ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԼԻՆԵՆ

  Armenian Russian English

   Հերթական համապետական ընտրություններից առաջ դարձյալ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու անհրաժեշտություն է առաջացել: Այս նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը, ԵԱՀԿ եւ ԵԽ երեւանյան գրասենյակները, ԵՄ հայաստանյան պատվիրակությունը Երեւանում հրավիրել էին «Հայաստանի ներկայացրած ընտրական օրենսգիրքը եւ միջազգային հեռանկարը» համաժողով:
   Երեկ, երբ Ազգային ժողովի հիմնականում ընդդիմադիր խմբակցությունների ակտիվ մասնակցությամբ ընթացող երկօրյա քննարկումներն ավարտվեցին, մենք զրուցեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ:
   -Պարոն Ազարյան, իրո՞ք անհրաժեշտ է բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, թե՞ լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար է բարի կամքը:
   -Իրոք, հնարավոր է միայն բարի կամքի դեպքում լավ ընտրություններ անցկացնել, սակայն դա դեռ չի նշանակում, թե մենք պետք է բավարարվենք եղածով ու չընդունենք այն բարեփոխական առաջարկները, որոնք ներկայացնում են մեր քաղաքական դաշտի մասնակիցները: 2007 եւ 2008 թվականներին տեղի ունեցած համապետական ընտրություններից հետո փոփոխությունների առաջարկներ են ներկայացրել նաեւ միջազգային դիտորդական առաքելությունները: Կան փոփոխություններ, որոնք ուղղակի անհրաժեշտ են:
   Իմ կարծիքը, իհարկե, սուբյեկտիվ է, սակայն անհրաժեշտ է բարեփոխումներն սկսել ընտրական հանձնաժողովների կազմավորման սկզբունքը փոփոխելուց: Հեղինակների ու Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած փոփոխությունների ցանկում ԿԸՀ-ի ներկայացրած շատ առաջարկներ չեն ընդունվել:
   -Եթե ընդունվի ընտրական հանձնաժողովները կազմավորելու ձեր առաջարկը, ընտրություններ կազմակերպելու եւ անցկացնելու պատասխանատուն պետությո՞ւնն է դառնում:
   -ԿԸՀ-ն առաջարկում է ընտրական բոլոր մակարդակի հանձնաժողովները կազմավորել պետական ծառայողներից, մասնագետներից ու իրավաբաններից: Բայց սա նշանակում է, որ ընտրությունների պատասխանատու է դառնում ոչ թե պետությունը, այլ այն պաշտոնատար անձինք, ովքեր կազմավորում են հանձնաժողովները:
   Պետք չէ մոռանալ կամ հաշվի չառնել, որ ընտրական որեւէ մակարդակի հանձնաժողովի անդամ նշանակվելուց հետո նրանք դառնում են անկախ: Անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով, հետկանչի որեւէ մեխանիզմ նրանց նկատմամբ չի գործում: Հետեւաբար նրանք դառնում են անկախ ու պատասխանատու իրենց բոլոր պաշտոնական գործողությունների համար:
   Հավատացած եմ, որ բոլոր ընտրական հանձնաժողովները պետք է պրոֆեսիոնալ լինեն: Այդ դեպքում նրանք կիմանան օրենքը եւ կկատարեն իրենց բոլոր պարտականությունները:
   -Նպատակահարմար համարո՞ւմ եք քվեարկածների ցանկերը հրապարակելը: Ընդդիմության այս առաջարկը ինչ-որ խնդիր լուծո՞ւմ է:
   -Կան երկրներ, օրինակ` Ավստրալիան ու Հունաստանը, որտեղ ընտրություններին չմասնակցելու համար քրեական հետապնդում է նախատեսված: Բայց այդ երկրներում եւս ոչ բոլորն են քվեարկում։ Չի եղել գոնե մի դեպք, որ ընտրություններին չմասնակցելու համար քաղաքացին քրեական պատասխանատվության կանչվի:
   Պետությունը օրենքի ուժով չպետք է ստիպի քաղաքացուն քվեարկել: Դա քաղաքական կուսակցությունների եւ թեկնածուների խնդիրն է: Մենք, իհարկե, շատ ենք ուզում, որ բոլոր քաղաքացիները գնան ընտրության ու քվեարկեն, քանի որ այդ դեպքում ընտրախախտումների թիվը էապես քիչ կլինի, եւ դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա փոքր կլինի: Որքան մեծ լինի քվեարկողների թիվը, այնքան ընտրվածները ավելի պարտավորված կլինեն լավ աշխատել:
   Քաղաքական ուժերը միայն բողոքում են: Քննարկումների ժամանակ կուսակցություններից մեկի ղեկավարը հայտարարեց, թե ընտրությունների ժամանակ քվեարկում են 400 հազար մահացածներ: Իսկ ի՞նչ են նրանք արել` ընտրացուցակները ճշգրտելու համար: Մեր այս բոլոր տվյալները բաց են, տեղադրված են կայքէջում, կան բոլոր մեխանիզմները, սակայն կուսակցությունները ոչինչ չեն անում ցուցակներից չեղած մարդկանց հանելու համար, եթե իհարկե այդպիսիք կան:
   Կուսակցություններից շատերի համար ընտրությունները սկսվում են ոչ թե նախորդ ընտրությունների ավարտից, այլ միայն հաջորդ ընտրության օրը նշանակելուց հետո: Բայց քաղաքական ուժերին ինչ-որ բաներ սովորեցնելը ԿԸՀ-ի իրավասություններից դուրս է:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

close