ԱՐԱՐԱՏՅԱՆ ՈՐԴԱՆԸ ԿՐԿԻՆ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ

  Armenian Russian English

   Փառքի եւ իշխանության, գեղեցկության եւ առողջության խորհրդանիշ որդան կարմիրի նշանակությունը չի խամրել անգամ հազարամյակներ անց, եւ այսօր էլ դրանից պատրաստվող ներկը, դիմահարդարման եւ բուժիչ նյութերն իրենց յուրահատկություններով անգնահատելի են
  
   Արարատյան որդան կարմիր կոչվող միջատը չնայած աննշան չափերին (առավելագույնը 12 մմ երկարություն ունի)՝ օժտված է զարմանալի հատկություններով, որոնք հայտնաբերելով` մեր նախնիները կարողացել են օգտակար եւ առողջարար պատրաստուկներ ստանալ: Բայց միջատի համբավը հիմնականում պայմանավորված է հռչակավոր որդան կարմիր ներկանյութով, որի համար սարսափելի չեն ժամանակի, լույսի, ջերմության եւ խոնավության քայքայիչ ազդեցությունները:
   Արարատյան որդանը ոչ միայն հավերժական կյանք է պարգեւել միջնադարյան հայկական մագաղաթյա ձեռագրերին ու մանրանկարներին, վանքերի, եկեղեցիների ծիրանազարդ որմնանկարներին` պահպանելով դրանց գույների մշտահավերժ պայծառությունը, այլեւ այդ զարմանահրաշ միջատից մեր նախնիները գեղարար եւ բուժիչ միջոցներ են պատրաստել:
   Միջնադարում արքունիքի եւ ազնվական ընտանիքների կանայք օգտվել են բացառապես որդան կարմիրից ստացված քսուքներից ու յուղերից, որոնք օժտված են մաշկը խոնավացնող, վերականգնող հատկություններով եւ մանրէազերծող ազդեցությամբ, իսկ արքաների եւ իշխանավորների համար հատուկ բալասաններ են պատրաստվել, որոնք վերականգնել են ազնվական այրերի ուժն ու եռանդը, երիտասարդությունը, նրանց դարձրել երկարակյաց ու կորովի:
   Որդան կարմիրը կամ կարմինը, ինչպես հիշատակվում է պատմական աղբյուրներում, ստացել են կոկցիդների ենթակարգի արարատյան որդան կարմիր կոչվող միջատների էգերից: Ներկի ստացման եղանակը ժամանակատար ու բարդ գործընթաց է եղել, քանի որ բուն ներկանյութը միջատի կենդանի քաշի 2-5 տոկոսն է կազմում, եւ 40-50 գրամ ներկ ստանալու համար առնվազն 50 հազար որդ է օգտագործվել: Գուցե հենց դրանով է պայմանավորված ներկի մեծ արժեքը:
   Այն ստանալու գաղտնիքն իմացել են բացառապես հայկական ներկատների վարպետները: Որդան կարմիրից ստացվող ծիրանի գույնի` հին ձեռագրերում հիշատակվող «ծիրանիի» կիրառությունը համարվել է հայկական արքայական տան մենաշնորհը:
   Արարատյան որդան կարմիրի մասին հնագույն հայկական ձեռագրերը թվագրվում են 5-րդ դարով, սակայն դրա մասին հիշատակություններ կան Հին կտակարանում՝ այն օգտագործել են Նոյ Նահապետի սերունդները, ովքեր ապրել են Արարատյան դաշտի շրջակայքում հիմնած բնակատեղիներում:
   Դժբախտաբար Հայաստանում ծայր առած եղերական իրադարձությունների հետեւանքով որդան կարմիրի արտադրությունը եւս նվազեց, եւ ներկի ստացման գաղտնիքն աստիճանաբար սկսեց մոռացվել: Արարատյան որդան կարմիր ներկի արտադրությունն իսպառ դադարեց, երբ 15-16-րդ դարերում շուկայում հայտնվեց մեքսիկական որդանը, դրա հումք-միջատը (Dactylopius coccus) թեեւ մի շարք առավելություններ ուներ արարատյան որդանի համեմատ (մեկ տարում 5 անգամ է սերունդ տալիս, ապրում է կակտուսների վրա, դրանից ստացվող ներկն ավելի պայծառ է, ճարպն ավելի քիչ է, ինչը հեշտացնում է ներկի ստացման գործընթացը), սակայն որակով զիջում էր հայկականին, նաեւ թունավոր էր:
   Իսկ 19-րդ դարում էժանագին անիլային ներկերի հայտնաբերումից հետո այլեւս ոչ ոք չմտածեց հայկական ներկը մոռացումից փրկելու մասին: Մարդկությունն ավելի դյուրին ճանապարհ ընտրեց, միաժամանակ սինթետիկ ներկերի կիրառման ընթացքում պարզ դարձավ, որ դրանք լույսի հանդեպ կայունությամբ զգալիորեն զիջում են բնականին եւ, բացի դրանից, միշտ չէ, որ անվնաս են մարդու օրգանիզմի համար:
   Նոր ժամանակներում շատերն են փորձել վերագտնել հավերժական ներկի պատրաստման գաղտնիքը: 19-րդ դարասկզբին դա մասամբ հաջողվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վարդապետ Սահակ Ծաղկարարին: 20 տարի շարունակ փորձարկումներ անելով՝ նա մշակեց որդան կարմիրը ճարպազերծելու որոշ եղանակներ եւ կարողացավ մի քանի երանգ ստանալ: Ստացած չնչին քանակության ներկը նա կիրառում էր կաթողիկոսական կնիքի դրոշմազարդման եւ ձեռագրերի գլխատառերը ծաղկելու նպատակով: Նրա փորձերը նոր ուսումնասիրությունների խթան դարձան եւ շարունակվում են մինչ օրս:
   Հաշվի առնելով բնական կարմրաներկի բացառիկ որակները եւ տնտեսության մեջ դրանց մեծ պահանջարկը` 1971թ. Երեւանի կենդանաբանության ինստիտուտում Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի կարգադրությամբ ստեղծվեց «Որդան կարմիր» փորձարանը, իսկ 1978թ. Արմավիրի մարզում 200 հեկտար աղակալած հողատարածք տրամադրվեց արգելոց ստեղծելու նպատակով:
   Այդուհանդերձ վերջին տարիներին արդյունաբերական եւ տնտեսական ձեռնարկությունների, ձկնաբուծական լճակների ստեղծումը կտրուկ կրճատել է որդան կարմիրի տարածման սահմանները եւ վտանգել այդ արժեքավոր միջատի գոյությունը: Արգելոցը պետական հոգածության կարիք ունի, քանի որ մի ճշմարտություն ակնհայտ է՝ եթե հաջողվի բացահայտել որդան կարմիրի ստացման գաղտնիքը եւ վերսկսել այդ ներկի արտադրությունը՝ մեր երկիրը կրկին մենաշնորհային իրավունք ձեռք կբերի եւ հնագույն ժամանակներից հայ մարդուն տրված աստվածային պարգեւը կծառայի ի նպաստ Հայաստանի տնտեսական զարգացման:
   Բարեբախտաբար որդան կարմիր միջատին վերաբերող բազմաթիվ վկայություններ պահպանվել են հայկական հին ձեռագրերում, որոնք հանգրվանել են Մատենադարանում: Դրանցում ամփոփված եւ հիմնականում գաղտնագրված բաղադրատոմսերի վերծանությամբ այսօր զբաղվում է Մատենադարանի բժշկության եւ բնագիտության բաժնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, բժիշկ-կոսմետոլոգ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Հնագույն բաղադրատոմսերի շնորհիվ նրան արդեն հաջողվել է ստանալ որդան կարմիրի որոշ երանգներ:
   Այսինքն՝ Մատենադարանում վերականգնվում է որդանով կավե իրեր զարդարելու եւ մանրանկարներ անելու հնագույն ավանդույթը: Եվ ոչ միայն: Ավելի քան 10 տարվա ուսումնասիրությունների եւ ծածկագրերի վերծանման շնորհիվ Արմեն Սահակյանը կարողացել է գաղտնազերծել շատ բաղադրատոմսեր եւ դրանցով պատրաստել մաշկը սնուցող-թարմացնող, կնճիռների առաջացումը կանխող յուրահատուկ գեղարար միջոցներ։ Դրանք հայկական բրենդ՝ որականիշ դառնալու բոլոր նախադրյալներն ունեն եւ ունակ են ուրույն որակներով զարմացնել աշխարհի գեղարարներին:
   Միջնադարյան ձեռագրերից քաղված բաղադրատոմսով պատրաստված «Որդան կարմիր» կոչվող վարդագույն քսուքը, յուղը եւ լոսյոնը բժիշկ-դեղագործի մեծագույն հաջողություններից են: Դրանք մեծ պահանջարկ ունեն սպառողների որոշակի շրջանում, բայց չնչին քանակությամբ են պատրաստվում։
   Հայկական ձեռագիր մատյաններում հիշատակվում է նաեւ որդան կարմիրի մեկ այլ` հիվանդություններ բուժելու հատկության մասին: Այդ միջատից ստացված պատրաստուկներն օգտագործվել են բժշկության մեջ որպես հակաբորբոքային, հակաբեղմնավորիչ, ջերմիջեցնող, տղամարդու կարողականությունը (պոտենցիա) բարձրացնող դեղամիջոցներ:
   Արմեն Սահակյանի հավաստմամբ հայ բժշկապետները որդան կարմիրից ստացվող պատրաստուկները կիրառել են շաքարախտի, լյարդի, երիկամների հիվանդությունների բուժման համար. այդ մասին եւս մեր ձեռագիր մատյանները վկայություններ են պահպանել:
   Արմեն Սահակյանը վերջին տարիներին զբաղված է հայկական հին ձեռագրերում գաղտնագրված ու պահ տված «Արքայական» բալասան-ըմպելիքի պատրաստմամբ, որը ժամանակատար գործընթաց է: Նախկինում այն պատրաստվել է հայ թագավորների եռանդն ու երիտասարդությունը պահպանելու համար, ունի դիմադրողականությունն ամրապնդող եւ վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացողությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային եւ սրտանոթային համակարգերի աշխատանքը, միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ «կազդուրում եւ ուրախացնում է սիրտը»:
   Միայն երկարատեւ հետազոտություններից հետո Արմեն Սահակյանը վճռեց բալասանը նույնությամբ պատրաստել, ինչպես դա արել են հայոց թագավորների արքունիքի բժիշկները: Բալասանի բաղադրության հիմքում հայկական ալոճենու պտուղների թորվածքն է, որին ավելացվում են Հայկական լեռնաշխարհի բուժիչ ու անուշաբույր 54 բույսերը, արարատյան որդան կարմիրը եւ լեռնային բնական մեղրը:
   Բաղադրիչները խառնելուց հետո զանգվածն ուղիղ երեք տարի ի պահ է դրվել Վայոց ձորի «Ճգնավոր» քարայր-մենաստանում` կաղնե տակառների մեջ: Եվ մինչ բալասանը կհասունանար` քարայրում պարբերաբար բժշկարար աղոթքներ են ասվել, ինչը, ըստ ձեռագիր մատյանների, ավելի է զորեղացնում ըմպելիքի բուժիչ հատկությունները:
   Ի դեպ, լեռնային հազվագյուտ բույսերի հավաքումն ու մշակումը նույնպես կատարվում են ձեռագրերում նշված ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին, որն ուժգնացնում է ըմպելիքի օգտակարությունը, ավելացնում անկրկնելի բույրն ու համը:
   Այժմ երիտասարդ գիտնականը շարունակում է իր հետազոտությունները եւ խոստանում առաջիկայում որդանից ստացվող նյութերի ցանկը հարստացնել հրաշագործ միջոցներով: Միայն թե դրանց լայնածավալ արտադրության համար մեծ ներդրումներ են հարկավոր:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

close