ԺԱՄԱՆԱԿՆ Է ԳԼՈՒԽ ԽՈՆԱՐՀԵԼ ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ ԱՌՋԵՎ

  Armenian Russian English

   Ռոբերտ Էլիբեկյան, Արա Շիրազ, Էդվարդ Խարազյան. այս անունները մեզ հայտնի են դեռեւս 60-ական թվականներից, երբ հող էր նախապատրաստվում ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման համար: Առաջին հեղինակների շարքերում փայլատակեցին այս երեք տաղանդավոր նկարիչների անունները:
   1972թ. Հենրիկ Իգիթյանը նվիրատվությունների շնորհիվ հիմնադրեց Հայաստանում ժամանակակից արվեստի թանգարան՝ քանզի այլընտրանք չուներ: Մշակույթի նախարարը ձեռնպահ էր մնացել այդ գործընթացից, որովհետեւ Սովետական Միությունում արգելված էր ամեն մի առաջադեմը, ազատատենչը եւ ժամանակակիցը: Նույնիսկ մոդեռն բառը շշուկով էին արտաբերում:
   Սակայն 60-ականները Հայաստանում բացառիկ բեղմնավոր ժամանակաշրջան էր. իրար հետեւից երեւան եկան նկարչական նորարարությամբ փայլող աստղերի մի ամբողջ համաստեղություն՝ Մինաս, Վրույր, Հակոբ Հակոբյան, Մարտին Պետրոսյան, Աշոտ Հովհաննիսյան, Հարություն Կալենց, Հենրիկ Սիրավյան, Ռաֆայել Աթոյան, Ռուդոլֆ Խաչատրյան:
   Ավելի վաղ հայ արվեստի երկնակամարում շողշողում էին Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Քոչարը: Նրանք էին առաջինները, որ հաճույքով եւ սիրով նվիրեցին իրենց ազատաոճ, ժամանակի շունչն ու ռիթմը կրող ստեղծագործությունները, որպեսզի կայանա իրենց վաղեմի երազանքը, այն է՝ ունենալ արդի արվեստի թանգարան, ցուցադրվել Հայաստանի մայրաքաղաքային թանգարանում՝ Մոդեռն Արտ-ում: Այդ բաղձալի երազանքը իր սրտին հոգեհարազատ նկարիչների հետ միասին իրականացրեց Հենրիկ Իգիթյանը:
   Այսօր, ցավոք, Իգիթյանը մեզ հետ չէ ֆիզիկապես, սակայն նրա գործը այնքան նշանակալից եւ արգասաբեր է, որ շարունակվում է ի հաշիվ նրա թողած հարուստ ժառանգության։ Բայց թանգարանի գործունեության, նրա առաջադեմ գաղափարների իրականացման, ժամանակակից արվեստը է՛լ ավելի զարգացնելու ճանապարհին շատ է կարեւորվում թանգարանի նոր շենքի կառուցումը, որը Հ.Իգիթյանի փափագն ու երազանքն էր։
   1972թ. հունիսի 8, թանգարանի բացման օրը, այն ժամանակվա մշակույթի նախարար Ռուբեն Պարսամյանը կենտկոմից հրաման էր ստացել չթույլատրել թանգարանի բացումը, քանի որ նմանատիպ հաստատություններ չկային ո՛չ Մոսկվայում եւ Լենինգրադում, ո՛չ էլ նույնիսկ սոցիալիստական բլոկում: Իսկ թանգարանի բացման ժամին ամբողջ տարածքի էլեկտրականությունը անջատեցին:
   Ռոբերտ Էլիբեկյանը, մնացած բոլոր նկարիչների հետ միասին ոտքի կանգնեցին եւ հայտարարեցին, որ իրենց նկարները կայրեն Լենինի հրապարակի կենտրոնում: Բարոյահոգեբանական այնպիսի ցնցում ապրեցին մեր նկարիչներն այդ պահին, որ պատրաստ էին դիմելու ծայրահեղ միջոցների, միայն թե չհետաձգվեր թանգարանի բացումը: Եվ գտան միջոցը: Գնեցին հարյուրավոր մոմեր, եւ թանգարանը բացվեց վառվող մոմերի լույսի ներքո, ավելի խորհրդավորություն տալով այդ երեւույթին: Թանգարանը բացվեց եւ ընդունվեց որպես ռեալ փաստ:
   Իր բազմաթիվ հոդվածներում եւ ելույթներում Հենրիկ Իգիթյանը նշել է 70-ականների քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի հսկայական աջակցությունը եւ ընդառաջումը Ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման գործում: Հիմա ժամանակն է արդեն հիշել եւ գլուխ խոնարհել Հենրիկ Իգիթյանի առջեւ, քանզի նրան ենք պարտական այս հրաշալի թանգարանի ծնունդը, որը դարձավ նշան Երեւանի մշակութային կյանքում: Այսօր փաստ է, որ Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվող նկարիչներից յուրաքանչյուրն ունի իր դիմագիծը, ոճը, ձեռագիրը եւ ուրույն տեղը հայ կերպարվեստի պատմության մեջ: Այդ նկարիչների շարքում առաջատարներից է Ռոբերտ Էլիբեկյանը:
   Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանից հետո Ռոբերտ Էլիբեկյանը թերեւս երկրորդ նկարիչն է, որ ի խորոց սրտի գովերգում է կնոջ զինաթափող գեղեցկությունը, քնարականությունը եւ ռոմանտիկ տրամադրությունը:
   Թանգարանի մշտական ցուցադրությունում իր արժանի տեղն է գրավել Արա Շիրազը: Լինելով հայտնի ծնողների՝ Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի որդին, ժառանգել է նրանցից ամենակարեւոր հատկությունը՝ սեր դեպի հայրենիքը, նրա մշակույթն ու պատմությունը։
   Պարույր Սեւակ, Եղիշե Չարենց, Ալեքսանդր Մյասնիկյան, մարշալ Բաբաջանյան, Զորավար Անդրանիկ, Տիգրան Պետրոսյան, էլի ուրիշներ հուշատախտակների եւ դիմաքանդակների հեղինակ է: Այս բոլոր կերպարները, որոնք հավերժացրել է Արա Շիրազը, սիրո մեծ լիցք եւ մագնիսականություն են պարունակում:
   60-ակաների մյուս հեղինակը նկարիչ Էդվարդ Խարազյանն է: Ինչպես եւ Հենրիկ Իգիթյանը, Էլիբեկյանները, Քոչարը, Բաժբեուկը, Էդվարդ Խարազյանը նույնպես մշակութային հարուստ ավանդույթներով Թբիլիսիի ծնունդ է:
   Իր կերպարն արդեն իսկ թելադրում էր նկարչի իր ոճը, որը լի էր ազատատենչ մտքերով, հումորով, նույնիսկ սարկազմով:
   Խարազյանի ներքին աշխարհը հուզառատ է, լարված եւ անկանխատեսելի: Համարյա բոլոր կտավներում էլ նա գույնի եւ գծի փոխանցումներով է արտահայտում բնության եւ մարդու բարդ հարաբերությունները, փոխկապակցվածությունն ու տարանջատումը:
   Այսօր Ժամանակակից արվեստի թանգարանում բացվում է այս փառահեղ ստեղծագործողների ցուցահանդեսը, եւ ուրեմն մշակութային տոն, հրավառություն է լինելու։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ԻԳԻԹՅԱՆ

close