ՀՈՂ ԷՐ, ՀՈՂ ԴԱՐՁԱՎ

  Armenian Russian English

   Կանգուն եկեղեցիները քիչ են
  
   Հարցազրույց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
  
   -Նոր եք վերադարձել Իրան կատարած ուղեւորությունից։ Ի՞նչ կոնկրետ նպատակ ուներ այն եւ հայկական հուշարձանների պահպանության առումով ի՞նչ վիճակ արձանագրեցիք։
   -Անցյալ տարի մշակույթի նախարարությունը բյուջեի հատկացումով հաստատեց մի ծրագիր, ըստ որի, այս տարվանից պիտի արտերկրի հայկական հուշարձանների ուսումնասիրություններ եւ վկայագրումներ կատարեինք։
   Առաջին մեկամսյա ճամփորդությունը (հունիսի 5-հուլիսի 6) դեպի Իրանի հայկական գաղթօջախն էր: Իսկ Մեծ Հայքի սահմաններից ներս գտնվող հինգ հայտնի գավառներ (Ղարադաղ, Մակու, Սալմաստ, Խոյ, Ուրմիա) ուսումնասիրությունը կսկսենք սեպտեմբերի սկզբին։ Այս անգամ ուղեւորվեցինք մասնավորապես Նոր Ջուղա, նրա մերձակա գավառները, որ ձգվում են դեպի հյուսիս-արեւելք՝ Չարմահալ, Փերիա, Քյազազ, Քյամարա եւ Արաք։
   Այս բնիկ պարսկական գավառներում հայերը գրեթե հատուկենտ են եղել մինչեւ Շահ Աբասի մեծ բռնագաղթը։ Այսինքն՝ այստեղ հայաբնակ գյուղերը Շահ Աբասի բռնագաղթից հետո են ծնունդ առել։
   Ի դեպ, այն հույսը, որ ունեի, թե բռնագաղթածների առաջին մեկ-երկու սերունդը պիտի որ իր ծննդավայրի անունը հիշատակած լինի տապանաքարերի վրա, որոշ դեպքում արդարացավ։ Իսկ ընդհանրապես տարօրինակ ազգ ենք՝ ծննդավայրը, հայրենիքը շատ բան չի նշանակել մերոնց համար ոչ միայն այսօր, այլեւ դարեր առաջ։ Այսինքն՝ ամեն 200-300 տապանաքարը մեկ՝ մի տեղանուն տեսնում ենք։ Ասենք, տարբեր գյուղերի անուններ՝ Բասեն, Նախիջեւան։
   Իրանում էլ սարսափելի շոգ էր, իսկ մենք աշխատում էինք բնակավայրերի գերեզմանոցներում, որովհետեւ եկեղեցիները հիմնականում քանդված էին։ Կանգուն հայկական եկեղեցիները քիչ էին, եղածն էլ հիմնականում Փերիայի գավառում։ Իսկ այստեղ կային, որովհետեւ որոշ գյուղերում դեռ հայեր մնացել էին։
   -Հետաքրքիր է, քանդված եկեղեցիները ինչի՞ վկայությունն էին՝ սոսկ հայերի բացակայությա՞ն։
   -Նախ՝ 1946-ի հայրենադարձության շրջանից արդեն հայեր չկային, ապա՝ մեր բոլոր եկեղեցիները, նաեւ բնակելի տները կառուցված են հում աղյուսից։ Իսկ հում աղյուսը երբ քայքայվում է, հող է դառնում։ Ասում են, չէ՞, «հող էր, հող դարձավ»։ Ճիշտ այս դեպքն է։ Ընդ որում, անհետ վերանում են։ Որոշ գյուղերում վերաբնակված լոռերը կամ պարսիկները եւ կամ քրդերը վկայում էին, թե՝ «այո, հիշում ենք այստեղ, այս հողակույտը հայկական եկեղեցի է եղել»։ Որոշ տեղերում եկեղեցիները մզկիթի են վերածել եւ դա լավագույն տարբերակն է, քանի որ կառույցը փրկվել է։
   Մի խոսքով, եկեղեցիները մեծ մասամբ քանդված էին։ Օրինակ, ամբողջ Քյամարա գավառում միայն Քալավա գյուղում կար եկեղեցի, այն էլ 1983-ին հիմնավորապես նորոգած-վերակառուցած։
   Մենք հատկապես կենտրոնացանք Նոր Ջուղայի հուշարձանների ուսումնասիրության վրա։ Այստեղ 6 օր մնացինք։ Դեռ անցյալ տարի տեսնելով Նոր Ջուղայի գերեզմանոցը (այն երկու մասի է բաժանվում՝ վերին եւ վարին, որն ավելի ընդարձակ է) մտածել էի՝ բոլոր տապանաքարերի լուսանկարումը անհրաժեշտ ձեւով մի 6-7 օրվա պատմություն է։
   Մենք աշխատանքը սկսեցինք վերին հատվածից, այն հույսով, որ կավարտենք եւ կանցնենք վարի հատվածին։ Վեց օրում հազիվ ավարտեցինք վերին հատվածը՝ ընդհանուր առմամբ լուսանկարելով մոտ 4000 արձանագիր տապանաքար, որոնցից 2525-ը՝ 17-18-րդ դարերի։ Սա մեր պատմությունն է։
   -Իսկ կային բացառիկ նմուշներ։
   -Կային, ասենք, բազմաթիվ խոջաների, բարձրաստիճան հոգեւորականների, վարդապետների տապանաքարեր։ Այսինքն՝ պատկերաքանդակի իմաստով ծով ուսումնասիրությունների նյութ ունենք՝ սկսած երաժշտական գործիքներից, ավարտած տարազով եւ կենցաղային իրերով։
   Տապանաքարեր կային որ վերից վար վիմագրեր էին եւ միայն հասցնում էինք լուսանկարել։ Ընդ որում, աշխատում էինք առավոտյան 8-ից մինչեւ 13։00-ն, քանի որ մեկ-երկու ժամ հետո, երբ արեւը ուղիղ վերեւից էր խփում եւ տապանագրերի արձանագրությունների վրա լույսի ու ստվերի խնդիր էր առաջանում՝ դրանք դառնում էին դժվարընթեռնելի։ Այդ պարագայում լուսանկարելն էլ անիմաստ էր։ Երկու-երեք ժամ ընդմիջումից հետո աշխատում էինք մինչեւ երեկոյան 20։00-ն։ Այժմ արդեն աշխատանքի ծավալը տեսնելով, հստակ պատկերացնում ենք, թե եկող տարի ինչքան ժամանակ պետք կլինի գերեզմանոցի մնացած հատվածն ուսումնասիրելու համար։
   -Ասել է թե՝ Ջուղայում լավ պահպանվել են տասնամյակներ եւ հարյուրամյակներ առաջվա տապանաքարերը։ Իսկ ի՞նչ կասեք հայերի ձեռքով ստեղծված այլ կառույցների մասին։ Ընդհանրապես այդ ամենին քանդման վտանգ չէ՞ր սպառնում։
   -Գերեզմանոցի մի եզրով երկկողմանի լայն մայրուղի է ձգվում եւ այն կառուցելու ժամանակ մերձակա տապանաքարերը մոտ 300 մետր հետ են մղվել։ Այդ հատվածում մեծ-մեծ քարեր կային, որ թեքված էին, որոնք հնարավորինս շտկելով, կարողացանք նկարել։
   Ինչ վերաբերում է այլ շինություններին, ապա հոյակապ բնակելի տներ կան, որոնք առանձին ուսումնասիրության նյութ են։ Ընդհանրապես այս աշխատանքները շատ կարեւոր են։ Ճիշտ է, այն մեր մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ ի վիճակի եղանք կատարել, բայց շատ փոքր տոկոսը կկարողանայինք անել, եթե չլիներ հայ համայնքի ներկայացուցիչների, մասնավորաբար Թեհրանի հայկական թանգարանի տնօրեն Շերլին Ավետյանի հովանավորությունը։
  
   Շարունակելի

ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ

close