ՍՓՅՈՒՌՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՈՎ

  Armenian Russian English

   ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՏԱՃԱՐ
  
   Սկիզբը` նախորդիվ
  
   Վերջապես ողջ անձնակազմով, բոլոր յոթ հոգով միասին հայտնվեցինք Լոս Անջելեսում։ Դրա համար երկու պատճառ կար։ Նավահանգստում մեր առագաստանավը բարձրացվեց նավամատույց։ Առաջին՝ հարկավոր է ստուգել նավի հատակն ու փոխել շարժիչը։ Եւ երկրորդ՝ «Մեսրոպ Մաշտոց» արշավանքի ծրագրի համաձայն պետք է այցելել եկեղեցիներ նկարահանումների համար։ Եւ մեկը չէ, երկուսը չէ։ Բոլորը։ Նկատի ունենալով, ինչպես քանիցս եմ ասել, միայն Լոս Անջելեսի բոլոր եկեղեցիները։ Իսկ ԱՄՆ-ի եւ Կանադայի մյուս բնակավայրերում հատուկ խմբերը նկարահանումները կանեն տեղերում։
  
   Մեզ ուղեկցելու պարտականությունն ստանձնեց Սփյուռքի լրագրության նահապետներից մեկը՝ Օշին Քեշիշյանը, որի հետ ծանոթ ենք ավելի քան քառորդ դար։ Առաջին բառերը, որ արտասանեց հանդիպման ժամանակ, հետեւյալն էին. «Միայն, ի սեր Աստծո, ե՛ւ դու, ե՛ւ շատ ուրիշներ ինձ մի՛ կոչեք ընդդիմադիր։ Ես Օշին Քեշիշյանն եմ, իմ բոլոր հիացմունքներով, տարակուսանքներով ու անհանգստության զգացումով»։ Այնպես որ՝ ուրախ խոսակցության սկիզբ դրվեց եւ կանխորոշվեց թեման, որը մի ամբողջ ժամ փորձում էինք արծարծել։ Եւ ես եկա այն եզրակացության, որ նույնիսկ Օշինի պես լրագրային գայլը, հայկական անգլալեզու «Արմինյըն օբզըրվըր» թերթի գլխավոր խմբագիրը բավական թերի ու միակողմանի պատկերացում ունի այն ամենի մասին, որ կատարվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։
   Հարկ չկա թվարկել մեր այցելած բոլոր եկեղեցիները։ Դրանց ամբողջական ցանկը հրապարակված է։ Տեղական տարբեր պարբերականներում կան դրանց լուսանկարները։ Ճիշտ է, դրանք բոլորը տասնյակ, գուցեեւ հարյուրավոր օրինակներով բազմացվում ու որպես բուկլետներ բաժանվում են առանձին մարդկանց՝ ծանոթանալու համար։ Նույնիսկ «Սփյուռք» ծանրակշիռ հանրագիտարանի «ԱՄՆ-ի եկեղեցիները» բաժնում ընդամենը մի քանի եկեղեցի է ներկայացված։ Այնպես որ՝ բոլորը մեկ կամ մի քանի հատորներում հավաքելը սուր անհրաժեշտություն է։ Այս գործում մի բավական կարեւոր հարց կա. ովքե՞ր են կառուցել եւ կառուցում դրանք։ Ահա այցելել ենք մի եկեղեցի, ավելի ճիշտ, նույնիսկ մայր տաճար՝ Սուրբ Կարապետ։ Մուտքի մոտի պատին կարդացինք Վահե եւ Վերոնիկ Կարապետյանների մեզ քաջածանոթ անունները, որոնք ղեկավարել են այս տաճարային հիրավի գլուխգործոցի շինարարական աշխատանքները։ Այն կառուցվել է 70-ական թվականների վերջերին։ Նախաձեռնողն ինքը՝ Վահե Կարապետյանն էր։ Եկեղեցին կրում է Սուրբ Կարապետ անունը, որը, ինչպես հայտնի է, մկրտել է իրեն՝ Քրիստոսին։ Նույն ինքը՝ Հովհաննեսը, Հովհաննես Մկրտիչը։ Վահե Կարապետյանի պապը այդ անունն ուներ. Կարապետ Կարապետյան։ Այնպես որ՝ թոռն իր բարոյական սխրանքով հավերժացրեց միաժամանակ նաեւ պապի հիշատակը։ Դա ընդունված է մեր բարեգործների շրջանում։ Սակայն, եթե միայն այդքանը լիներ... Չէ՞ որ մենք հազվադեպ ենք մտորում այն մասին, որ այդպիսի յուրաքանչյուր «Աստծո տան» ստեղծողները կոնկրետ մարդիկ են, որոնց մասին հաճախ մոռանում ենք։ Իհարկե, ինչպես Վահեն է խոստովանում, ինքը մենակ չէր։ Շատերն են օգնել իրեն։ Բայց ինքը նախաձեռնողն էր եւ ամենամեծ գումար հատկացնողը, կարելի է ասել՝ նաեւ երկար ժամանակով դառնալով շինարարության աշխղեկը։ Հիշեցնենք եւ այն, որ եկեղեցուն կից երկար ժամանակ գործում էր Ռոզ եւ Ալեք Փիլիպոսների հայկական համակրթական դպրոցը, որը ոչ թե պարզապես վերանորոգման, այլ հիմնովին վերականգնման կարիք ուներ։ Եւ դարձյալ՝ Վահե Կարապետյանը։ Կրկնում եմ, նա միակ բարեգործը չէ։ Բարեբախտաբար նրանք շա՜տ-շա՜տ են։ Եւ նրանց բոլորի մասին պետք է գրել, պետք է պատմել նոր սերունդներին։ Թե չէ, օրինակ, Մարի Մանուկյանի անունը կրող դպրոցում ես զրուցեցի մի աշակերտի հետ, եւ պարզվեց, որ նա ոչինչ չգիտի ո՛չ տիկին Մարիի, ո՛չ նրա ամուսնու՝ մեծ Ալեք Մանուկյանի, ո՛չ նրանց դստեր՝ Լուիզ Սիմոն-Մանուկյանի եւ ո՛չ էլ որդու՝ Ռիչարդ Մանուկյանի մասին։ Պետք է նշեմ, որ դա, մեղմ ասած՝ անարդարացի է։ Եւ այն աշակերտը մեղավոր չէ։
   Հենց այդ պատճառով էլ որոշեցի քիչ ավելի հանգամանորեն պատմել իմ մեծ բարեկամ Վահե Կարապետյանի մասին։ Այսօր քչերը գիտեն, թե ինչ տեսք ուներ Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը հայկական այդ հողաշերտն ազատագրելուց անմիջապես հետո, որով դեռեւս քսանական թվականներին հիմնովին զատել էին Լեռնային Ղարաբաղի մարզը Հայկական ԽՍՀ-ից։ Լաչինի միջանցքը բացելուց հետո, այն հաղթական օրերին, առաջնահերթ խնդիր էր համարվում Արցախի կապն արտաքին աշխարհի հետ։ Եւ այն ճանապարհի համար, որով այսօր Գորիսից Ստեփանակերտ ենք գնում, դարձյալ առաջին հերթին պարտական ենք Վահե Կարապետյանին։ Կարելի է թվարկել նրա եւ այլ օբյեկտներ, հաղորդակցություններ բուն Արցախում, մանավանդ դեպի հինավուրց Ամարաս տաճար տանող ճանապարհը։
   Սակայն ես բոլորովին էլ պատահաբար խոսակցություն չբացեցի Վահեի մասին։ Այն ժամանակ, երբ «Արմենիան» կառանվեց Սան Պեդրոյի նավամատույցում, մեծ բազմության ներկայությամբ Վահեն իր կրքոտ ելույթում ընդգծեց, որ վերջին տարիներին իր աչքի առջեւ առաջին անգամ է տեսնում համերաշխաբար միասին հավաքված ոչ միայն տարբեր քաղաքական կուսակցությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների, ոչ միայն այսպես ասած՝ դիմությանն ու ընդդիմությանը, այլեւ միասնական Հայ Առաքելական եկեղեցու երկու թեւերը, որոնք «Արմենիա»-ի կողքին երգչախումբ կազմած հնչեցրին լեգենդար «Կիլիկիա» ժողովրդական երգը։ Միայն հետո Վահեն խոստովանեց, որ վաղուց է տարված, ինչպես ինքը խոստովանեց՝ ոչ թե Էջմիածինն ու Անթիլիասը միավորելու անիրական թվացող գաղափարով, այլ բուռն ցանկությամբ, որ նրանք փոխգործակցեն ձեռք ձեռքի, ուս ուսի։ Եւ դա կարեւոր է, մանավանդ եթե հաշվի առնենք անվերջանալի տնտեսական ճգնաժամերի եւ տեղայնացված պատերազմների հետեւանքով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը։ Վահե Կարապետյանի նման խենթերը, ինչպես հայտնի է, գնահատվում են միայն ապագայում։ Կուզենայի, որ դա հիմա տեղի ունենար։
   ...Չեմ կարող կողքից հանգիստ նայել այն ամենին, ինչ այստեղ կատարվում է Լոս Անջելեսը շրջանակող անտառային զանգվածների չդադարող հրդեհների հետ կապված։ Անընդհատ հանում եմ հուշատետրս եւ գրառում փաստերը։ Հասկանում եմ, որ նման բան այստեղ հաճախ է լինում, եւ տեղի լրագրողներն էլ մանրամասնորեն նկարագրում են ողբերգության հետեւանքները։ Եւ սակայն, պահը որսալով, որոշեցի ինձ ուղեկցող բարեկամներիս հետ այցելել հրդեհից առավել տուժած վայրեր։ Դրանք գործնականում բոլոր ուղղություններով ընկած են դեպի Սանտա Բարբարա։ Տասնութ հազար մարդ տարհանված է, եւ բոլորն էլ լուռ մտածմունքով կամ աղմկոտ խոսքով արտահայտում են անհանգստությունը աղետի գոտում թողած իրենց տների համար։ Ասում են, որ կողոպուտի դեպքեր չեն արձանագրվում։ Արդեն ավելի քան երկու հազար տուն է վառվել։ Բայց ամենից կարեւորը նրանց ճակատագիրն է, ովքեր անմիջականորեն վտանգի գոտում են գտնվում։ Եւ ահա իմ հայրենակիցներից տեղեկանում եմ, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ քսան հազար հայեր գտնվում են հենց այդ գոտում։ «Արմենիա»-ի անձնակազմով գնալով դեպի հերթական եկեղեցին, ողջ երկու տասնյակ կիլոմետրի վրա տեսնում էինք բոլորովին մերկացած բլուրներ, սարեր ու գագաթներ։ Չարագուշակ պատկեր էր։
   Մեզ մնացել է այցելել հայկական դպրոցներ եւ որոշ հուշարձաններ։ Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում հատուկ հանդերձավորում ձեռք բերելու ուղղությամբ, որն անհրաժեշտ է Անտարկտիդայի հարեւանությամբ ընկած Հորն հրվանդանի մի քանի հազար մղոնը շրջանցելու համար։ Նախատեսվում է նաեւ վերջապես բարձրացնել երկար սպասված դրոշ-առագաստը։
  
   Շարունակելի

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

close