ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԿԼԻՆԵՆ

  Armenian Russian English

   Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ
  
   -Պարոն Մուկուչյան, 2 հազար միջազգային դիտորդ հրավիրելու արմատական ընդդիմության պահանջը ձեզ տրամաբանակա՞ն է թվում։
   -Դիտորդներ հրավիրելու կարգը ամրագրված է Ընտրական օրենսգրքով: Մատնանշված են բոլոր այն պաշտոնատարները, որոնց դիտորդական առաքելություններ հրավիրելու իրավունք է վերապահված: Երկու հազար կամ ամեն ընտրատեղամասում մեկական օտարերկրյա, միջազգային դիտորդ ունենալու ցանկություն հայտնելուց առաջ պետք է նախ դիտարկել, թե ԸՕ-ն ինչպիսի հնարավորություններ է ապահովում ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին:
   Մասնավորապես, վստահված անձանց միանգամայն լայն իրավասություններ ու հնարավորություններ են ընձեռված: Վստահված անձինք, ինչպես նաեւ տեղական ու միջազգային դիտորդները միանգամայն լայն հնարավորություններ ունեն անկաշկանդ ու լիարժեք ներկա լինելու եւ մասնակցելու ընտրական բոլոր գործընթացներին։
   Այս գործոնները ողջ ընտրական գործընթացը լիակատար վերահսկելի են դարձնում: Կարծում եմ, ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն նախ պետք է ապավինի իր վստահված անձանց: Ամեն ընտրատեղամասում, ըստ օրենքի, մինչեւ երեք սեփական դիտորդ ունենալու պարագայում ցանկացած քաղաքական ուժ 6 հազար դիտորդների միջոցով կարող է լիովին վերահսկել ողջ ընտրական գործընթացը:
   Ես ձեռնպահ եմ մնում քաղաքական գնահատականներից, քանի որ ԿԸՀ-ն օրենքով ստեղծված պետական մարմին է. ԿԸՀ յուրաքանչյուր անդամ պարտավոր է չեզոքություն պահպանել: Միայն կարող եմ փաստել, որ ընտրական բոլոր գործընթացների թափանցիկությունն ու հրապարակայնությունը, դրանց մասնակցելու եւ լիարժեք վերահսկելու բոլոր անհրաժեշտ պայմանները օրենքն ապահովել է բոլոր մասնակիցների համար:
   Եթե դիտորդը կարող է ընդամենը արձանագրել ընտրական ու իր իրավունքների խախտումը եւ գնահատական ներկայացնել, ապա վստահված անձը գործառույթների անհամեմատ լայն դիապազոն ունի: Ընտրական հանձնաժողովում վստահված անձ ունեցող կուսակցությունը, նշանակում է, ունի առավել ակտիվ իրավական պաշտպանության հնարավորություններ տնօրինող սուբյեկտ եւ այդ լիազոր ներկայացուցչի միջոցով կարող է լիարժեքորեն վերահսկել քվեարկության ու ընտրությունների արդյունքները հաշվարկելու բոլոր փուլերը:
   Միաժամանակ չեմ կարող թերագնահատել կամ չկարեւորել միջազգային կազմակերպությունների ու դիտորդական առաքելությունների մասնակցությունը ընտրություններին, քանի որ նրանք միջազգային չափորոշիչներին համապատասխան են գնահատելու ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու աշխատանքները: Հավատացած եմ, որ եթե ընտրությունների յուրաքանչյուր մասնակից լիարժեքորեն իրացնի օրենքի ընձեռած հնարավորություններն ու իրավասությունները, կատարի իր պարտականություններն ու գործառույթները, ընտրությունները ամբողջովին վերահսկելի կլինեն:
   -Բազմիցս ենք ականատես եղել, թե հասարակական գիտակցության վրա քաղաքական ներգործության արդյունքում ինչպես է անվստահություն սերմանվում ընտրական գործընթացների, ընտրությունների ինստիտուտի եւ արդյունքների նկատմամբ: Կա՞ն իրավիճակը փոխելու նախադրյալներ:
   -Նոր Ընտրական օրենսգրքում ներառված են բազմաթիվ նորամուծություններ, որոնք բոլորը ընտրական գործընթացները առավելագույն չափով հրապարակային ու թափանցիկ դարձնելու նպատակ են հետապնդում: Այսօր առկա օրենսդրական ողջ կանոնակարգումների դաշտը ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին միանշանակ իրավունք ու լիարժեք հնարավորություն է ընձեռում իրականացնելու լայն վերահսկողություն ընտրական բոլոր գործընթացների նկատմամբ:
   Մինչ այսօր չի եղել գեթ մեկ բողոք, թե ԿԸՀ-ն որեւէ գործառույթ իրականացրել է ոչ թափանցիկ, ոչ հրապարակային: Առ այսօր ԿԸՀ-ն, արդեն ձեւավորված Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրենց բոլոր գործողություններում առաջնորդվել են ու շարունակելու են առաջնորդվել բացառապես օրենքով:
   Արդեն նշեցի, որ ցանկության դեպքում յուրաքանչյուր կուսակցություն իր վստահված անձանց միջոցով կարող է վերահսկել, անգամ նկարահանել բոլոր ընտրական գործընթացները: Վարչական վարույթը ընտրական օրենսդրության շրջանակներում լիովին կանոնակարգվել է: Սա հնարավորություն է տալիս բոլոր անձանց իրենց բողոքներն ու դիմումները սահմանված կարգով ներկայացնել հանձնաժողովներին:
   Հստակ սահմանված են յուրաքանչյուր աստիճանի հանձնաժողովի պարտականությունները, դրանք իրականացնելու կարգը, եղանակն ու մեխանիզմները: Լիարժեքորեն հաստատագրված են դատական վերահսկողության մեխանիզմները:
   Այս պայմաններում ամեն մեկը, որ կարծում է, թե իր հանրային սուբյեկտի իրավունքները որեւէ կերպ ոտնահարվում են, ունի ոչ միայն օրենքով ամրագրված լիարժեք վերահսկողության իրավունք, այլեւ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու բոլոր լիարժեք հնարավորությունները:
   Խոսվում է ընտրողների ցուցակներում մեռած հոգիների առկայության մասին: Ձեւավորվել է ոչ միայն բնակչության, այլեւ ընտրողների ռեգիստրը, որը տեղակայված է ԿԸՀ համացանցային կայքում: Ռեգիստրը մշտապես վարվող ու պարբերաբար թարմացվող փաստաթուղթ է: Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի մուտք գործել այդ կայքէջ, դիտարկումներ ու ստուգումներ կատարել:
   Համապետական ընտրություններից 40 օր առաջ ընտրողների ցուցակները նաեւ հնարավոր կլինի ներբեռնել: Եթե իրոք այդ ցուցակներում կան անճշտություններ, ապա 40 օրը բավարար ու ողջամիտ ժամանակ է օրենքով սահմանված կարգով այդ մասին ԿԸՀ հայտնելու եւ ուղղելու համար:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

close