ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐԸ

  Armenian Russian English

   Կրքերը նախագծի շուրջ շիկանում են
  
   Հարցազրույց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ԳԱՐԵԳԻՆ ԱԶԱՐՅԱՆԻ հետ
  
   -Պարոն Ազարյան, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը այլընտրանքային Ընտրական օրենսգրքի նախագիծ է պատրաստվում ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Որքանո՞վ է դա ռեալ:
   -Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումներին ծանոթացանք անցյալ նոյեմբերին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ընթացքում: Այն ժամանակ մի նախագիծ էին ներկայացրել, որը մեր հանձնաժողովի անդամներից մեկը մանրակրկիտ ուսումնասիրել ու համեմատել է իշխանական կոալիցիայի մշակած եւ օրերս Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը ուղարկված նախագծի հետ: Գուցեեւ զարմանալի թվա, բայց կոալիցիոն նախագծում առկա տառասխալներն անգամ «Ժառանգության» նախագծում նույնությամբ կրկնվում են:
   Հետեւաբար ներկայացված այլընտրանքային նախագիծը մեծ մասամբ կոալիցիոն կուսակցությունների համատեղ մշակած նախագծի պարզ արտատպությունն է, գուցե մասնակի լրացումներով կամ փոփոխություններով: Իսկ դա նշանակում է, որ պաշտոնապես ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծի գոնե մի մեծ մասին «Ժառանգությունը» համամիտ է, բայց այդ մասին հայտարարելու քաղաքական համարձակություն չունի:
   Բնականաբար կոալիցիոն նախագծում կարող են լինել դրույթներ, որոնց ոչ միայն «Ժառանգությունը», այլեւ մյուս խմբակցությունները կամ անհատ պատգամավորներ համաձայն չեն լինի: Բայց խորհրդարանը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական մոտեցումները պետք է քննարկվեն, հստակեցվեն կամ համաձայնեցվեն:
   Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել նաեւ, որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու աշխատանքները սկսվել են նախորդ համապետական ընտրություններից գրեթե անմիջապես հետո, երբ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի կարգադրությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ: Այս խմբում ներգրավվել են ոչ միայն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները` «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը, այլեւ մի շարք արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ: Հետեւաբար կոալիցիայի ներկայացրած նոր նախագիծը այս աշխատանքային խմբի գործունեության արդյունքն է:
   Եթե այլընտրանքային նախագծեր առաջարկողները ուշադիր կարդան շրջանառության մեջ դրված նախագիծը, ապա հաստատ կհանդիպեն իրենց առաջարկությամբ ամրագրված դրույթների:
   -Ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելուն ու անցկացնելուն ի՞նչ չափով կարող է նպաստել Դաշնակցության նախաձեռնած` արդար ընտրություններ անցկացնելուն աջակցելու հանրային շարժումը:
   -Դաշնակցությունը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերին կոչ է անում միանալ իր նախաձեռնած այս շարժմանը: Իսկ կա՞ գոնե մեկ կուսակցություն կամ կազմակերպություն, որ հայտարարի, թե կողմ է ոչ ազատ, ոչ արդար, ոչ թափանցիկ, ոչ ժողովրդավարական ընտրություններին: Բնականաբար չեն էլ կարող լինել, քանի որ ընտրությունները պարտադիր պետք է համապատասխանեն Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին եւ անցկացվեն ժողովրդավարական բոլոր չափանիշերին համապատասխան:
   Նման նախաձեռնությունները նորություն չեն, եղել են նաեւ այլ երկրներում, սակայն դրա անհրաժեշտությունը չկա: Պետք չէ որեւէ կոչով պայմանավորվել` անելու այն, ինչը պարտադիր է ընտրության բոլոր մասնակիցների համար:
   -Ե՞րբ ուժի մեջ կմտնի նոր Ընտրական օրենսգիրքը։
   -Ընտրական նոր օրենսգիքը ուժի մեջ կմտնի ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունելուց եւ նախագահի վավերացումից հետո: Դա հիմնականում նույն մեր գործող օրենսգիրքն է լինելու, բայց կոալիցիան նպատակահարմար գտավ ոչ թե դարձյալ փոփոխել ու լրացնել այն, այլ նոր օրենքի տեսքով ընդունել: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը 1999 թվականից այնքան է փոփոխվել ու լրացվել, որ փոփոխված հոդվածների թիվը գերազանցում է բուն օրենսգրքի հոդվածների թվին: Առայժմ նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը:
   -Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը ի՞նչ նորամուծություններ է ներառել:
   -Անդրադառնամ միայն հիմնական նորամուծություններին: Փոխվել է Կենտրոնական եւ ընտրատարածքային 41 ընտրական հանձնաժողովները կազմավորելու կարգը: ԿԸՀ յոթ անդամի համար հինգական անկուսակցական թեկնածուներ են առաջադրելու Մարդու իրավունքների պաշտպանը, Վճռաբեկ դատարանի նախագահը եւ Փաստաբանների պալատը: Այս 15 թեկնածուներից երկրի նախագահը ընտրելու է 7-ին եւ նշանակելու է ԿԸՀ անդամ: Ընտրական օրենսգիրքը միաժամանակ պահանջում է, որ հանձնաժողովում յոթ անդամից երկուսը լինեն իրավաբան, երկուսը` կին: Նոր ԿԸՀ-ն կձեւավորվի օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո տասն օրվա ընթացքում:
   Ամեն նոր ԿԸՀ վերակազմավորելիս հանձնաժողովի մեկ երրորդը պետք է փոխվի: Նշածս պետական մարմինները երկրի նախագահին թեկնածուների ցանկ ներկայացնելուց առաջ այսուհետ ստիպված կլինեն մանրակրկիտ ընթերցել օրենսգիրքը, առաջադրել միայն այն քաղաքացիներին, որոնք համապատասխանում են օրենքի սահմանած պահանջներին: Այս չափորոշիչներով կկազմավորվի իսկապես անկախ ու մասնագետներից բաղկացած ընտրական հանձնաժողով, որպիսին մեր վերանկախացած պետությունը դեռ չի ունեցել, քանի որ ԿԸՀ անդամը անփոփոխելի է, կախված չէ իր նշանակողից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորելու է ԿԸՀ-ն:
   Յոթ հոգիանոց ԸԸՀ անդամը պետք է լինի հանրային ծառայող, անկուսակցական, ունենա իրավաբանի կրթություն կամ պետական կառավարման ոլորտում աշխատանքի առնվազն հնգամյա ստաժ եւ այլն: Յուրաքանչյուր ԸԸՀ-ում անդամներից մեկը պետք է լինի կին, մեկը` իրավաբան:
   Տեղամասային ընտրական հանձնաժողովները կկազմավորվեն գործող` կուսակցական-ներկայացուցչական կարգով, քանի որ օրինագծի հեղինակները նախընտրել են այս տարբերակը: Այս համակարգով ստացվում է, որ ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու պատասխանատուն պետությունն է, իսկ քվեարկությունն իրականացնելու պատասխանատուն խորհրդարանական կուսակցություններն են:
   ՏԸՀ-ներում, ըստ օրենսգրքի, նախագահը, նրա տեղակալն ու քարտուղարը չեն ընտրվելու, այլ նշանակվելու են խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացած քվեների տոկոսների համամասնությամբ: Օրինակ, եթե «Ժառանգությունը» ստացել է 6% քվե, ապա ՏԸՀ-ի 6%-ում կունենա նախագահ, փոխնախագահ, քարտուղար:
   Նոր ԿԸՀ-ում, ըստ նոր օրենսգրքի, կլինի նոր մարմին` մշտապես գործող վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Այս մարմինը կստուգի ոչ միայն նախընտրական քարոզչության փուլում հիմնադրամներ կատարվող մուծումները, դրանք ծախսելու կարգը, այլեւ կուսակցությունների ֆինանսավորումը ողջ տարվա ընթացքում: Սա նաեւ միջազգային կառույցների պահանջն է:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

close