ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻԱՐԺԵՔ ՎԵՐԱՀՍԿԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

  Armenian Russian English

   Օրերս նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հրանտ Բագրատյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ որոշակի պահանջներ առաջադրելով ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Նախագահի թեկնածուների այդ պահանջներին վերաբերող հարցերով էլ երեկ սկսեցինք մեր զրույցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ։
  
   -Նախագահի երեք թեկնածուներ նշել են, թե անհրաժեշտ է հրապարակել երկրից բացակայող քաղաքացիների ցուցակները։ Որքանո՞վ է նման պահանջը համապատասխանում Ընտրական օրենսգրքին։
   -Ընտրողների ցուցակների վերաբերյալ՝ դրանց հրապարակման, հանրայնացման առումով, այն բոլոր պահանջները, որ ամրագրված են օրենքով, ցուցակների վարման եւ կազմման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը սահմանված կարգով եւ ժամկետներում, Ընտրական օրենսգրքի պահանջներին լիարժեք համապատասխան իր գործառույթներն իրականացրել է։
   Ինչ վերաբերում է այն պահանջին, որը ներկայացվում է՝ կապված երկրից բացակայող ընտրողներին վերաբերող ցուցակ հրապարակելու հետ, ապա նման պահանջ օրենքով ամրագրված չէ։ Եվ բնական է, եթե օրենքով ամրագրված չէ, լիազոր մարմինն էլ, լինելով վարչական մարմին, որը գործում է բացառապես օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակներում, չպետք է եւ չէր էլ կարող նման տեղեկատվություն հրապարակել։
   -Նույն հայտարարության մեջ թեկնածուները նաեւ պահանջ են առաջադրում, որ վերջին մեկ տարում ավելի քան 180 օր երկրից բացակայած, բայց ընտրացուցակներում ընդգրկված ՀՀ քաղաքացիների ցանկը ընտրատեղամասերում պետք է կախված լինի հիմնական ցուցակներից առանձին՝ նպատակ ունենալով բացառել երկրից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերը։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս պահանջին։
   -Սա, ըստ էության, նախորդ պնդման շարունակությունն է։ Ցանկացած պարագայում, եթե խոսում ենք որեւէ գործառույթի մասին, որը պետք է իրականացնի պետական մարմինը, պետք է հիշել մի կարեւորագույն սկզբունք, որն ամրագրված է սահմանադրության 5-րդ հոդվածում, համաձայն որի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ եւ օրենքով։
   Եթե խիստ հակիրճ, ապա հարգարժան թեկնածուների վկայակոչած ձեւով ցուցակները հրապարակելու օրենսդրական պահանջ ուղղակի գոյություն չունի։
   -Դե հիմնական մտահոգությունն այն է, որ բացակայողների փոխարեն ուրիշները չքվեարկեն։
   -Հասկանալի է։ Բայց ես մեկ շեշտադրում եւս կանեի։ Պահանջ է ներկայացվում՝ ընտրողների ցուցակում առանձին նշել 180 օր եւ ավելի բացակայած անձանց տվյալները։ Եթե հիշյալ գործառույթը պայմանավորում ենք այն հանգամանքով, որ բացակայող անձանց տվյալների առկայությունն ընտրական ցուցակներում կարող է խնդիր առաջացնել, որ բացակայողի փոխարեն որեւէ մեկը փորձի օգտվել առիթից եւ ըստ էության՝ իրականացնի հանցագործություն, այն է՝ քվեարկի կամ փորձի քվեարկել ուրիշի փոխարեն, ապա այս պարագայում անընկալելի է, թե ինչու է նման խնդիր դրվում 180 օրվա հետ կապված։
   Որովհետեւ նույն հաջողությամբ անձը կարող է բացակայել, ասենք, 179 օր, եւ հնարավոր է նման պոտենցիալ խնդիր՝ այն բովանդակային շեշտադրմամբ, որն առաջ է քաշվում տվյալ հայտարարությամբ։
   -Կներեք, հնարավոր է, որ մարդն ընդհանրապե՛ս չի բացակայում, այլ ուղղակի չի գնում քվեարկության, եւ փորձում են նրա փոխարեն քվեարկել։
   -Այստեղ խնդիրը ամեն դեպքում հետեւյալն է. պետք է նայենք, թե ինչ մեխանիզմ է դրված ընտրողների ցուցակների կազմման հիմքում։ Ընտրողների ցուցակների կազմման հիմքում դրված են բնակչության պետական ռեգիստրի տվյալները։ Եթե մարդը հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, նրա տվյալները ներառվում են ընտրողների ցուցակում։ Ընտրողների ցուցակները հրապարակվում են այդ եղանակով։
   Իսկ ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացիների քվեարկության նկատմամբ գործում են այլ վերահսկողական մեխանիզմներ։ Եվ ես համոզված եմ, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված մեխանիզմներն առավել քան բավարար են ամբողջ ընտրական գործընթացի նկատմամբ լիակատար հասարակական վերահսկողություն իրականացնելու համար։
   -Վերադառնալով վերը ասված հիմնական մտավախությանը եւ ձեր նշած համոզվածությանը, հետաքրքիր է, օրենքը թեկնածուներին, նրանց թիմերին, վստահված անձանց ի՞նչ հնարավորություններ է տալիս՝ ընտրողների ցուցակները, ընտրական գործընթացը վերահսկելու առումով։
   -Փոքր-ինչ խորքից անդրադառնամ հարցին։ Նախ՝ շատ կարեւոր նշանակություն ունի, թե ինչպե՞ս են ձեւավորվում տեղամասային ընտրական հանձնաժողովները, որովհետեւ քվեարկության կազմակերպման պատասխանատուն առաջին հերթին այդ հանձնաժողովներն են։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են կուսակցական սկզբունքով, այսինքն՝ խորհրդարանում ներկայացված խմբակցությունները յուրաքանչյուրը մեկական անդամ է նշանակում տեղամասային ընտրահանձնաժողովներում։
   Ավելին՝ տեղամասային ընտրահանձնաժողովների կազմերում իրենց նշանակած անդամների հետ կապված խորհրդարանական բոլոր խմբակցությունները, իրենց ձայների համամասնությամբ, ունենում են նախագահի եւ քարտուղարի պաշտոններ։ Սրանք այն պատասխանատու պաշտոններն են, որոնք զբաղեցնող անձինք կազմակերպում, համակարգում են ամբողջ ընտրահանձնաժողովի գործունեությունը։
   Կարծում եմ, սա թերեւս ամենակարեւորն է։ Որովհետեւ խորհրդարանական բոլոր խմբակցությունները, ունենալով ներկայացուցիչ հանձնաժողովների կազմերում, արդեն իսկ ունեն կարեւորագույն լծակ՝ ընտրական ամբողջ գործընթացն օրենքի պահանջներին համահունչ կազմակերպելու համար։
   Բացի դրանից, այս օրերին կազմակերպվել եւ ընթանում են դասընթացներ տեղամասային ընտրահանձնաժողովների անդամների համար։ Նրանց ոչ միայն ներկայացվում են իրենց գործառույթները, խնդիրները, այլեւ մանրակրկիտ ներկայացվում են այն բոլոր արարքները, որոնք անթույլատրելի են, որոնք բնորոշվում են հանցագործություն, որոնց իրականացումը հանգեցնելու է քրեաիրավական հետեւանքների։ Ներկայացվում են նաեւ վարչաիրավական բնույթի արարքները։
   Այս ամենի նպատակը մեկն է, որ հանձնաժողովների անդամները եւս լիարժեք պատկերացում ունենան իրենց իրավունքների մասին, եւ նախապես իրազեկ լինեն, որ ցանկացած խախտման պարագայում պատասխանատու են լինելու օրենքի ողջ խստությամբ։
   Գանք այն հնարավորություններին, որ տրված են թեկնածուներին։ Նախ՝ առաջին հերթին պետք է նկատել, որ ընտրողների ցուցակը հրապարակվում է ներբեռնման հնարավորությամբ։ Այսինքն՝ ըստ տեղամասերի, ընտրողների ցուցակները տեղադրված են ոստիկանության կայքէջում, այնտեղից կարելի է ներբեռնել այդ ցուցակները, ինչը նշանակում է, որ ցուցակը կարելի է տպագրել, այդ ցուցակները կարող են ունենալ վստահված անձինք եւ ստուգեն դրանցում եղած տվյալները։
   Ի լրումն, վստահված անձանց համար ընտրատեղամասերում սահմանված են լայն վերահսկողական մեխանիզմներ։ Նախ, վստահված անձի համար օրենքը նախատեսել է առանձին աշխատատեղ՝ հանձնաժողովի երկու անդամների միջեւ։ Այսինքն՝ ընտրողը, գալով տեղամաս, շփվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների հետ, ներկայացնում է անձնագիր, ստուգվում են նրա անձը հաստատող փաստաթղթի, անձնագրի տվյալները եւ համադրվում ընտրողների ցուցակի տվյալների հետ, գտնում են նրա անունը, կատարվում են համապատասխան լրացումներ, որից հետո անձը ստորագրում է իր անվան դիմաց, իսկ հանձնաժողովի անդամն իր անհատական կնիքով (յուրաքանչյուր հանձնաժողովական ունի իր անհատական կնիքը) կատարում է համապատասխան դրոշմակնքում։ Ի դեպ, անհատական կնիքների նպատակն այն է, որ հետագայում, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի նույնականացնել, թե հանձնաժողովի կոնկրետ որ անդամն է կատարել գրանցումը։
   Եվ այդ ամենը, նկատենք, կատարվում է դիտորդների, վստահված անձանց անմիջական ներկայությամբ, նրանց աչքի առաջ։
   Ավելին՝ օրենքը վստահված անձանց եւ դիտորդներին թույլ է տալիս կատարել տեսանկարահանում եւ լուսանկարահանում, նրանք կարող են լուսանկարել եւ տեսանկարահանել ամբողջ գործընթացը, իհարկե այդ ամենը պետք է իրականացվի այն հաշվով, որ չխախտվի քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Սրանք հենց այն լայն հնարավորություններն ու գործառույթներն են, որոնք ցանկացած վստահված անձի թույլ են տալիս լիարժեք վերահսկել ամբողջ ընտրական գործընթացը։
   -ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը, օրերս Ստրասբուրգում չունեցած, բայց ԵԽ ԽՎ-ում տարածված ելույթում վերստին նշել է, որ Հայաստանում ընտրողների ցուցակները 500-700 հազարով ուռճացված են։ Չնայած նախկինում առիթ եղել է այս կարգի հայտարարությունների անդրադառնալու, բայց հետաքրքիր կլինի իմանալ ձեր տեսակետն ասվածի վերաբերյալ։
   -Միանշանակ համակարծիք չե՛մ բոլոր այն գնահատականներին, որոնք վերաբերում են նշված խնդրին՝ պայմանավորված տարաբնույթ թվերի հրապարակման հետ։ Եթե մենք խոսում ենք ընտրողների ցուցակի մասին եւ կիրառում «ուռճացում» եզրույթը, դա ենթադրում է, որ ցուցակը պետք է կազմվեր այլ ձեւով, բայց դրանում ինչ-որ արհեստական լրացումներ են կատարվել։
   Կրկին նշեմ, որ կարեւոր է, թե ինչ մեթոդի հիման վրա են կազմվում ընտրողների ցուցակները։ Եվ եթե ՀՀ քաղաքացին հաշվառված է, ապա նրա տվյալները պետք է լինեն այդ ցուցակներում։
   Ինչ վերաբերում է կոնկրետ հայտարարությանը, ի դեպ, ամեն անգամ նշվում են տարբեր թվեր, բայց ցանկացած նման թիվ ասելու համար պետք է առաջին հերթին ունենալ համապատասխան փաստեր։ Երբ խոսում են ցուցակի ուռճացման մասին, դա, բնականաբար, նշանակում է, որ անձինք չպետք է լինեին ընտրողների ցուցակում, բայց կան։ Իհարկե, դա այդպես չէ։ Միանշանակ այդպես չէ։
   Այնուամենայնիվ նշեմ, որ եթե ցուցակներում կան քաղաքացիներ, որոնք տվյալ պահին բացակայում են երկրից, դա չի նշանակում, որ նրանց փոխարեն որեւէ մեկը փորձել է քվեարկել։ Նույնիսկ մեկ քաղաքացու բացակայության դեպքը չի կարող որեւէ ուղղակի ազդեցությամբ կապվել քվեարկության արդյունքների հետ։ Դրանք տարբեր ինստիտուտներ են, մեկը մյուսի հետ չպետք է շփոթել։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

close