ԴՐԱՄԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

  Armenian Russian English

   Հայաստանի անկախացումից հետո երիտասարդ պետության առջեւ ծառացած խնդիրներից մեկը՝ ազգային արժույթի ներդրումն էր
  
   Այն իրականացվեց Գերագույն խորհրդի կողմից ստեղծված «ՀՀ-ում դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի» 19.11.1993թ. որոշմամբ, համաձայն որի՝ «1993թ. նոյեմբերի 22-ի ժամը 00-ից ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են հանդիսանում ՀՀ ԿԲ 1993թ. նմուշի 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքներով բանկային տոմսերը...»։ 1994թ. հոկտեմբերի 24-ից շրջանառության մեջ են դրվել 1994թ. նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամները, իսկ 1995թ. սեպտեմբերի 6-ից՝ 1995թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները։ Այս թղթադրամները համարվում են ՀՀ թղթադրամների առաջին շարքը։
   Թղթադրամների տպագրության ժամանակ շատ կարեւոր է պաշտպանական հատկանիշների ճիշտ ընտրությունը։
   Պաշտպանական հատկանիշները թղթադրամի այն բաղադրիչներն են, որոնք՝
   ա) պաշտպանում են թղթադրամն արտաքին միջավայրի ազդեցությունից՝ պատռվելուց, աղտոտվելուց, խոնավությունից, գունաթափումից եւ այլն,
   բ) խոչընդոտում են դրա կեղծումը,
   գ) հեշտացնում են դրա «ճանաչելիությունը»՝ ինչպես անզեն աչքով, այնպես էլ հատուկ սարքերի միջոցով։
  
   Պաշտպանական հատկանիշները բաժանվում են մի քանի խմբերի՝
   ա) թուղթ - 100%-ոց բամբակե թուղթ, որը պարունակում է մանրաթելեր, ջրանիշ, պաշտպանական ներգծեր,
   բ) պաշտպանական ներգծեր - գտնվում են թղթի մեջ՝ ամբողջությամբ կամ մասամբ, ունեն մագնիսական, ուլտրամանուշակագույն հատկանիշներ, պարունակում են մանրատառաշարեր,
   գ) ներկեր - հատուկ ներկեր, որոնք ունեն մագնիսական, ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն հատկանիշներ,
   դ) գույներ - թղթադրամի հիմնական պատկերների համար ընտրվում են այնպիսի գույներ, որոնք հնարավոր չէ ստանալ համակարգչային տպող կամ պատճենահանող սարքերի միջոցով,
   ե) «օպտիկապես փոփոխական ներկ» - պատկերը տպագրվում է այնպիսի ներկով, որի գույնը փոխվում է թղթադրամի դիտման անկյունը փոփոխելիս,
   զ) «թափանցիկ պատկեր» - թղթադրամի դիմերեսին եւ դարձերեսին տպագրված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ համընկնում են եւ, լրացնելով միմյանց, կազմում են միասնական պատկեր,
   է) հոլոգրամներ կամ կինեգրամներ - դիտման անկյան չնչին փոփոխության դեպքում մեկընդմեջ երեւում են տարբեր պատկերներ կամ գրառումներ, այսինքն՝ դիտման մի անկյան դեպքում երեւում է մի պատկեր, դիտման մեկ ուրիշ անկյան դեպքում՝ այլ պատկեր,
   ը) տպագրության եղանակներ - թղթադրամների տպագրության ժամանակ կիրառվում են իրարից տեխնոլոգիապես տարբեր տպագրության եղանակներ, որոնք հնարավոր է ստուգել կամ շոշափել, կամ տեսնել խոշորացույցով։
  
   ՀՀ թղթադրամների առաջին շարքի բոլոր թղթադրամներն ունեն նույն պաշտպանական հատկանիշները, մի բացառությամբ՝ 1000 եւ 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները պարունակում են նաեւ պաշտպանական ներգծեր։ Մնացած հատկանիշները հետեւյալներն են՝ ա) 100%-ոց բամբակե թուղթ, բ) կրկնվող պարզ ջրանիշ, գ) թաքնված պատկեր, դ) խորը տպագրություն (շոշափելի ներկի շերտ), ե) բարձրադիր տպագրություն, զ) մանրատառաշարեր, է) ուլտրամանուշակագույն լույսի ներքո լուսածորող տարրեր։
   Առաջին շարքի թղթադրամներն օբյեկտիվ պատճառներով եղել են բավական թույլ «պաշտպանված»: Դա պայմանավորված է եղել նրանով, որ Հայաստանում չկային թղթադրամների թողարկման համապատասխան մասնագետներ, քանի որ մինչ այդ գոյություն ունեցող խորհրդային թղթադրամները տպագրվել են բացառապես Ռուսաստանում, ինչպես նաեւ թղթադրամների թողարկումն իրականացվել է գաղտնիության եւ ժամանակի խիստ սղության պայմաններում։
   Այնուամենայնիվ առաջին շարքի ՀՀ թղթադրամները բավարար չափով կատարել են իրենց դերը կանխիկ դրամաշրջանառության մեջ։
   Տեխնիկական արդիականացմանը զուգընթաց, զարգանում է նաեւ դրամանենգությունը, քանզի այն օգնում է կեղծարարներին առավել հեշտ եւ որակով կեղծել թղթադրամները։ Տպագրական տեխնիկայի զարգացումը եւ դրա հասանելիությունը հանգեցրին նրան, որ Հայաստանում նույնպես զարգացավ դրամանենգությունը։ ԿԲ-ի առջեւ ծառացավ նոր խնդիր՝ առավել արդյունավետ պաշտպանել ՀՀ թղթադրամները։ Այդ նպատակով 1998թ. սկսվեց ՀՀ թղթադրամների երկրորդ շարքի թողարկումը։
   Դրանք շրջանառության մեջ են դրվել հետեւյալ հերթականությամբ.
   1998թ. նոյեմբերի 23-ից՝ 50 եւ 100 դրամ անվանական արժեքներով,
   1999թ. մարտի 1-ից՝ 1000 եւ 20000 (նոր անվանական արժեք թղթադրամների շարքում) դրամ անվանական արժեքներով,
   2000թ. հուլիսի 1-ից՝ 5000 դրամ անվանական արժեքով,
   2000թ. սեպտեմբերի 1-ից՝ 500 դրամ անվանական արժեքով,
   2003թ. նոյեմբերի 1-ից՝ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամները։
   Հատկանշական է 50000 (նույնպես նոր անվանական արժեք թղթադրամների շարքում) դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամների թողարկումը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։ Սա միակ հայկական հոբելյանական թղթադրամն է, որ թողարկվել է շարքից դուրս եւ հանդիսանում է առանձին թողարկում։ Շրջանառության մեջ է դրվել 2000թ. հունիսի 4-ից եւ շրջանառվում է մյուս թղթադրամների հետ մեկտեղ նույն պայմաններով։ Այսպիսով թղթադրամները համալրվեցին եւս երեք անվանական արժեքներով՝ 10000, 20000 եւ 50000 դրամ։
   Երկրորդ շարքի 1000 եւ 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները վերատպագրվել են նույն դիզայնով, սակայն կատարվել են մի քանի փոփոխություններ՝ փոխվել են թողարկման տարեթիվը, սերիայի տառը եւ ֆինանսների նախարարի ստորագրությունը։ Բացի այդ 1000 դրամանոցի վրա թաքնված պատկերում գտնվող կամարը տպագրվել է գունավոր, իսկ 5000 դրամանոցի վրա ոսկեգույն գրքի փոխարեն կիրառվել է կինեգրամա՝ կամարի տեսքով, որի կեղծիքներ մինչ օրս չեն հայտնաբերվել։
   Երկրորդ շարքի թղթադրամները որակով եւ թեմայով արմատապես տարբերվում են առաջին շարքի թղթադրամներից։ Այս շարքի թղթադրամների դիմերեսին պատկերված են հայտնի հայ գործիչների դիմանկարներ, մինչդեռ առաջին շարքի թղթադրամներին պատկերված էին հուշարձաններ եւ շինություններ։
   Թղթադրամները կեղծարարությունից պաշտպանելու նպատակով երկրորդ շարքում կիրառվել է երկու պաշտպանական ներգիծ՝ մեկի փոխարեն։ Երկրորդ ներգիծը կոչվում է «պատուհանաձեւ», այն պատճառով, որ չնայած գտնվում է թղթի մեջ, սակայն դարձերեսին երեւում է ընդհատվող գծերի տեսքով՝ կարծես դարձերեսին կան պատուհաններ, որոնց միջից այն երեւում է։ Այս ներգիծն ունի նաեւ մանրատառաշար, որը կարդացվում է առանց խոշորացույցի լուսընդդեմ դիտելիս։ Կեղծ թղթադրամների վրա այս մանրատառաշարը կամ չի ընթերցվում, կամ էլ շեղված է լինում։
   Բացի այդ, կիրառվել է «թափանցիկ պատկեր»։ Թղթադրամի դիմերեսին եւ դարձերեսին տպագրված մասնիկները լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ համընկնում են եւ կազմում միասնական պատկեր՝ «ՀՀ» տառերը։ Կեղծերի վրա այս մասնիկները հիմնականում չեն համընկնում։
   Ավելացվել է նաեւ երկրորդ համարանիշը, ինչը հեշտացնում է թղթադրամի իսկության եւ վճարունակության որոշումը։ Եթե թղթադրամի դիմերեսի աջ եւ ձախ մասերում գտնվող համարանիշերը չեն համընկնում, ապա դա նշանակում է, որ պատռվել եւ իրար են սոսնձվել տարբեր թղթադրամների մասեր, ուստի հավանական է, որ այդ թղթադրամն անվճարունակ է։ Սակայն պատահում են նաեւ կեղծ թղթադրամներ, որոնց վրա աջ եւ ձախ համարանիշերը չեն համընկնում։ Նման թղթադրամները պետք է ներկայացվեն բանկ՝ դրանց իսկությունը եւ վճարունակությունը որոշելու համար։
   5000 եւ 50000 դրամանոցների որոշ պատկերներ տպագրված են «օպտիկապես փոփոխական ներկով»՝ թղթադրամի դիտման անկյունը փոփոխելիս այդ հատկանիշների գույնը եւս փոխվում է։ Այս հատկանիշը մինչ այժմ ոչ մի անգամ չի կեղծվել։
   5000, 10000, 20000 եւ 50000 դրամանոցներն ունեն հոլոգրամներ կամ կինեգրամներ։ Այս հատկանիշները անհնարին է ճշգրիտ կեղծել, ուստի ուշադիր ստուգման դեպքում հնարավոր է հստակ որոշել թղթադրամի իսկությունը։
   Բացի այդ, թղթադրամների դիմերեսներին զետեղված բոլոր դիմանկարները եւ որոշ այլ պատկերներ տպագրված են շոշափելի ներկի շերտով, որի ռելիեֆը զգացվում է մատների ծայրով շոշափելիս։ Այս տպագրության եղանակը ամենաբարդ եւ թանկարժեքն է, ուստի հասանելի չէ դրամանենգներին։ Այս եղանակով կեղծված դրամ մինչ այժմ չի գրանցվել։
   Սրանք են թղթադրամների այն հիմնական պաշտպանական հատկանիշները, որոնք անհրաժեշտ է ստուգել կանխիկ դրամ ստանալիս կեղծ եւ անվճարունակ թղթադրամներից խուսափելու համար, եւ որոնք հեշտությամբ ստուգվում են անզեն աչքով՝ առանց որեւէ սարքավորումների։ Եթե այնուամենայնիվ ձեզ մոտ հայտնվել են կասկածելի թղթադրամներ, պետք է դրանք ներկայացնել բանկ, որտեղ անվճար կորոշեն դրանց իսկությունը եւ վճարունակությունը։ Եթե դրամը ճանաչվում է վճարունակ, ապա այն անվճար փոխանակվում է այլ դրամանիշով։ Եթե դրամը ճանաչվում է անվճարունակ, ապա այն ենթակա չէ փոխանակման։ Իսկ եթե դրամանիշը կեղծ է՝ ապա այն ենթակա չէ փոխանակման եւ պետք է հանձնվի ոստիկանություն։
   Թղթադրամների պաշտպանական հատկանիշները ստուգելիս պետք է լինել ուշադիր. շատերը ուղղակի չեն ստուգում կանխիկ դրամը այն վերցնելիս կամ մակերեսորեն ստուգում են ընդամենը մեկ հատկանիշ։ Մինչդեռ թղթադրամի իսկությունը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է ստուգել մի քանի հատկանիշ, քանի որ այն հատկանիշը, որը դուք սովորաբար ստուգում եք, կարող է լավ կեղծված լինել եւ «խաբել» ձեզ։
   Հայկական թղթադրամները ներկայումս, ըստ միջազգային ստանդարտների, բավական լավ են պաշտպանված, եւ մշտապես կատարելագործվում են։ Սակայն դրամանենգության դեմ պայքարի գործընթացին պետք է մասնակցի նաեւ բնակչությունը՝ ուշադրություն դարձնելով իր մոտ գտնվող դրամին, համագործակցելով բանկերի եւ իրավապահ մարմինների հետ եւ դրանով իսկ բացառելով կեղծ դրամանիշերի շրջանառությունը։
  
   ԼԱՎ ԼՈՒՐ
  
   Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ բանկային համակարգում հայտնաբերված կեղծ թղթադրամների թիվը (դինամիկան 2000թ. համեմատությամբ) դրսեւորել է նվազման միտում։ Այդ տարիների ընթացքում հայտնաբերված կեղծ թղթադրամների մեջ քանակային առումով 45 %-ը կազմել են 500, 27%-ը` 1000, 23 %-ը` 5000, 2 %-ը` 20.000 դրամանոցները։ 2004-2005թթ. ընթացքում հայտնաբերված կեղծ թղթադրամների մեջ 10.000 դրամանոցների տեսակարար կշիռը կազմել է 2 %։
   2000-2003թթ. հայտնաբերված կեղծ թղթադրամների մեջ ամենամեծ քանակը կազմել են 500 դրամանոցները (46%), 2004-2005թթ. (25.11.2005թ.) տվյալներով, ամենահաճախադեպ կեղծվել են 1000 դրամանոցները՝ ընդհանուր թվի շուրջ 60 %-ը։
  
   ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
   ԿԲ էմիսիոն գործառնությունների վարչության արժույթի թողարկման բաժնի դրամանիշերի փորձագետ


close