ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ

  Armenian Russian English

   Դրամի գրաֆիկական խորհրդապատկերը ձեւավորվել է 1995 թվականի սեպտեմբերին` նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: Խորհրդապատկերի հեղինակը Կարեն Կոմենդարյանն է: Հեղինակը նշում է, որ գաղափարը ծնվել է պատահական, գրեթե մեկ օրվա ընթացքում:
   1993 թվականին Հայաստանն սկսեց օգտագործել սեփական ազգային արժույթը` հայկական դրամը: Անհրաժեշտություն կար ունենալ դրամի գրաֆիկական խորհրդապատկերը: «Ճիշտ է, գաղափարը ծնվեց պատահաբար, սակայն դրա համար կային մի շարք նախադրյալներ: Խորհրդապատկերի ստեղծման համար ամենագլխավոր գործոնը համարում եմ իմ պատկերացումը հայկական տարրերի սիստեմատիկ ձեւով կրկնվող երկրաչափական ուրվագծերի մասին, որոնք շատ դեպքերում ունեն նաեւ հորիզոնական գծիկներ»,- նշում է Կարեն Կոմենդարյանը:
   Արդյունքում ծնվեց դրամի գրանշանը` ձեւափոխելով «դրամ» բառի առաջին տառը: Դ տառի վրա ավելացված երկու հորիզոնական գծերը հավասարության նշանն են:
   Խորհրդապատկերի ստեղծումից վեց տարի անց` 2001 թվականին, հեղինակը գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցել է հանրապետության նախագահին որպես նվեր Հայաստանում քրիստոնեությունը ընդունելու 1700-ամյա հոբելյանի առթիվ:
   Այս ձեռնարկումներին հաջորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից հայտարարված հայկական դրամի գրանշանի մրցույթը, որի արդյունքում ընտրվում են Կարեն Կոմենդարյանի եւ նկարիչ Ռուբեն Արուտչյանի առաջարկած տարբերակները:
   Կ.Կոմենդարյանը նշում է, որ Ռուբեն Արուտչյանի հետ չի համագործակցել, համահեղինակներ չեն, պարզապես տարբերակներն են նմանատիպ:
   2003 թվականին գրանշանը ներառվում է 10.000 դրամ արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում, իսկ 2007 թվականին գրաշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում: Նույն տարում Կարեն Կոմենդարյանը այն ներկայացրել է նաեւ ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի ունեցած ԱՐՄԹԵՔ- 2007 բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով:
   2010 թվականի սկզբից մինչ այսօր Կարեն Կոմենդարյանը հանրապետական ստանդարտացման եւ չափագրումների ինստիտուտի հետ համատեղ աշխատում է տեղավորել հայկական դրամի գրանշանը մի քանի այլ հայկական խորհրդանշանների հետ UNICODE միջազգային ստանդարտում:


close