ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ

  Armenian Russian English

   Սոցիալական ծախսերը պետք է պահպանվեն
  
   Տնտեսական ճգնաժամի հետեւանքով համախառն ներքին արդյունքը Հայաստանում այս տարվա առաջին հինգ ամիսներին նվազեց գրեթե 16 տոկոսով։ Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ տնտեսական անկման միտումները կարող են էլ ավելի խորանալ եւ հասնել մինչեւ 20 տոկոսի։
   Ճգնաժամի հետեւանքները եւ իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը քննարկելու նպատակով հունիսի 7-ին Երեւանում մեկնարկեց երկօրյա միջազգային համաժողով՝ «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա. կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում» թեմայով։ Քննարկումների առանցքում առանձնացվել են երեք հիմնական ուղղություններ, որ Հայաստանը պետք է իրականացնի ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար։ Ինչպես երեկվա ասուլիսում նշեց էկոնոմիկայի նախարար ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ, որպես այդպիսին առաջին խնդիրը սահուն մակրոտնտեսական քաղաքականության շարունակականությունն է.
   -Դրա հիմնական նպատակը պետք է լինի աճի վերականգնումը եւ հետճգնաժամային շրջանում ավելի որակյալ, դիվերսիֆիկացված տնտեսական աճ ունենալը։
   Երկրորդ կարեւոր խնդիրը, որ կանգնած է Հայաստանի կառավարության առջեւ, առնչվում է սոցիալական քաղաքականությանը. «Հրդեհը հանգցնելու պահին պետք է վստահ լինենք, որ մեր երկրի սոցիալական կառուցվածքը խեղված չէ եւ վերջին 10-15 տարիների ընթացքում ձեռք բերված կարեւոր հաջողությունները, կապված աղքատության կրճատման, զբաղվածության ավելացման հետ, էապես խաթարված չեն, որը շատ կարեւոր է լինելու ճգնաժամային աճի ժամանակ»։
   Այս առումով, ըստ Ն.Երիցյանի, եղել են կոնկրետ առաջարկներ.
   -Առաջարկներից մեկը շատ հոգեհարազատ է, եւ ես հետեւողական եմ լինելու, որ կառավարությունում քննարկումներ լինեն եւ կարողանանք այդ ուղղությամբ լուրջ քայլեր անել։ Խոսքը պարզ սոցիալական տրանսֆերտների փոխարեն հանրային աշխատանքների խթանման մասին է։ Հանրային աշխատանքների գաղափարի զարգացման արդյունքում կարելի է բացահայտել բիզնես մտածողություն ունեցող մարդկանց եւ օժանդակել նրանց կայացմանը։ Կար լավ համեմատություն Արեւելյան Եվրոպայի երկրների եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ։ Տարբերությունն ակնհայտ էր. որքան երկրներն առաջադեմ են, այնքան հանրային աշխատանքներին ավելի մեծ տեղ են տալիս, քան պարզ սոցիալական փոխանցումներին։
   Ն.Երիցյանի կարծիքով, այս ոլորտին կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ե՛ւ երկարաժամկետ, ե՛ւ կարճաժամկետ առումով. «Կարճաժամկետ առումով հիմնական խորհուրդն այն է, որ պետք է ուշադրություն դարձնենք պրոբլեմների արագ լուծմանը, իսկ երկարաժամկետ հատվածում՝ կարողանանք պահպանել ճիշտ բալանսը պարտքի բեռի եւ այն բարեփոխումների, որոնք բերելու են պարտքի վճարման ռեսուրսների բարելավմանը»։
   Քննարկումների ընթացքում հիմնական եզրահանգումներից մեկը, ըստ Ն.Երիցյանի, այն է, որ ճգնաժամն առիթ չէ հետաձգելու երկարաժամկետ ծրագրերը։ Ընդհակառակը, դա հնարավորություններ է ստեղծում լուրջ քայլեր իրականացնել երկարաժամկետ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
   Խոսելով տնտեսական անկման առումով ենթադրվող երեք սցենարների մասին, ըստ որոնց այս տարի Հայաստանում հնարավոր է ՀՆԱ-ի 9,5, անգամ մինչեւ 20 տոկոս անկում, էկոնոմիկայի նախարարը նշեց, որ դա դեռեւս չի նշանակում, թե այդպես էլ կլինի։ Այս պահի կանխատեսումներով, որ հրապարակել են նաեւ միջազգային կազմակերպությունները, խոսքը 9,5 տոկոս տնտեսական անկման մասին է.
   -Տարվա երկրորդ կեսին մեծ ռեսուրսներ ենք ուղղում տնտեսություն, որոնք պետք է կանխեն անկումը եւ կարողանանք 2010թ. աճի միտումներ նկատել։ Ոչ արագ, բայց պետք է կարողանանք հաջորդ տարվա համար ապահովել շրջադարձը։ Դրա բոլոր հիմքերը կան։
   Թեեւ անցած հինգ ամիսներին արձանագրված շուրջ 16 տոկոս տնտեսական անկման եւ դրա հետեւանքով նաեւ պետական բյուջեի հարկային եկամուտների նվազմանը, դա, ըստ էկոնոմիկայի նախարարի, չի հանգեցնի բյուջեի ծախսերի կրճատման. «Մենք փորձելու ենք տնտեսական աճին նպաստող հայտարարված ծախսերի մակարդակն ապահովել։ Դրա ներքո նաեւ որոշակի վերակառուցում է եղել, դուրս են եկել ոչ կարեւոր ծախսերը։ Այսինքն՝ ծախսերի մակարդակը կմնա նույնը, բայց հակաճգնաժամային ծախսերն էապես կավելանան։ Դրանք սոցիալական ոլորտում եւ ենթակառուցվածքների վրա կատարվող ծախսերն են, որոնք աշխատատեղեր են ստեղծում։
   Ն.Երիցյանի կարծիքով, բյուջեի դեֆիցիտը փակելու համար բավարար միջոցներ ներգրավված են.
   -Ներգրավվող միջոցները բավարար են, ուղղակի դրանք կվերաբաշխվեն այս թե հաջորդ տարի, կախված է տնտեսական անկման սցենարներից եւ դրսեւորումներից։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

close