ՉԻԼՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ՊԱՊԼԱՎՈԿ»

  Armenian Russian English

   Պոետին ընդունեցին՝ գլխի-գլխի-գլխիկոր
  
   «...Անհեթեթ ու առեղծվածալի մահը պիտի տեղի ունենար 1975 թվականի նոյեմբերի վերջին եւ նրա վերջին տանիքը, որի տակից դագաղը պիտի տանեին, լինելու էր բաց երկինքը, ավելի ճիշտ «Առագաստ» սրճարանի բրեզենտյա ծածկը, սրճարան, որի բետոնակուռ հատակին էլ ջարդվեց նրա երիտասարդ կյանքը...»։ Բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը, որն ապրեց ընդամենը 35 տարի, հենց նման եղերական վախճան ունեցավ, ինչպես ժամանակին ներկայացրել է գրականագետը։
   Եւ ինչպես իրենց Չիլոյի հետ «հերթական կյանք» անցկացնող մտերիմ ընկեր բանաստեղծների մտքով չէր կարող անցնել, թե մի օր նա այլեւս չի լինելու, այնպես էլ նրա մահվանից 30 տարի անց չէին կարող պատկերացնել, թե «Առագաստի» նույն տարածքում կարող է բացվել Սլավիկ Չիլոյանի հուշակոթողը։
   Մինչդեռ «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը, ինչպես իր նախորդ հրաշալի ձեռնարկները, այս մեկն էլ իրականություն դարձրեց, եւ երեկ միության պատվավոր նախագահի եւ գրական աշխարհի մարդկանց մասնակցությամբ սրճարանում հանդիսավորապես բացվեց Սլավիկ Չիլոյանի հուշաքանդակը։
   «Մի առիթով, երբ հանդիպեցի Աղվան Հովսեփյանին, եւ երբ նա կարդում էր Բլոկ, Պուշկին, Չարենց, ես էլ կարդացի Սլավիկ Չիլոյանի մի բանաստեղծությունը, եւ Աղվան Հովսեփյանը հարցրեց՝ ո՞վ է նա»,- երեկ հավաքվածներին պատմեց դերասան Ազատ Գասպարյանը՝ ներկայացնելով, թե ինչպես է ծնվել քանդակը տեղադրելու գաղափարը։
   Այսօր էլ քչերին է հայտնի 60-ականների պոետը, որն իր ողջ կյանքի, ստեղծագործական 13 տարիների ընթացքում այդպես էլ ոչ միայն սեփական տանիքը չունեցավ, այլեւ գրական ընտանիքի անդամ չդարձավ, ոչ էլ գիրք հրատարակեց։ Նույնիսկ անձնագիր չուներ, եւ այն տարիներին գրողների միության ղեկավարությունը հուղարկավորությունը կազմակերպելիս ստիպված էր ինչ-ինչ բարդություններ հաղթահարել։
   Այնուհանդերձ, ո՞վ էր իր մահվանից տարիներ անց հրատարակված «Մենք մարդ ենք եղել» ժողովածուի հեղինակը։ Ինչպես կենդանության ժամանակ, այնպես էլ այսօր, բանաստեղծի մարդկային ու պոետական կերպարը ներկայացնելիս ծայրահեղ բնութագրումները անպակաս են. «Բոմժ Չիլոյից» մինչեւ «բոհեմիկ անհատականություն», «անիծված պոետների ազնվական տոհմի» ներկայացուցիչ ու 60-ականների հայ պոեզիայի «մեծ հեղաշրջող»։ Բանաստեղծ, որի «կյանքը քայլող բանաստեղծություն էր», ինքը՝ «բանավոր պոետ», որ մերժում էր ակադեմիական գրողներին, իսկ սերնդակիցներին լավ էր ճանաչում. «Պոետ էին նրանք անտառից փախած, արջերի նման վայրի ոռնոցով ու մռլտոցով խուժեցին քաղաք»։
   Իրեն էլ գիտեր եւ ինքնափրկումը քիչ բան չէր համարում. «30 տարի մարդ փրկեցի, այսինքն՝ ինձ. ինձ փրկելն էլ քիչ բան չէր...»։ Գնահատելով «Նիգ-Ապարանի» ձեռնարկը` երեկ ՀԳՄ նախագահն իր ելույթում նկատեց, որ «այս շուկայական-չարչիական կապիտալիզմի հետեւից ընկած 15 տարի է մենք շատ բարոյական արժեքներ ենք կորցնում։ Այսօր Մատենադարանի հարթակը փոխանակ դառնա երիտասարդ սերնդինը, երամները գնան դեպի այդ լույսի օջախը, այսօր քաղաքական կրքերի, խայտառակ բախումների մի ասպարեզ է դարձել եւ մեր հասարակությունը գնալով դառնում է ավելի բարոյազուրկ, ոչ մշակութային։
   Վերջին մեկ տարում միայն հիշենք «Նիգ-Ապարանի» իրագործած ձեռնարկները։ Հիշենք շուրջպարը, որը միավորում է մեր ժողովրդին, հայոց այբուբենին նվիրված պուրակը։ Այսօր պոետին նվիրված հուշաքանդակը մեզ թույլ է տալիս մեր մեծ շնորհակալությունը հայտնել միության պատվավոր նախագահին, այն բանի համար, որ այս դժվարին ժամանակներում գոնե կան մարդիկ, կազմակերպություններ, որոնք փորձում են մեր հոգու ամրությունն ու միասնությունը պահել»։ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ հայտնեց նաեւ, որ ՀԳՄ քարտուղարության որոշմամբ Սլավիկ Չիլոյանին հետմահու «շնորհել» են ՀԳՄ անդամատոմս։ Բացի այդ, սահմանվել է պոետի անվան մրցանակ։
   Չիլոյանի ընկերոջ, բանաստեղծ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ կարծիքով, հուշակոթողը խորհրդանշում է չիլոյանական մի ողջ սերնդի. «Ես «Նիգ-Ապարան»-ի կատարած բարի գործերից ամենախորհրդանշականն եմ համարում այս հուշակոթողը, որովհետեւ սա միայն Սլավիկ Չիլոյանին չի վերաբերում։ Սա վերաբերմունք է այն սերնդի նկատմամբ, որը թեպետ ամպագոռգոռ հայտարարություններ չարեց, քաղաքական շարժումներ չարեց, բայց, ըստ էության, այն երկրում բանաստեղծական թե հասարակական կեցվածքի մի օպոզիցիա էր եւ որը հավատարիմ մնաց իր կեցվածքին մինչեւ այսօր։ Եւ սա մի ամբողջ սերնդի հուշարձան է։ Սերունդ, որը մարմնավորում է Սլավիկ Չիլոյանը, սերունդ, որի համար չգրված բանավոր մանիֆեստ էր Չիլոյի կյանքը»։
   Ի դեպ, պոետի ընկերոջ նախաձեռնությամբ «Արեւիկ» հրատարակչությունը լույս է ընծայել Ս.Չիլոյանի «Չենք ասում, ինչքան գիտենք» նոր ժողովածուն (որը կազմել, խմբագրել է առաջաբանի հեղինակը՝ Դ.Հովհաննեսը)։
   Իսկ ի՞նչ է լսել պոետի մասին ինքը, ձեռնարկի հեղինակը, որը Չիլոյի ողբերգական մահվանից տասնամյակներ անց տարաբախտ ու տաղանդավոր անձնավորությանը ոչ միայն կրկին վերադարձրեց իր բոհեմական միջավայրը, այլեւ հասցրել է լիովին ծանոթանալ ու վայելել չիլոյական պոեզիան։ «Սլավիկ Չիլոյանին իր կենդանության օրոք ոչ ոք լուրջ չէր ընդունում ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես բանաստեղծ։ Պարադոքս է, բայց պիտի ասենք։ Ցավալին այն է, որ այսօր էլ Չիլոյանին ընդհանրապես չգիտեն կամ գիտեն շատ քչերը։ Սա է այն պարզ ճշմարտությունը, որ այսօր կա Սլավիկ Չիլոյանի մասին։
   Եւ փառք Աստծո, որ այսօր մենք նրան հանրաճանաչ դարձնելու հիմքն ենք դնում։ Նրա բանաստեղծության մի տողը հենց վերաբերում է իրեն՝ «Դու լույսի մեջ, ես մթան, դու ինձ երբեք չես տեսնում...»։ Այսօր պիտի ասենք, որ Սլավիկ, Չիլո, մենք քեզ արդեն տեսնում ենք եւ անելու ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդի աչքերը բացվեն։ Քո բանաստեղծությունները կարդալուց հետո ավելի բացվեն եւ շատ ավելի բացվեն, որ կարողանանք մենք մեր բանաստեղծներին, մեր նշանավոր մարդկանց ավելի պայծառ եւ ավելի ցանկություններով լի տեսնենք»,- իր ելույթում նշեց ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ։
   Պոետի շիրմաքարը տեղադրելու, գերեզմանը բարեկարգելու գործն էլ դարձյալ հանձն է առել «Նիգ-Ապարանը»։ «Մարդը չի մեռնում, սպանվում է»։ Ասում է պոետը, որն այսօր երկնքից գուցե թե տեսնում է, որ «սպանվելով», այնուհանդերձ, հիշատակն անմեռ է։

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

close