեռ 1920-30-ական թվականներին, որպեսզի զանգվածների հավատը Բարձրյալի հանդեպ դնի իրեն ցանկալի հունի մեջ։
   Նպատակներից մյուսը ազգային ինքնագիտակցության լիովին ավերումն է, ազգային արժանապատվության ստորացում-վերացումը։ 300-ի կոմիտեն նպատակ ունի նաեւ լիովին կործանել կրոնները (հատկապես քրիստոնեությունը), միակ բացառությունը Համաշխարհային կառավարության ստեղծած վերոհիշյալ կրոնն է։
   -Հայտնի՞ են գաղտնի կազմակերպության այլ նպատակներ եւս։
   -Գրքում շարադրված է առնվազն 21 նպատակ, որոնցից կներկայացնեմ եւս մի քանիսը (բոլորի թվարկումը շատ երկար կլինի)։ Կոմիտեի նպատակներից են նաեւ թմրանյութերն ու պոռնկագրությունը (պոռնոգրաֆիան) օրինականացնելը, գիտակցության կառավարման եւ այլ միջոցների օգտագործմամբ յուրաքանչյուր մարդու վրա հսկողության հաստատումը, ամեն տեսակ արդյունաբերության զարգացման եւ ատոմային էլեկտրակայաններում էներգիայի արտադրության լիովին դադարեցումը։ Բացառություն կլինեն միայն համակարգչային արդյունաբերությունը եւ, ընդհանրապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որոնք, ամեն ինչից զատ, անհրաժեշտ են հենց մարդկությանն առավել վերահսկելի ու կառավարելի դարձնելու համար։
   Նոր ու հսկայաքանակ գործազուրկները, որոնք կհայտնվեն արդյունաբերության կործանումից հետո, կա՛մ կդառնան հերոին ու կոկաին գործածող թմրամոլներ, կա՛մ էլ կդառնան ոչնչացման գործընթացի վիճակագրության թվանշաններ... Մեր օրերում այս ամենի բացահայտ դրսեւորումները, իսկ որոշների նախանշանները տեսնում ենք արդեն։
   Այնուամենայնիվ Աստծուն ապավինած, հզորից չակնածող, հանուն ճշմարտության պայքարելու պատրաստ մարդը Ջոն Քոլեմանի բացահայտումներից վախենալու եւ վհատվելու պատճառ չունի։ Պարզապես չմոռանանք Աստվածաշնչում ասվածը. «Աստծո տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա Կորնթացիներին, 1.25)։

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

close