«ԼԱՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

  Armenian Russian English

   Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ
  
   -Ընդդիմության «քրոնիկ» մտահոգություններից մեկն էլ այն է, որ տեղական հեղինակությունները բռնությամբ խոչընդոտում են վստահված անձանց եւ դիտորդներին օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։
   -Իսկ որեւէ մեկը փորձե՞լ է վերլուծել առօրյա կյանքում տեղի ունեցող միջադեպերի վիճակագրությունը՝ քանի մարդ քանիսին վիրավորեց, քանիսը խուլիգանական արարք գործեց, դիմացինին մարմնական վնասվածք պատճառեց եւ այլն։
   Քվեարկությունը մի գործընթաց է, որին մասնակցում են հարյուր հազարավոր ընտրողներ, վստահված անձինք, դիտորդներ, եւ իհարկե, կարող են լինել բռնության առանձին դեպքեր։ Բացառել այդ ամենը հնարավոր չէ։ Խնդիրը հետեւյալն է. եթե նույնիսկ ընտրությունների ընթացքում եղել են խախտումներ, արձանագրվել են ինչ-ինչ միջադեպեր, արդյոք դրանք կազմակերպված բնո՞ւյթ են ունեցել, նպատակ են հետապնդել խեղաթյուրելո՞ւ ընտրողի ազատ կամքի արտահայտությունը։ Կարծում եմ, ա՛յս տեսանկյունից պետք է գնահատական տալ ընտրական գործընթացին։
   Վերջին շրջանում, դեկտեմբերի 2-ին թիվ 2 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված, փորձեցի լինել տեղերում, ինչը, ի դեպ, նույնպես տարաբեւեռ գնահատականների տեղիք տվեց։ Բայց համապետական ընտրություններից առաջ սա նաեւ լավ առիթ էր դիտարկելու, հասկանալու՝ ի՞նչ խնդիրներ են առաջանում, ի՞նչ հարցեր են բարձրացվում վստահված անձանց կողմից, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել հետագայում եւ այլն։
   Եղել եմ մոտ 22 տեղամասերում, հանդիպել բոլոր թեկնածուների վստահված անձանց հետ, եւ բոլորը փաստել են մի բան՝ «առայժմ խախտումներ չեն նկատվել»։ Այդքանից հետո տարօրինակ է, երբ նույն ընտրական գործընթացի վերաբերյալ գնահատականներ են հնչում, թե ընտրություններն անցել են «զանգվածային խախտումներով», որովհետեւ եթե եղել են խախտումներ, այդ մասին առաջինը պետք է ահազանգեին հենց վստահված անձինք։
   Էլ չեմ ասում, որ քվեարկության ընթացքում ԿԸՀ-ը 3-ժամյա պարբերականությամբ (համապետական ընտրությունների ժամանակ դա օրենսդրական պահանջ է, ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեեւ նման պահանջ չկա, բայց անգամ դա է արվել) հրապարակում է ընտրողների մասնակցությունը Երեւանի եւ 10 հազարից ավելի ընտրող ունեցող համայնքների մակարդակով, եւ տեղադրում ԿԸՀ կայքէջում՝ ըստ ընտրական տեղամասերի։
   Այս պարագայում որեւէ մեկի համար խնդիր չէ հետեւել եւ տեսնել՝ այդ տվյալները համապատասխանո՞ւմ են այն տեղեկություններին, որ վստահված անձանց կողմից փոխանցվում են թեկնածուների շտաբներին, թե՞ ինչ-որ մանիպուլյացիաների են ենթարկվել։ Արդյունքների ամփոփման ժամանակ, երբ արձանագրությունները ներկայացվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, այդ տվյալներն անմիջապես փոխանցվում են ԿԸՀ, եւ լրատվամիջոցներն ու ԿԸՀ-ը, ըստ էության, միաժամանակ են տեղեկանում ընտրատարածքներից ստացված տեղեկություններին։
   Սա հենց այն լիակատար թափանցիկությունն է, որ հնարավորություն է տալիս յուրաքանչյուր ընտրողի նստել համակարգչի մոտ եւ հետեւել ամբողջ գործընթացին։
   Բացի դրանից, ե՛ւ Քրեական օրենսգրքում, ե՛ւ Վարչական իրավախախտումների օրենսգրքում բավական լուրջ պատժամիջոցներ են սահմանված օրինախախտների նկատմամբ։ Սրանք են այն երաշխիքները, որ թույլ են տալիս ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին լիարժեք եւ ամբողջական ծավալով իրականացնելու իրենց լիազորությունները։
   -Որպես զանգվածային ընտրակեղծիքների աղբյուր ընդդիմությունը մատնացույց է անում այն փաստը, որ արտագաղթի «ահագնացող» տեմպերին հակառակ՝ ընտրողների թիվը ընտրական ցուցակներում ընտրությունից ընտրություն ավելանում է։ Այս ֆենոմենն ինչո՞վ բացատրել։
   -Հայաստանից արտերկիր մշտական կամ ժամանակավոր բնակության մեկնողների թիվը եւ ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվաքանակը տարբեր կատեգորիաներ են, որոնք ուղղակիորեն մեկը մյուսով պայմանավորված չեն։ Ինչո՞ւ։ Եթե քաղաքացին մեկնելուց առաջ չի գալիս եւ սահմանված կարգով հաշվառումից դուրս չի գալիս, որեւէ մեկը չի կարող ավտոմատ կերպով հանել նրան բնակչության պետռեգիստրից, որովհետեւ, նախ, պարզ չէ՝ ե՞րբ կվերադառնա, կամ կվերադառնա՞, թե՞ ոչ։
   Երկրորդ՝ եթե անձը հաշվառումից դուրս գալու խնդիր ուներ, հանգիստ կարող էր դա անել։ Սրանք տարբեր ինստիտուտներ են, որոնք երբեք չի կարելի նույնացնել։
   Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով։ Վերջին շրջանում բավականին մեծ թվով քաղաքացիներ ստացան ՀՀ քաղաքացիություն։ Բնականաբար նրանք պետք է լինեն նաեւ ընտրողների ցուցակներում։
   Երկրորդ՝ նախորդ ընտրություններից հետո 18 տարեկան դարձած երիտասարդները նույնպես պետք է համալրեն ընտրողների ցուցակները, եւ եթե նրանց թիվը համեմատենք մահվան պատճառով ցուցակներից դուրս մնացած անձանց թվաքանակի հետ, միանշանակ ուրախությամբ պետք է նշենք, որ այստեղ ունենք դրական աճի միտում։
   Կա նաեւ երրորդ գործոնը. ոստիկանությունը իրականացնում է վարչարարություն՝ ստուգելով եւ ճշգրտելով ընտրացուցակները։ Այդ ճշգրտումների ընթացքում բնականաբար բացահայտվում են ոչ միայն դեպքեր, երբ առանձին քաղաքացիներ թյուրիմացաբար հայտնվել են ընտրողների ցուցակում, այլեւ անձինք, որոնք այս կամ այն պատճառով դուրս են մնացել հաշվառումից։ Այսինքն՝ յուրաքանչյուր թիվ ունի իր բացատրությունը։
   -Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անձնագրերում դրվող (շատ դեպքերում ժամանակից շուտ ցնդող) դրոշմակնիքների հետ կապված՝ ասել էիք, որ նախագահական ընտրություններում այդ նախադեպը չի կրկնվի։ Որո՞նք են այդ լավատեսության հիմքերը։
   -Ըստ էության, դա նորույթ էր, որ առաջին անգամ պետք է փորձարկվեր Հայաստանում։ Մենք գտանք բրիտանական մի կազմակերպություն, որը համաձայնեց զբաղվել այդ թանաքանյութի արտադրությամբ, ստացանք պատվիրված խմբաքանակը, բայց կիրառական հարթության վրա ունեցանք առանձին խնդիրներ՝ պայմանավորված այդ թանաքանյութի խիստ առանձնահատուկ հատկանիշներով։ Այդ խնդիրներին տեղյակ էր նաեւ նշված կազմակերպությունը, եւ այս ընթացքում լաբորատոր փորձարկումների միջոցով փորձեց կատարելագործել այդ նյութի որակական հատկանիշները։
   Ստացել ենք 10-15 տարբեր նմուշներ, այդ նմուշները փորձարկել ենք, անգամ օգտագործել ենք խոտանված անձնագրեր՝ հասկանալու համար, տվյալ նյութը 12 ժամվա ընթացքում լիարժեք կդրսեւորի՞ իրեն, թե՞ ոչ։ Հույս ունենք, որ այս անգամ խնդիրներ չենք ունենա։
   Իհարկե, խնդիրը միայն թանաքանյութը չէ՝ կարեւոր է նաեւ բուն դրոշմակնքման գործընթացը, որովհետեւ դրոշմակնքումն իրականացնում են մարդիկ՝ հանձնաժողովների անդամները։ Մի բան է, երբ գործ ունես 100 մարդու հետ, որոնք պետք է օգտագործեն այդ կնիքները, այլ բան է, երբ գործ ունես հազարավոր մարդկանց հետ։ Երբ նյութի խմբաքանակը արդեն Հայաստանում կլինի, մենք այն կփորձարկենք տեղամասային հանձնաժողովների անդամների ուսուցման ժամանակ՝ բացատրելով դրա օգտագործման ձեւը, ցույց տալով բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ դրոշմակնքման ընթացքում։
   Կարծում եմ, սա կօգնի զերծ մնալու տարբեր շահարկումներից եւ տարաբնույթ ուղղորդված կարծիքներից։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

close