ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ ԻՐ ՉԱՊԱԵՎՆ ՈՒՆԻ

  Armenian Russian English

   Ոչ այնքան վաղուց ամերիկյան ամենահայտնի պորտալներից մեկում՝ AOL-ում, հայտնվեց «Տասը գիրք, որոնք ձեզ անհրաժեշտ է կարդալ մինչեւ մահանալը» նյութը։ Հարիսի ծառայության հարցման արդյունքներով կազմված ցուցակում ընդգրկվել են «Մատանիների տիրակալը», Հարրի Փոթթերի մասին շարքը, Դեն Բրաունի երկու գրքեր, Սթիվեն Քինգի մեկ վեպ։ Ո՛չ Սերվանտես, ո՛չ Շեքսպիր, ո՛չ Դոստոեւսկի, ո՛չ Բալզակ, ո՛չ էլ գոնե Սթեյնբեկ ու Ֆոլկներ։
   Եթե համանման հարցում անցկացվեր մեզանում, ապա ընթերցանության համար պարտադիր ցուցակը բաղկացած կլիներ բացառապես հայրենի քաղաքական գործիչների հարցազրույցներից ու հոդվածներից։ Ճիշտ է, ֆիլմեր դրանց հիման վրա չեն նկարահանվում, բայց փոխարենը՝ այնտեղ տեղ գտած սյուժեներով է հայոց աշխարհում կառուցվում քաղաքական կյանքը։ Իսկ վերջինս ցանկացած կինոնկարից էլ գրավիչ է։
   Պետք է ասել, որ այլ ժողովուրդներից հայերը տարբերվում են, մասնավորապես, արտասովոր երեւակայությամբ։ Իսկ հայրենի ֆանտաստների միջավայրում ավանդաբար շահավետորեն առանձնանում է «Հանրապետության» առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որին մենք սիրում ենք հոգեմաշ լինելու աստիճան։
   Իհարկե, ոչ այնքան ուժգին, որքան, ասենք, Տեր-Պետրոսյանին կամ Դեմիրճյանին։ Վերջիններիս սիրում ենք այնչափ, որ զգացմունքների առատությունից թավալվում ենք հատակին ու խաչկարով ասեղնագործում նրանց անունները վարագույրներին։ Դե, իսկ Ա.Սարգսյանին սիրում ենք այն աստիճան, որ նրա մասին մտածելիս շարունակ ժպտում ենք ու զկրտում։ Ուրախությունից, որ նրա ժամանակակիցներն ենք։
   Անցած շաբաթ ֆանտաստիկ ժանրի սույն դասականը հայտարարեց. «Կարծում եմ, այս անգամ մեր հաղթանակն ապահովված կլինի մինչեւ մայիսի 31-ը։ Մենք՝ ՀԱԿ-ին մաս կազմող ուժերս, այնպիսի մարտավարություն պիտի ընտրենք, որ կարողանանք մարդկանց հոգեբանության, գիտակցության մեջ հանդես գալ որպես արդեն հաղթած ուժ։ Միաժամանակ, չեմ բացառում, որ Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են հետաձգվել, ավելին՝ չեմ բացառում, որ ՀՀ-ում իշխանափոխություն լինի ավելի շուտ, քան քաղաքապետի ընտրություններն են»։
   Երեւակայությունից ո՞նց եք, բարեկամներս։ Հստա՞կ եք արդյոք պատկերացնում այդ հեռանկարը։ Ըստ երեւույթին, մեր հերոսը ոչ մի կերպ չի կարողանում հոգեկան հավասարակշռություն ձեռք բերել՝ վարչապետի պաշտոնում կարճատեւ աշխատանքից հետո։ Զգացվում է, որ իշխանության ներսում այնպիսի՜ բաներ է տեսել, որ մինչ օրս վախեցած վեր է թռչում հիշողություններից։
   Իսկ որքա՜ն իմաստուն դատողություններ է անում նա մարտավարության մասին։ Դե ինչ, ամեն ժամանակաշրջան պիտի իր Չապաեւն ունենա։ Թեպետ՝ ի՜նչ Չապաեւ։ Տեր-Պետրոսյանը, Դեմիրճյանն ու -2 միավոր ստացած Ա.Սարգսյանը, նույնիսկ երբ լավ մարզավիճակում չեն, հանրագումարով Մոնտեն են տալիս։
   Միայն ահա թե ինչի մասին կուզենայինք հիշեցնել։ Պատանեկան վիճակում չափազանց երկար մնալը կենսաբաններն անվանում են նեոտենիա։ Մանկամտությունը մարդու ամենակարեւոր ու անհրաժեշտ հատկանիշներից մեկն է։ «Ամեն տղամարդու մեջ թաքնված է երեխան, որը խաղալ է ուզում»,- ասում էր Նիցշեն։
   Դժբախտությունը լոկ այն է, որ ոմանց պարագայում «մանկության գիրկն ընկնելու» մարդուն բնորոշ այդ գենետիկ հատկանիշը զարգանում է վտանգավորության աստիճան։ Ցանկություններն անհապաղ կատարելու անհամբեր պահանջը, պատասխանատվության եւ ուրիշների զգացմունքների նկատմամբ ուշադրության իսպառ բացակայությունը փոքր երեխաներին բնորոշ հատկանիշներ են, որոնք միանգամայն ներելի են նրանց։ Բայց ոչ քաղաքական գործչին։
   Վերադառնանք, սակայն, կենսաբանությունից ներկա ժամանակ եւ իսկական մարդկանց։ Իսկ իսկական մարդիկ այնպիսի մարդիկ են, որոնց չեն կարող կոտրել անբարենպաստ հանգամանքները։ Ահավասիկ, օրինակ, ՀԱԿ համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ անցած շաբաթ հայտարարեց. «Մենք դիտարկում ենք Երեւանի քաղաքապետի ընտրությունները ոչ միայն որպես զուտ Երեւանի քաղաքապետի ընտրություններ, այլ, հաշվի առնելով Երեւանի քաղաքական, տնտեսական կշիռը, մենք սա դիտարկում ենք որպես բռնապետական համակարգը փոխելու լրջագույն հնարավորություն, եթե ուզում եք՝ անգամ որպես նախագահական ընտրությունների երկրորդ փուլ»։
   Նրանում, որ ամեն հարմար առիթով կրկեսի արենայում հայտնվում են ոչինչ չմոռացած ու ոչինչ չսովորած հհշականները, զարմանալու բան չկա։ Ինչքան ավելի քիչ է մարդուն բնորոշ ռեֆլեքսիան, «ի՞նչն ենք սխալ արել» հարցի շուրջ մտահոգվելու հակումը, այնքան ավելի նա կձգտի վերադարձնել անցյալը, երբ իշխանությունն իրեն էր պատկանում։ Առավել եւս՝ նրան բնորոշ կլինի համոզմունքը, թե այն ավելի քան տասը տարիները, երբ երկիրը ազատված էր հերոսից, ընդամենը թյուրիմացություն է։ Քանզի բարի ժողովրդի միակ բաղձանքն իր սիրելիների վերադարձն է։ Կոմս դը Արտուա, ապագա Կարլոս X, 1815 թվականին։
   Բայց Աստված մի՛ արասցե, որ նրանք երբեւէ վերադառնան։ Երկրի հանդեպ գթասրտություն չեն դրսեւորի ու վրեժ կլուծեն նրանից լրիվ ծրագրով։ Ե՛ւ Աստվածաշնչում, ե՛ւ հեքիաթներում նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ առյուծներն ու արջերը կարեկցանքով են լցվում զոհի նկատմամբ, ողջ-առողջ բաց թողնում նրան։ Բայց մարախը, մժեղները, որդերը խժռում են բացարձակապես ամեն ինչ։ Եւ նույնիսկ Աստվածաշնչում, նույնիսկ հեքիաթներում չկա մի օրինակ, որ փայտոջիլներն ինչ-որ մեկին խղճացած լինեն։
   Փայտոջիլներին պետք է սատկեցնել։ Նույնիսկ եթե նրանք այդ ընթացքում սաստիկ գարշահոտ են արձակում։ Քանզի չկա ավելի ամոթալի բան, քան փայտոջիլներին կեր դառնալը։
   Իսկ ինչ վերաբերում է «բռնապետական համակարգը փոխելու», «նախագահական ընտրությունների երկրորդ փուլի» մասին -3 միավոր ստացած Լ.Զուրաբյանի հայտարարություններին, ապա ակամայից մտաբերում ես խորհրդային ժամանակների հանրահայտ անեկդոտը։
   Կոլխոզում ժողով է՝ գոմը նորոգելու հարցով։ Ոտքի է կանգնում նախագահն ու ասում. ուրեմն այսպես, կա գոմը նորոգելու երկու տարբերակ։ Իրատեսական եւ ֆանտաստիկ։ Իրատեսականն այն է, որ թռչեն գան այլմոլորակայիններն ու ամբողջը նորոգեն։ Ֆանտաստիկը՝ եթե մենք ինքներս նորոգենք գոմը։
   Համաձայնեք, ծիծաղելի է սոցիալիզմի վախճանից քսան տարի անց ինչ-որ մեկի հետ ամենայն լրջությամբ քննարկել գոմի նորոգման իրատեսական տարբերակը։
   Ի տարբերություն ավելի սովորական կառուցվածք ունեցող որոշ պետությունների, որոնք ճգնաժամի պայմաններում փորձում են հավասարակշռություն պահպանել դեֆլյացիոն շոկի շեմին, հայոց աշխարհում էժանացել է առավելապես ընդդիմադիր միտքը։ Իրենց անկյուններում կամացուկ ֆսֆսացող տարբեր տրամաչափի առաջնորդները զգացին բացվող հնարավորությունների հոտը։ Թքարտադրությունը շատ ավելի շուտ սկսվեց, քան կմատուցեին ուտեստը։
   Բայց կան նրանց մեջ նաեւ այնպիսիք, որոնց լոզերը թափվում են բացառապես ակտիվացած կուռքի նկատմամբ հավատարմությունից։ Ինչպես, օրինակ, ՀԺԿ առաջնորդ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ, որը դեկաբրիստի կնոջ պես, առանց վարանելու հոժարակամ գնաց Տեր-Պետրոսյանի հետեւից Երեւանի քաղաքապետի ընտրությունների։ Իսկ անցած շաբաթ դեկաբրիստի կինը հայտարարեց. «Գտնում եմ, թե այն, որ ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առավելագույնս կմոբիլիզացնի մեր ընտրազանգվածը։ Այն, որ նա համաձայնեց լինել ցուցակում առաջինը՝ այդ քայլը ոչ թե ցածրացնում, այլ միայն բարձրացնում է իրեն։ Սա ցույց է տալիս, որ պայքարը շարունակվում է»։
   Չունեմ ես խոսք, նույնիսկ արցունքներ չունեմ, ունեմ միայն երջանկություն ու հրճվանք, հոգեպարար բերկրանք։ Դե իհա՛րկե կմոբիլիզացնի։ Ինչպես դա տեղի ունեցավ ՀԱԿ-ի վերջին միտինգում։ Այստեղ գլխավորը թափն է։ Միտինգի թափը տպավորիչ էր։ Կոնգրեսն այն ժամանակ խոստացավ 100 հազար միտինգավոր։ Հարյուր, բնականաբար չհավաքվեց, բայց 3-4-ը եկան։ Մի խոսքով, ոչ թե քանակով էին վերցնում, այլ որակով։
   Դատելով ամենից, -1 միավոր ստացած Ս.Դեմիրճյանը զգում է իրեն Գանթենբայնի՝ Մաքս Ֆրիշի վեպի հերոսի պես, որը կույր էր ձեւանում առանց այդպիսին լինելու։ Միայն թե, ի տարբերություն Գանթենբայնի, ՀԺԿ առաջնորդը նաեւ խուլ է ձեւանում։ Իսկ հետո ամեն անգամ վազվզում մեր ընդհանուր բակով մեկ՝ գլուխը կտրած հավի պես. վերջնական արդյունքը վաղուց պարզ է, բայց դեսուդեն ընկնելու սովորությունը դեռ չի անցել։
   Մի խոսքով, ինչպես սովորեցնում էին Նապոլեոնն ու Լենինը, on s’engage et puis on voit (նախ մարտի կբռնվենք, իսկ հետո կերեւա)։ Թեեւ Ս.Դեմիրճյանի ռազմատենչությունն ավելի շատ կարող է կապված լինել նրան համակած գարնանային հույզերի հետ։
   Ամեն դեպքում մենք շնորհավորում ենք տղերքին պայքարը շարունակելու կապակցությամբ եւ հետագա հաջողություններ մաղթում իրականության հետ նրանց դժվարին պայքարում։
   Ո՞ւմ գլուխը չէր պտտվում 80-ականների վերջին «ազատություն» քաղցր բառից։ Բայց, ինչպես նկատեց վերջերս մի խելացի մարդ, ո՞վ կարող էր կանխատեսել, որ ազատությունը կդարձնի մարդկանց ավելի վատը, ավելի բարոյազուրկ ու ստոր։ Որ ազատության պայմաններում քաղաքացիները կնետվեն հափռելու եւ սպանելու, վաճառքի կհանեն իրենց ու իրենց նմաններին։ Որ հենց այդ ազատությունն ազատ կարձակի ոչ թե վսեմ զգացմունքերը, այլ նախեւառաջ ամենանսեմ ու ստամոքսապաշտ բնազդները։
   Ահա թե ինչ ցավալի պարադոքսի կարելի էր ականատես լինել անցած քսան տարիների ընթացքում, ահա թե ինչի մասին արժեր տխուր ու տառապագին մտորել։ Ոչ թե ազատությունն ու հավերժական այլ արժեքները բանադրանքի ենթարկելու, այլ հասկանալու համար. ամենասրբազան սկզբունքը բնավ գերագույն նպատակը չէ, այլ այդ նպատակին հասնելու միջոցը։
   Վաղ թե ուշ հասարակությունը սթափվում է, եւ պատահական չէ, որ անցած շաբաթ ԱԺՄ առաջնորդ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հայտարարեց. «Կարծում եմ, արդեն անցել ենք այն փուլը, երբ հույսը այնպիսին էր, թե հիմա կգա մի իշխանություն, որը կլուծի բոլոր խնդիրները։ Ժամանակն է հասկանալ, որ խնդիրները պետք է լուծվեն ժամանակի ընթացքում, անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ Նաեւ անցել են ժամանակները, երբ ընկալումն այնպիսին էր, թե կա միշտ մի չար ուժ՝ եւ դա իշխանությունն է, եւ կա մի բարի ուժ, որն ընդդիմությունն է»։
   +2 միավոր վաստակած Վ.Մանուկյանի հետ դժվար է չհամաձայնել։ Իսկապես, խնդիրները պիտի լուծվեն ժամանակի ընթացքում։ Դեռեւս Բիսմարկն է ասել, որ քաղաքականությունը նման է անտառաբուծության. բերքը հավաքում է բնավ ոչ նա, ով ցանել է։ Իսկ տղան, որը միայն ճչում է «Թագավորը մե՜րկ է», շատ վատ է վարվում։ Չէ՞ որ դա քո՛ թագավորն է, տղա։ Գնա եւ անկյո՛ւն կանգնիր։ Իսկ ավելի լավ է՝ թագավորին մի բան տուր հագնի։
   Չկա այնպիսի իշխանություն, որը կգա ու միանգամից դրախտ կկառուցի երկրի վրա։ Հենց թեկուզ այն պատճառով, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ դրախտ կոչեցյալը։ Դեռեւս հինգերորդ դարում Ավգուստին Երանելին՝ քրիստոնեության ամենահեղինակավոր քարոզիչներից ու մտածողներից մեկը, պնդում էր, որ Դրախտն աննկարագրելի է մարդկային տերմիններով, եւ անըմբռնելի մարդկային երեւակայության համար։ Հենց Ավգուստինը առաջինը գործածեց աստվածաբանության մեջ ineffabilis (անասելի, աննկարագրելի) հասկացությունը։
   Ահա այսպիսի բաներ։ «Շաբաթական վարկանիշ» վարողը հրաժեշտ է տալիս ընթերցողներին մինչեւ հաջորդ երեքշաբթի։ Ինչպես ասում էին հին հռոմեացիները. «Feci quod potui, faciant meliora potentes»՝ «Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Ով կարող է, թող անի ավելին»։

Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ

close