ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ

  Armenian Russian English

   Այսօր Արեւմուտքը պարտադրում է Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել երկու երկրների միջեւ առկա «սահմանը»:
   Սույն թվի ապրիլի 22-ին Բեռն (Շվեյցարիա) քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների միջեւ ստորագրվել է «Ճանապարհային քարտեզ» անվանումով փաստաթուղթ, որի բովանդակության մանրամասները հայաստանյան իշխանությունները դեռեւս չեն հրապարակել:
   Հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի (հիմնվել է 1915թ. Վանում) 1918թ. հունվարի 2-ի դիմումը Ֆրանսիային՝ ճանաչելու Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) անկախությունը, ինչպես նաեւ Վ.Ի.Լենինի 1918թ. հունվարի 4-ի` Ֆինլանդիայի ընդհանուր անկախության, ռուսական բանակի Պարսկաստանից դուրսբերման եւ Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) ինքնորոշման իրավունքի եւ անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը (ռուսական խորհրդային հանրապետության աշխատավորական ժողովրդի իրավունքների համագումար, Ժողկոմխորհի որոշում, հոդված 3, կետ 2) եւ 1918թ. հունվարի 13-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) մասին հրապարակած դեկրետը, 2004թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում վերակազմավորված համանուն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունից եւ Թուրքիայից պահանջում է ճանաչել Արեւմտյան Հայաստանի անկախությունը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքը, որը ժամանակին ճանաչել է Ռուսաստանը:
   Ստորեւ ներկայացնում ենք 1918թ. հունվարի 13 -ին Պետրոգրադում հրապարակված դեկրետը.
   «Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը
   Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրավված Թուրքահայաստանի հայերի իրավունքը` ազատորեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը: Կոմիսարների Խորհուրդն ընդունում է, որ այս իրավունքի իրականացումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների հաստատմամբ, որոնք միանգամայն անհրաժեշտ են հայ ժողովրդի հանրաքվեի համար: Կոմիսարների Խորհուրդը որպես մասնակի երաշխիքներ է ճանաչում հետեւյալ պայմանները.
   Հոդված Ա. Թուրքահայաստանից ռուսական զորքերի դուրսբերում եւ անհապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծում` Թուրքահայաստանի բնակիչների անձնական եւ նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով:
   Հոդված Բ. Հայ փախստականների, ինչպես նաեւ տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների` անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան:
   Հոդված Գ. Պատերազմի ժամանակ թուրքական իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում բռնի կերպով աքսորած հայերի` անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան: ...Կոմիսարների Խորհուրդը կպնդի այս պայմանը թուրք պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում:
   Հոդված Դ. Թուրքահայաստանում Ժամանակավոր կառավարության կազմավորում` հայ ժողովրդի պատգամավորների խորհրդի ձեւով. պատգամավորները կընտրվեն ժողովրդավարության սկզբունքով:
   Ստեփան Շահումյանը, նշանակվելով Կովկասի գործերով ժամանակավոր արտակարգ կոմիսար, ամենայն օժանդակություն կցուցաբերի Թուրքահայաստանի հայ բնակիչներին` Բ եւ Գ հոդվածների իրականացման համար, ինչպես նաեւ ձեւավորելու համար Խառը հանձնաժողով` ռուսական զորքերի դուրսբերման օրը եւ միջոցները որոշելու նպատակով` համաձայն հոդված Ա-ի:
   Թուրքահայաստանի աշխարհագրական սահմանները կորոշվեն հայ ժողովրդի` ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կողմից` հարեւան վիճելի շրջանների մահմեդական եւ այլ բնակիչների եւ կոմիսար Շահումյանի հետ»:
   Այսպիսով, դեկրետի դրույթներն ու պաշտոնական հռչակագիրը իրականացնելու նպատակով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը կոչ է անում Արեւմտյան Հայաստանի հայերին (Ցեղասպանությունից փրկվածների սերունդներին, որոնք բնակվում են տարբեր երկրներում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում) դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ՝ ստանալու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիություն: Խորհուրդը ներկայացուցչություն ունի Ֆրանսիայում եւ Երեւանում (հասցեն է՝ Նիկոլ Դուման, 51):

Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի անդամներ ԱՐՄԵՆԱԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

close