ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ԳՐՔԻՑ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ

  Armenian Russian English

   Անհրաժեշտ նախաբան
  
   Որոշ ժամանակ առաջ ես պարզապես ստիպված էի գրել բաց նամակ՝ հասցեագրված ընթերցողներին, որոնց ձեռքը կարող էր ընկնել լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» գիրքը
  
   Բանն այն է, որ ծանոթագրության մեջ ընդգծվում է, թե ստեղծագործության գլխավոր հերոսը հայ ականավոր աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանն է։ Հաշվի առնելով, որ գիրքը ծայրեծայր լցված է բարոյական առումով անթույլատրելի հերյուրանքներով եւ խեղաթյուրումներով, որոնք վիրավորում են իրական, հայտնի պատմական անձանց եւ հատկապես Գուրզադյանի ընտանիքի անդամների արժանապատվությունը, որոնք, ի դեպ, բողոքով դիմել են դատարան, գրքի հեղինակը Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի ներկայությամբ ինքն առաջարկեց գիտնականի անունը հանել դեռեւս չտարածված տպաքանակից։ Դա, իհարկե, խնդրի լուծման ձեւ չէր, բայց գոնե մի ինչ-որ ելք էր։
   Սակայն օրերս Աղաբաբյանը ողջ Հայաստանով մեկ տվեց (գրքի շնորհանդեսի վերաբերյալ «Առաջին լրատվականի» ռեպորտաժում) գիտնականի անունը, կապված «Մենակը» գրքի հետ եւ դրանով խախտեց մեր պայմանավորվածությունը։ Ստեղծված բարդ իրավիճակում, մանավանդ նկատի ունենալով Գրիգոր Գուրզադյանի ընտանիքի ծանր հոգեվիճակը, պարտքս եմ համարում հրապարակել նամակս։
  
   ՀԵՐՅՈՒՐԱՆՔԸ
   ՀՈՐԻՆՎԱԾՔ ՉԷ,
   ԿԱՄ ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
   Այդ մարդու հետ շատ վաղուց ապրում ենք միեւնույն սանդղահարթակում։ Տասնյակ տարիներ։ Ինչպես ասում են՝ ընտանիքներով բարեկամացած ենք։ Հարգում եւ սիրում ենք միմյանց։
   Նա ինձնից շատ ավելի տարիքով է։ Եթե նկատի ունենանք, որ շուտով ութսուն տարիս եմ բոլորելու, դժվար չէ պատկերացնել, թե ինչ պատկառելի տարիքի է իմ հարեւան Գրիգոր Գուրզադյանը։ Այո, հենց այն նույն ականավոր աստղաֆիզիկոսը, որը տիեզերք արձակեց «Օրիոն-2» արտամթնոլորտային աստղադիտարանը։
   Ես նրա մասին շատ եմ գրել։ Դրանք ակնարկներ էին տարբեր հրատարակություններում, այդ թվում՝ նաեւ «Լիտերատուրնայա գազետա» թերթում։ Վերջին հոդվածը նվիրված է եղել գիտնականի, փիլիսոփայի, նկարչի 90-ամյակին։
   Ահա արդեն մի քանի տարի է, ինչ Գրիգոր Գուրզադյանը գամված է անկողնուն։ Թերեւս ես միակն եմ, որ հաճախակի այցելում է նրան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ապրում ենք միեւնույն սանդղահարթակում։ Անցնելով նրա դռան մոտով, չեմ կարող չհիշել, որ այնտեղ, քիչ հեռվում, բազկաթոռի մեջ նստած է թանկ ու մտերիմ մի մարդ, որին ճանաչում է ոչ միայն Հայաստանը։ Նստած է անշարժ։ Նա ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում։ Բայց բարեբախտաբար սիրտը ռիթմով բաբախում է կրծքում։ Նշանակում է՝ ապրում է։ Հիշենք իմաստունին. «Dum spiro, spero» (Քանի դեռ շնչում եմ, հուսով եմ)։ Այո, ապրում է։
   Բայց նա ծանր հիվանդ մարդ է՝ արդեն ոտք դրած տասներորդ տասնամյակ։ Նա մտածում է, դատում, հիշում... Հիշելու շատ բան ունի։ Ամեն անգամ, երբ գնում եմ մոտը, նրա անուշիկ կին Մարիաննան ամուսնու ականջին է հարմարացնում լսողական սարքը, եւ զրույցն ընթանում է ոչ առանց դժվարության։
   Մի քանի օր առաջ ինձ զանգեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ ասաց, որ Աշոտ Աղաբաբյանը («Հայաստանի Հանրապետություն » թերթի նախկին գլխավոր խմբագիրը), գիրք է գրել Գուրզադյանի մասին, եւ անհրաժեշտություն կա հեղինակի հետ այցելել վեպի հերոսին եւ նրան հանձնել այսպես ասած՝ պրեզենտը։ Մտածեցի, թե Գուրզադյանն ու տնեցիները, անշուշտ, գիտեն իրադարձության մասին։ Վերջիվերջո գրքի տպագրությունը իրոք մշտապես իրադարձություն է համարվել։ Շուտով զանգեց եւ «Մենակը» գրքի հեղինակը, չհապաղելով ընդգծել, որ այն ստեղծվել է գիտնականի հետ երկար զրույցների, որ ձայնագրվել են ժապավենի վրա, ինչպեսեւ անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։ Եվ ես էլ ահա կազմակերպեցի հանդիպումը Գուրզադյանների հետ։
   Բաց թողնենք բոլոր մանրամասներն այդ հանդիպումից, որի ծանրությունն ընկած է, այսպես ասած, իմ խղճին։ Եվ ոչ էլ պատրաստվում եմ վերլուծել գրքի գրական արժանիքները, «գիտական» անվերջանալի ոչ թե հորինվածքները, որոնց իրավունքն ունի յուրաքանչյուր գրող, այլ գխից դուրս հերյուրանքները, ինքնակամ ու ակամա ուղղակի վիրավորանքները ոչ միայն բազմաթիվ հայ գիտնականների, այլեւ նույնիսկ Գուրզադյանների ընտանիքի հասցեին։
   Հեղինակին հավանաբար թվացել է, թե այստեղ դրությունը փրկում է այն, որ մի երկու-երեք գլխավոր հերոսների անուններ մտացածին են։ Թեեւ արդեն անոտացիայում եւ նախաբանում սեւով սպիտակի վրա բերվում են կոնկրետ անուններ եւ հայ աստղաֆիզիկոսի կողմից տիեզերք արձակված արտամթնոլորտային աստղադիտարանների անվանումները։ Անհավատալի է, ինչպես կարելի է այդպես լկտիաբար ծաղրել բուն իրողությունները։ Գրո՛ղը տանի, ի՞նչ կասեն մեր մասին նրանք, ովքեր կկարդան գիրքը, որում իբր ՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի մեծազոր անդամները, մարշալները, միութենական ակադեմիկոսները ստորաքարշորեն քծնում են, պետք է ազնվորեն խոստովանել, այն ժամանակ դեռեւս իրենց քիչ հայտնի հայ աստղաֆիզիկոսին, որը նույնիսկ հանրապետության գիտությունների ակադեմիայի իսկական անդամ չէր։
   Տպավորությունն այնպիսին է, ասես այդ բոլոր պետական գործիչները եւ ողջ աշխարհին հայտնի գիտնականները ծնկաչոք սողում էին ու պաղատում հայ գիտնականին փրկել խորհրդային տիեզերագնացությունը։ Ընդ որում, ընթերցողներին համոզելու համար, թե խոսքն իրական մարդկանց եւ իրադարձությունների մասին է, գրքի վերջում անուն առ անուն բերվում են նրանց համառոտ, փաստագրական կենսագրությունները, դրանով հավատացնելով ընթերցողին, թե ամեն-ամեն ինչ վերցված է կոնկրետ կյանքից։
   Ինչպե՞ս կարելի է այդ աստիճանի գռեհկությամբ ներկայացնել տաղանդավորագույն գիտնականի եւ քաղաքացու կերպարը, որն այնքան շատ բան է արել մեր ժողովրդի եւ մեր գիտության հեղինակության համար։
   Հեռու եմ մտքից, թե պետք է ոչնչացնել այդ գիրքը, շատ լավ իմանալով, թե հարց լուծելու նման գործելակերպից ինչ հոտ է գալիս։ Այդ պատճառով էլ ցանկանում եմ ընդամենը նախազգուշացնել ընթերցողին, որ հեղինակը, բացի ամենայնից, անտակտ է վարվել արդեն այն պատճառով, որ օգտագործել է ձայնագրություններ այն մարդու հետ զրույցներից, որը, կրկնում եմ, շատ ծանր եւ շատ լուրջ հիվանդ է։ Դա ոչ միայն անտակտ վարմունք է, այլեւ անբարո, նույնիսկ վտանգավոր։
   Ցանկանում եմ նաեւ խոստովանել ընթերցողներին, որ ինձ համար ահավոր ծանր էր գրել այս նամակը։ Մնում է միայն ավելացնել, որ գրողի համար ամենանողկալի բանը տակտի զգացման կորուստն է։ Սարսափելի է, երբ գրքից բարություն չի տարածվում։

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

close