«ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

  Armenian Russian English

   Ի՞նչ երաշխիք, որ փետրվարի 18-ի ընտրությունները կանցնեն «որակի նշանով», ինչպես հավաստիացնում են քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները։ Մեր հարցերին պատասխանում է ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ։
  
   -Ցանկացած պարագայում «լավ ընտրությունների» անցկացման կարեւորագույն երաշխիքներից մեկը այն կանոնակարգումներն են, որոնց համապատասխան պետք է իրականացվի ընտրական գործընթացը։ Ընտրական օրենսգրքում ամրագրված են իրավական այն մեխանիզմները, որոնք միանշանակ ապահովում են ընտրությունների հրապարակայնությունը եւ թափանցիկությունը, հնարավորություն ընձեռում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ թեկնածուներին, վստահված անձանց, դիտորդներին, նույնիսկ ընտրողներին՝ լիարժեք հետեւելու ընտրական ողջ գործընթացին։
   Սկսենք նրանից, որ ԿԸՀ բոլոր գործառույթների, որոշումների, ընտրողների մասնակցության, քվեարկության ընթացքի եւ ձայների հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը լիարժեք ծավալով զետեղվում է ԿԸՀ համացանցային կայքում։
   Բացի դրանից, ԸՕ-ում ամրագրված են մի շարք դրույթներ, որոնք նորամուծություն էին ընտրական իրավունքի տեսանկյունից եւ ավելի են ընդլայնում ընտրական գործընթացի թերեւս ամենաշահագրգիռ սուբյեկտների՝ վստահված անձանց եւ դիտորդների իրավունքները, թույլ են տալիս ամբողջական վերահսկողություն իրականացնել թե՛ ընտրական հանձնաժողովների գործունեության, թե՛ ընդհանրապես ընտրական գործընթացի նկատմամբ։
   Այս առումով առանցքային գործոններից մեկը վստահված անձի իրավասությունն է՝ զբաղեցնելու հանձնաժողովի երկու անդամների միջեւ նախատեսված աշխատատեղը, որտեղից նա կարող է հետեւել ամբողջ գործընթացին։
   Ընդ որում, քանի որ տեղամասային հանձնաժողովները ձեւավորվում են կուսակցական սկզբունքով, իշխանության ներկայացուցիչն այդ իրավասությունից կարող է օգտվել մի դեպքում՝ եթե հանձնաժողովների 2 անդամներն էլ ընդդիմության ներկայացուցիչներ են։ Մնացած բոլոր դեպքերում նախապատվությունը տրվում է ընդդիմության ներկայացուցչին։
   Բացի դրանից, վստահված անձինք, լրատվամիջոցները եւ դիտորդները իրավունք ունեն ընտրական տեղամասում կատարելու տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ, իհարկե որոշ սահմանափակումների կիրառմամբ։ Մասնավորապես չի կարելի նկարահանել ստորագրված ցուցակները եւ ընտրողի քվեարկության ընթացքը՝ ելնելով գաղտնիության սկզբունքից։ Մնացած գործառույթների հետ կապված որեւէ սահմանափակում չկա։
   Մյուս կարեւորագույն դրույթը ընտրողների ցուցակների հրապարակայնության, կարելի է ասել, աննախադեպ ինստիտուտի ամրագրումն է Ընտրական օրենսգրքում. ընտրողների ցուցակները ոչ միայն որոնման հնարավորությամբ տեղադրվում են ԿԸՀ կայքում, այլեւ քվեարկությունից 40 օր առաջ ներբեռնման հնարավորությամբ զետեղվում ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կայքէջում։
   Սա, բնականաբար, ինքնանպատակ չի կարող լինել։ Նպատակը մեկն է՝ որ ընտրական գործընթացի մասնակիցները կարողանան ներբեռնել եւ ստուգել այդ ցուցակների հավաստիությունը։
   -Այդքանով հանդերձ, «ուռճացված ընտրացուցակների» թնջուկը հանգիստ չի տալիս ընդդիմադիր ուժերին։ ՀԱԿ-ի հաշվարկներով՝ խոսքը նվազագույնը 400 հազար «չընտրողների» ձայները յուրացնելու մասին է։
   -Ուռճացված բառը այստեղ կիրառելի չէ նույնիսկ դասական կամ բառարանային իմաստով։ Նախ, մենք հեծանիվ չենք հորինել. տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ գոյություն ունեն ընտրացուցակները կազմելու տարբեր մեթոդներ։ Առաջինն այն է, որ ընտրողների ցուցակների համար, ինչպեսեւ մեր դեպքում, հիմք են ծառայում բնակչության պետռեգիստրի տվյալները։ Այսինքն՝ բոլոր հաշվառված քաղաքացիները ընդգրկվում են ընտրողների ցուցակներում։
   Կան երկրներ, որտեղ ընտրողներն իրենք նախապես, դիցուք, ընտրություններից 6 ամիս առաջ, դիմում են համապատասխան մարմիններին եւ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում։
   Մենք ընտրել ենք առաջին տարբերակը, եւ ուռճացված ցուցակների մասին խոսելը այս պարագայում բացարձակապես անհիմն է, որովհետեւ դա օրենքի խախտում չէ, ուռճացում չէ՝ օրենսդրության պահանջն է։ Խնդիրը այլ հարթության վրա է։ Ինքնին իդեալական ցուցակներ չեն լինում։ Բավական է ասել, որ նույնիսկ քվեարկության օրը մարդիկ դառնում են 18 տարեկան, մահանում են, դուրս են գալիս հաշվառումից եւ այլն։
   Ինչ վերաբերում է ցուցակների ճշգրտությանը, այդ նպատակով էլ հենց ապահովվում է ցուցակների հրապարակայնությունը. որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ստուգել ինչպես իր, այնպես էլ ցանկացած այլ անձի վերաբերյալ տեղեկությունները եւ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ահազանգի այդ մասին։
   -Նույն հասցեում հաշվառված տասնյակ անհայտ քաղաքացիների վերաբերյալ բողոքների մասին ի՞նչ կասեք։
   -Լինում են դեպքեր, երբ քվեարկության օրը քաղաքացին գալիս է տեղամաս եւ հայտնում, որ իր բնակարանի վրա գրանցված են անձինք, որոնց ինքը չի ճանաչում։ Բազմիցս ասել ենք՝ դրա համար պետք է դիմել ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայությանը. այդ խնդիրը հնարավոր չէ լուծել՝ բացառապես քվեարկության օրը տեղամաս ներկայանալով։ Ընտրություններից հետո կյանքը շարունակվում է, եւ անձը ուղղակի պետք է գնա, դիմի լիազոր մարմնին, եթե նման խնդիր իրականում կա։
   Նախորդ համապետական ընտրություններում էլ խոսում էին ընտրացուցակային տարբեր անճշտությունների մասին, բողոքում էին, որ, օրինակ, Վանաձորում 100 մարդու անուն դուրս է մնացել ցուցակներից։ Բայց երբ փորձում ես որոշակիացնել՝ որ շենքի որ բնակարանում են հաշվառված այդ մարդիկ, ցավոք սրտի, որեւէ մեկը որեւէ փաստական հանգամանք չի ներկայացնում։
   Ընդհանրացումներ չեմ ուզում անել, բայց մի բան ակնհայտ է՝ ԱԺ ընտրությունների ժամանակ շատ քիչ դեպքեր ենք արձանագրել, երբ քաղաքացիները դիմել են եւ փորձել դատական կամ վարչական կարգով վերականգնել իրենց իրավունքները։ Սա վկայում է, որ մեր ընտրացուցակները եթե նույնիսկ իդեալական չեն, ապա շատ մոտ են իդեալականին։
   Այստեղ կարեւորն այն է, որ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները, որոնք չեն գալիս քվեարկելու, «չքվեարկեն», այսինքն՝ նրանց փոխարեն քվեարկություն տեղի չունենա։ Այս խնդիրը լուծելու բանալին բոլորովին այլ տեղ պետք է փնտրել. կա՞ն մեխանիզմներ՝ վերահսկելու եւ կանխելու ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերը։
   Այս առումով, վերահսկողական գործառույթները, որ ներկայացրի՝ վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների իրավունքների հետ կապված, թույլ են տալիս հասարակությանը լիարժեք իրականացնելու այդ իրավասությունները։
   Շարունակելի

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

close