ԱԳԱՐԱԿԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

  Armenian Russian English

   Ագարակը հին բնակավայր է. դեռ վաղնջական ժամանակներից եղել է արքունական կալվածք, այսինքն՝ ագարակ, որտեղից էլ ստացել է անվանումը։ Հնագիտական պեղումների շնորհիվ պարզվել է, որ մարդն այս տարածքում ապրել է շուրջ 5000 տարի առաջ։
   Ուշագրավ հուշարձաններ են Ագարակի մոտ գտնվող քարակոփ ու ժայռափոր կերտվածքների համալիրները, որոնց շուրջ տարածված է բազմաշերտ բնակատեղին ու դամբարանադաշտը։ Այդ տարածքը բնակեցված է եղել մ.թ.ա. 3-րդ հազ. առաջին քառորդից։ Այստեղ գործել է հսկայական պաշտամունքային համալիր։ Տարածքից հայտնաբերվել են Ալեքսանդր Մեծի եւ Օգոստոս Օկտավիանոս կայսեր դրամները։
   Ագարակի կենտրոնում գտնվում է 4-5-րդ դարերում կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն ուղղանկյուն հատակագծով եւ արեւելքից պայտաձեւ աբսիդով (խորան) շինություն է։ Արեւմուտքից եկեղեցուն կից է ուղղանկյունաձեւ մի շինություն, որն ընդունված է անվանել նախասրահ կամ գավիթ։ Հուշարձանը կիսակործան է, ավերված, պահպանվել են միայն պատերի ու խորանի հատվածները։
   1924թ. եկեղեցին ուսումնասիրել է Թ.Թորամանյանը, իսկ 1948 թվականին Հ.Եղիազարյանը։ Վերջինս գրել է. «Միանավ բազիլիկա է, հավանաբար կառուցված 5-6-րդ դարերում»։
   Եկեղեցու ներսում, խորանի հարավային մասում կա եղծված ու քայքայված արձանագրություն, կարդացվում է միայն թվականը (1215թ.)։ Թ.Թորամանյանի կարծիքով, այն գրվել է Զաքարե ամիրսպասալարի որդու՝ Շահնշահի ժամանակ։ Վիմագիրը հավանաբար նվիրատվական է։
   Կարծում ենք, որ Սբ Աստվածածին եկեղեցին վերանորոգվել ու ամրացվել, միաժամանակ վեր է ածվել աշտարակատիպ շինության Զաքարյանների օրոք, երբ թուրքերից ազատագրվել է Արագածոտնը։ Նմանատիպ շինությունների էին վերածվել Աշտարակի ու Փարպիի ծիրանավոր եկեղեցիները եւ այլն։ Ագարակը ազատագրվել է 1191թ.։ Այդ են հավաստում եկեղեցու արեւելյան ու հարավային ճակատների վրա եղած հզոր աշտարակաձեւ որմնահեծերը, որոնք հիշեցնում են ամրոցի պատեր։
   18-րդ դարի վերջում կամ 19-րդ դարի սկզբում Հ.Արարատյանը, լինելով տեղում, գրել է. «Ագարակը հին ժամանակ հայի գյուղ էր..., ես գնացի տեսնել այնտեղի հին բերդն»։ Հավանաբար նրա տեսած այդ հին բերդը ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։
   Հետաքրքրական շինություն է եկեղեցու գավիթը։ Թ.Թորամանյանն այն համարել է կառուցված 13-րդ դարում, սակայն հուշարձանի մանրակրկիտ ուսումնասիրությունը հավաստում է, որ այն ու եկեղեցին միաժամանակյա շինություն են։
   Եկեղեցու քարերի մեծությունը, շարվածքն ու պատերի լայնությունը, ինչպես նաեւ գավթի հյուսիսային պատի մուտքում գտնվող զարդաքանդակները, բարավորի ձեւը բնորոշ են վաղ միջնադարին։
   Հուշարձանը կառուցված է սրբատաշ կարմրագույն տուֆի մեծ քարերից՝ կրաշաղախով։
   Ինչպես Թ.Թորամանյանն է նշել, եկեղեցին կարիք ունի մանրակրկիտ մաքրման ու պեղումների։
   Հ.Եղիազարյանը գրել է, որ եկեղեցու «քանդված քարերից դրված են շրջակա տների պարտեզների ցանկապատերի մեջ։ Եկեղեցու ներսում եւ արեւելյան պատի տակ թափված են խաչքարերի քանդակազարդ մի քանի բեկորներ»։ Ի դեպ, այդ բեկորներից մեկի վրա կարդացվում է Սարգիս անունը։
   Ագարակի հյուսիսային մասում գտնվում են գյուղի մյուս՝ Ամենափրկիչ եկեղեցու հենապատերը։ Այն ամբողջությամբ կործանված է։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ, որի արեւելյան կողմում նկատվում է կիսակլոր աբսիդի հետքեր։ Հյուսիսային եւ հարավային պատերը ներքուստ ունեն մեկական ուղղանկյուն որմնասյուներ, որոնք մոտ են աբսիդին։ Հուշարձանը կառուցվել է կարմիր տուֆից՝ կրաշաղախով։ Հ.Եղիազարյանը ենթադրել է, որ այն կառուցվել է միջին դարերում։
   Ագարակում նորից հայ բնակչությունը հաստատվել է 1919թ., Հայոց մեծ եղեռնից հետո, երբ այստեղ են գաղթել Վանից ու Բիթլիսից։
   Ժամանակն է լուրջ ուշադրություն ցուցաբերել Ագարակի հուշարձանների նկատմամբ։

ԱՐՄԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ Գիտաշխատող

close