ՎԱԹՍՈՒՆ ՏԱՐԻ ԳՈՒՅՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

  Armenian Russian English

   Ֆրանսահայ ականավոր նկարիչ Ռիշար (Խաչատուր) Ժերանյանն իր ստեղծագործական տարիների ընթացքում շուրջ հարյուր անհատական ցուցահանդես է ունեցել Ֆրանսիայում, Հայաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, մշակութային բազմաթիվ կենտրոններում:
   Արժանացել է ֆրանսիական եւ միջազգային բազմաթիվ մրցանակների, այդ թվում` Բրյուսելի «Արվեստները Եվրոպայում» ցուցահանդեսի երփնագիր մրցանակին, Մոնակոյում` գրաֆիկայի գծով Եվրոպայի առաջին մրցանակին: 1987թ. ֆրանսահայ ճանաչված նկարիչն արժանացավ Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակի: Արվեստասեր հասարակայնությանը քաջ ծանոթ է Ժերանյանի ստեղծագործությունը: Նա Սփյուռքում լայն համբավի հասած, սեփական անհատականություն դրսեւորած կերպարվեստագետներից մեկն է:
   Ռիշար Ժերանյան նկարիչը երբեք չբավարարվեց հայրենիքը հեռվից սիրելու բավականությամբ: Հիսուն տարի առաջ նա եկավ Հայաստան` սեփական աչքերով տեսնելու մանկուց երազած ավետյաց հողը: Այդ սերը նրա սրտում սերմանել էր հայրը, որը, ինչպես հաճախ կրկնում էր Ժերանյանը, «Դանիել Վարուժանին նման մեծ նվիրյալին առաջին ուսուցիչներեն էր Սեբաստիո նախակրթարանին մեջ»: Իսկ Հայաստան բերող ճանապարհն անցել էր Պրահայի եւ Մոսկվայի երիտասարդական փառատոներով, որոնց ցուցահանդեսներին նրա մասնակցությունը երկու դեպքում էլ պսակվել էր դափնեկրի կոչումով եւ Ժերանյան նկարչի մասին Հայաստան հասած առաջին լուրերով:
   Հայաստան այցելելը նրա համար դառնում է կենսական անհրաժեշտություն: Այլեւս դժվար է հիշել, թե քանի անգամ է նա եղել Հայաստանում: Թերեւս 20-25 անգամ` հրավերով, իսկ ավելի հաճախ` սեփական նախաձեռնությամբ: Պատահել է` իր հետ բերել է նաեւ իր մտերիմներին, որպեսզի նրանք էլ տոգորվեն ամենայն հայաստանյանով:
   Ժերանյանը սփյուռքահայ նկարիչներից տակավին միակն է, որ Հայաստանը դիտել է վրձինը ձեռքին, այցելել է Գորիս, Եղեգնաձոր, Լենինական, Դիլիջան, Հաղպատ, Գառնի, Ղարաբաղ եւ այլ վայրեր, հայրենական բնության եւ հուշարձանների բազմաթիվ պատկերներ է կտավին հանձնել: Եվ 1960-ական թվականների վերջերից անխտիր իր բոլոր ցուցահանդեսներում պատշաճ տեղ է տվել հայաստանյան տեսարաններին ու կոթողներին, կարծես արտասահմանյան հայ եւ օտարազգի դիտողներին հրավեր կարդալով` ճանաչել ու սիրել մեր հայրենիքը:
   Ուր էր, թե դա բարի օրինակ ծառայեր մեր տարաբնակ նկարիչներին, որոնց արվեստը մենք սիրում ու ըստ արժանվույն գնահատում ենք, բայց եւ ափսոսանքով մտորում, որ նրանց ցուցահանդեսներում ազգային թեմաները հազվագյուտ են:
   Ժերանյանը սփյուռքահայ նկարիչներից առաջինն էր, որի արվեստը ճանաչվեց մշակույթի այնպիսի համբավավոր կենտրոնում, ինչպիսին է Մոսկվան: 1970-ին նրա ցուցահանդեսը ջերմ ընդունելության արժանացավ խորհրդային երկրի մայրաքաղաքի խստապահանջ արվեստասերների ու մամուլի կողմից, կտավներից մի քանիսը տեղ գտան Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանում:
   1980-ին Մոսկվան դարձյալ նրա գործերը մեծ հաջողությամբ ի ցույց դրեց խորհրդային գիտության հռչակավոր կենտրոնում` Նովոսիբիրսկում:
   Հայաստանում միշտ բարձր են գնահատել Ժերանյանի արվեստը, նրա կապը հայրենի երկրի հետ, հայրենասիրական գործունեությունը Սփյուռքում եւ Հայաստանում:
   Նկարիչը մեծ ցավ ապրեց 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի ողբերգության համար: Նա բյուրերի նման ողբաց հայրենիքի ու հարազատ ժողովրդի կորուստները, իր սրտում հորձանք տված ցավը հեղեց «Լենինականի երկրաշարժը» պատկերում, արժեքավոր նվիրաբերումներով ու մուծումներով իր մասնակցությունը բերեց աղետյալների օգնության գործին:
   Երկրաշարժի թեմաներով նկարիչը գրաֆիկական մի նկար պատրաստեց Ֆրանսիա-ԽՍՀՄ ընկերության համար, որի վաճառքից գոյացած 350 հազար ֆրանկը հատկացվեց երկրաշարժի հիմնադրամին` Լենինականում մանկական հիվանդանոց կառուցելու համար:
   Ամեն անգամ այցելելով Երեւան, անհանգիստ նկարիչը` ճամփորդական նկարակալն ուսից կախ, հայոց դաշտերում ու սարերում է, նկարում է, որպեսզի այդ աշխատանքներն ամենուր ցուցադրի, դրանցով օտար դիտողին, հեռավոր հայրենակիցներին մի ինքնատիպ, յուրօրինակ պատմություն անի իր նախնիների երկրի մասին:
   Ավելի քան 50 տարի է, որ նկարիչն իր հոգու բոլոր լարերով կապվել է հարազատ Հայաստանի, նրա ժողովրդի հետ: Նկարիչը խոստացել է 2010թ. կրկին այցելել հարազատ երկիր, ապրել նրա վերածննդով, հանդիպել հին ու նոր բարեկամներին, բացել անհատական աշխատանքների ցուցահանդես:
   Հայաստան առաքած նամակներից մեկում որպես կոչ հնչեց. «Աշխարհի ամբողջ հայությունը ոտքի վրա է եւ պարտավորված ամեն միջոցով օգտակար լինել մեր հայրենիքին: Մենք բոլորս նորից եւ նորից պետք է աշխատենք: Հայաստանը պետք է ապրի` իր մեծ նպատակներին հասնելու հավատքով»:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

close