ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ. ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՔԱՐՈԶԻՉԸ

  Armenian Russian English

   Հետադարձ հայացքը մեր պատմությանը եւ ժամանակակիցների հիշողությունները վկայում են, որ 1965 թվականը հայ ժողովրդի կյանքում բոլոր առումներով է բեկումնային եղել։
  
   Այսօր է, որ world-music-ի ոլորտում հոգեւոր երաժշտությունը հրաշքներով լի աշխարհներ է բաց անում, իսկ մինչեւ 1965-ը մեզանում, ըստ էության, երաժշտության այս ժանրը համերգային դահլիճներում տաբու է եղել. սովետական արգելափակոցը այն վերապահել էր բացառապես եկեղեցուն։
   Հայ հոգեւոր երաժշտության բնագավառում հսկայական է մեծատաղանդ երգեհոնահար ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ դերակատարությունը։ Հայ երաժշտարվեստի մեծերից Էդվարդ Միրզոյանի խոսքերով, հենց նրա կատարմամբ էր, որ համերգասրահների բեմերից առաջին անգամ հնչեցին հայ միջնադարյան հոգեւոր երաժշտության լավագույն նմուշները։
   Վահագն Ստամբոլցյանի հետ ստեղծագործական համագործակցության շնորհիվ էր, որ առաջին անգամ հայ հանրությունը բացահայտեց Լուսինե Զաքարյանի անզուգական տաղանդը։ Առաջին անգամ 1965 թվականի ապրիլի 24-25-ին էր, որ Խորհրդային Հայաստանում Վահագն Ստամբոլցյանը Լուսինե Զաքարյանի մասնակցությամբ հոգեւոր երաժշտության համերգային ծրագրով նշեցին Մեծ եղեռնի տարելիցը։ Եվ Վ.Ստամբոլցյանի շնորհիվ էր, որ հայ հոգեւոր երգը բազմաթիվ եվրոպական երգեհոնահարների ծրագրային կատարումների ցանկում իր տեղը գտավ։
   Ի դեպ, այս օրերին էլ, երբ աշխարհի բազում երկրներում Ցեղասպանության 95-րդ տարելիցն է նշվում, Վահագն Ստամբոլցյանն իր գործն է կատարում. Հայաստանի բոլոր այն հեռավոր ու մոտ վայրերում՝ Կապանից Չարենցավան, ուր երգեհոն կա համերգային դահլիճներում, հնչում են նրա եւ իր սաների հրաշալի կատարումները։
   Լենինգրադում ապրած եւ ուսանած, մանկությունն ու երիտասարդությունն այնտեղ անցկացրած Վահագն Ստամբոլցյանը դասական հայ մտավորականի տեսակ է, որ ե՛ւ պարզ է, ե՛ւ ազնվական, ե՛ւ համաշխարհային արվեստի մեծությունն է մատուցում մեզ, ե՛ւ հայ հոգեւոր մշակույթը։ Ըստ որում՝ երկուսն էլ նույնքան բարձրարժեք եւ կատարյալ։
   Խորհրդային տարիներին` տեւական մի շրջան, «ժողովրդի թշնամի» բնորոշումով շատ մտավորական ընտանիքներ են հալածանքի ենթարկվել։ Դրանցից մեկը Ստամբոլցյանների ընտանիքն էր. «Մանկուց մաշկիս վրա զգացել եմ այդ ամենը՝ մանկապարտեզում, երաժշտական դպրոցում։ Բայց երաժշտության, մշակույթի ուժը ինձ փրկել է։ Այդպիսով են շատերը հաշվի նստել ինձ հետ։ Խորհրդային տարիներին էլ իբրեւ երաժիշտ հաջողություններ ունեի, բայց միշտ ճնշումը, թե ազատ չես կամ երկաթե վարագույրի զգացողությունը գլխավերեւումս եղել է։ Այդ տարիներին հոգեւոր երաժշտությունն արգելված էր։
   Բայց ես կատարում էի՝ առանց հայտարարելու, առանց խոսքի։ Որ գնայի այս կամ այն պաշտոնյային հարցնեի, բնական է, կասեին՝ ոչ։ Ես էլ սուսուփուս էի անում անելիքս։ Չկա այլեւս երկաթե վարագույրը, բայց հիմա էլ ուրիշ բանից է սիրտս ցավում։ Օրեցօր ահագնացող արտագաղթը (լավագույն ուսանողներս արտերկիր են մեկնել, երգեհոնի մեր լավագույն մասնագետները նույնպես գնացին, այնտեղ են աշխատում եւ հիմա մեր երգեհոնները փրկելու խնդիր կա), էլ չեմ խոսում օտարամոլության մասին՝ առաջ ռուսամոլությունն էր իշխում, այժմ ամերիկամոլությամբ են տառապում շատերը»։
   Միով բանիվ, լավատեսությունը երբեք չի լքում Վահագն Ստամբոլցյանին. «Մտածում եմ, այսպես երկար չի կարող շարունակվել»։ Վերջին հարյուրամյակի մեր վերելքների եւ անկումների մասին էլ ասում է. «Դժբախտաբար ազգային անկումներն առավել մեծ են եղել՝ Մեծ եղեռն, մեծ երկրաշարժ։ Վերելք եմ համարում Ղարաբաղյան շարժումը, որը 1965 թվականի ազգային զարթոնքի շարունակությունն էր։ 88-ին, որպես հայ, իմ ամենաերջանիկ օրերն եմ ապրել»։
   Հետաքրքիր է, որպես երաժիշտ, ինչպե՞ս է գնահատում ժամանակակից կոմպոզիտորներին։
   Հարցին պատասխանում է շիտակորեն. «Բարեբախտաբար թե դժբախտաբար այնքան կլանված եմ Բախի երաժշտությամբ, որ ուրիշ երաժշտությամբ զբաղվելու, այլոց վայելելու ժամանակ չի լինում։ Ինչ խոսք, տաղանդավոր կոմպոզիտորներ ունենք, բայց անկեղծ լինեմ՝ ժամանակակից երաժշտարվեստն ինձ չի հուզում։
   Բայց այ, չափազանց հուզում է այն, որ հիմա էլ շարունակվում են Կոմիտասի հազար ու մի մշակումները։ Երաժշտության մեջ զարմանալիորեն զորեղ երեւույթ էր Կոմիտասը։ Հատկապես իր ապրած ժամանակաշրջանում հայ երգն ու երաժշտությունը շատ էր աղավաղված օտար ազդեցություններից։ Նա անմնացորդ նվիրվեց հայ երգը մաքրելու, հստակեցնելու գործին։ Ըստ իս, որքան մեծ են, այնքան ավելի պարզ ու մատչելի։
   Բայց այդ բանաձեւը միշտ չէ, որ հասկանում են։ Մարդիկ, որ ստեղծագործելու շնորհք չունեն, եղածն են մշակում։ Խեղճ Կոմիտասին հանգիստ չեն թողնում։ Ո՞նց կարելի է։ Մի անգամ նույնիսկ կատակով ասացի, թե օրենքի մեջ պետությունը պիտի Կոմիտասին «մշակումների ենթարկողների» դեմ մի հոդված մտցնի»։

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

close