ԱՍՏԾՈՒՆ, ՉԳԻՏԵՍ ԻՆՉՈՒ, ՊԵՏՔ Է ՀԵՆՑ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ

  Armenian Russian English

   Մենք սիրում ենք դժգոհել, թե քաղաքականության մեջ շատ է սուտն ու կեղծվածքը։ Բայց ոչ մի բան անել հնարավոր չէ. այսպիսին է մարդու էությունը։
   Վերցնենք, օրինակ, քրիստոնեական սրբությունների կեղծման ավանդույթը, որը սկիզբ է առնում խոր անցյալից։ Պանդոկի նախկին սպասուհի եւ Կոնստանդիոս Քլորի հարճ սուրբ Հեղինեն, որը դարձավ ապագա կայսեր մայրը, 326 թվականին մեկնեց Երուսաղեմ եւ միանգամից, անհայտության երեք դարերից հետո, գտավ Հիսուս Քրիստոսի խաչելության վայրը։ Ինչպես նաեւ՝ այն տեղը, որտեղ հուղարկավորվել էր Քրիստոսը, խաչը, որին գամվել էր, չորս մեխերը եւ նույնիսկ «Հիսուս Քրիստոս՝ Հրեաստանի թագավոր» վահանակը։
   Դա նույնն է, թե մենք հիմա մեկնենք Ավարայրի ճակատամարտի վայր ու հընթացս գտնենք այնտեղ Վարդան Մամիկոնյանի ձիու պայտը։
   Արդեն X դարում նշխարների, սրբությունների, մասունքների, ոսկորների, ատամների, մազերի, մեխերի, սուրբ Խաչի կտորների արտադրությունը քրիստոնեական երկրներում դրված էր հոսքագծի։ Իրեն հարգող յուրաքանչյուր քաղաք պետք է անպայման ունենար վարշամակի պատառիկ կամ ծայրահեղ դեպքում՝ խաչի մեխ։
   Առանձնակի լայն տարածում ստացավ Հիսուս Քրիստոսի թլիփը։ Առաջին անգամ այդ հիասքանչ մասունքը հայտնվեց Եվրոպայում մոտ 800 թվականին, երբ Կառլոս Մեծը նվիրեց դա Լեւոն III պապին։ Կառլոս Մեծը համեստորեն տեղեկացրեց, որ մարմնի այդ փոքրիկ կտորը իրեն նվիրել է հրեշտակը։
   Հրեշտակն, ըստ երեւույթին, բավականին առատաձեռն էր եւ շնորհ էր արել ոչ միայն Կառլոս Մեծին, քանզի կարճ ժամանակահատվածում այդ մասունքի տեր դարձան 21 տաճարներ։
   Մի խոսքով, ինչպես նկատել է Յոհան Կալվինը, եթե բոլոր մասունքները հավաքվեն մեկտեղ, ապա «պարզ կդառնա, որ առաքյալներից յուրաքանչյուրն ուներ չորս մարմին, իսկ սրբերից յուրաքանչյուրը՝ երկու կամ երեք»։
   Ամենից ապշեցուցիչը բոլոր այս կեղծվածքների մեջ դրանց նսեմագույն մակարդակն է։ Դրանք կեղծող մարդիկ չէին էլ մտածում, որ գոյություն ունի այնպիսի բան, ինչպիսին է պատմական հավաստիությունը։
   Նման մտածելակերպը բավական տարածված է այսօր քաղաքականության մեջ։ Եվ դա այնքան էլ վատ չէ, քանզի միայն այդ կերպ կբացվի հարյուր ծաղիկ ու կյանքը կիմաստավորվի հրաշագեղ բազմազանությամբ։
   Հայրենի ընդդիմության պատմությունը պետք է կարդալ բրոմով։ Այն աստիճան դրամատիկ է եւ նույնիսկ ողբերգական։ Դա «սեւ խոռոչի» պես մի բան է։ Ի դեպ, թեեւ բուն տերմինը առաջարկել է ամերիկացի ֆիզիկոս-տեսաբան Ջոն Ուիլլերը 1968 թվականին, բայց սեւ խոռոչի՝ որպես արտաքին դիտողի համար սկզբունքորեն անտեսանելի օբյեկտի մասին գաղափարն առաջացել է դեռեւս 1687 թվականին, Նյուտոնի կողմից տիեզերական ձգողականության օրենքի ձեւակերպումից հետո։
   Անդրադառնալով ընդդիմության ներկայիս վիճակին, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ անցած շաբաթ նկատեց. «Մեզ համար շատ կարեւոր է առողջ, կառուցողական քննադատություն հնչեցնող ընդդիմություն ունենալը, որը զերծ կլիներ ավելորդ բարդույթներից ու չէր վախենա իշխանության դրական քայլերի մասին բարձրաձայնելուց։ Մինչդեռ մենք այսօր ունենք կես ոտքի վրա կանգնած, կիսաիշխանական, կիսատ-պռատ միավորումներ, որոնք ինքնակայացման խնդիր ունեն։ Ընդհանրապես միջակությունը շատ վտանգավոր երեւույթ է նաեւ քաղաքականության մեջ»։
   Հավանաբար այդ պատճառով էլ քաղաքականությունը մեզանում վերջնականապես անցել է թշնամուն ոչնչացնելու ռեժիմին, ճիշտ ըստ քաղգիտության դասական Կարլ Շմիդտի։
   Եվ դա, ցավոք, վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը։ Համոզմունքներ չկան, խոսքերը ոչինչ չեն նշանակում, վարկաբեկված է ամեն ինչ։ Այս պայմաններում քաղաքական դաշտը բաժանվում է արդեն բնավ ոչ խելացիների եւ հիմարների, ձախերի ու աջերի, իշխանամետների եւ ընդդիմադիրների։ Մնացել է միայն հնագույնը. յուրային-ոչ յուրային։
   Քաղաքական ուժերը օտար են միմյանց։ Դա ավելին է, քան թշնամի լինելը։ Թշնամիները կարող են հաշտվել, իսկ օտարը միշտ կմնա օտար։ Նրանք չունեն ընդհանուր հայացքներ, ընդհանուր լեզու։ Եվ եթե անգամ պատահաբար արտաբերում են միանման խոսքեր, դրանց մեջ դնում են տարբեր իմաստ։
   Թեեւ արդարության զգացումը պահանջում է ընդունել, որ +2 միավոր վաստակած Հ.Սահակյանը իրավացի է, եւ ընդդիմության պարագայում հիվանդությունն ընդունել է անհամեմատ ավելի անդառնալի ընթացք։ Բժիշկները պնդում են, որ բժշկությունն ընդունակ է հրաշքի, եթե ինքը՝ հիվանդը, ուզում է ապրել, բայց եթե այդ հիվանդը անգիտակից վիճակում է կամ հարբած, ապա հրաշք ակնկալելը դժվար է։
   Ցանկացած հոգեբուժական ախտորոշում քաղաքականորեն կամ տնտեսականորեն հիմնավորված է։ Ալցհեյմերը եւ այլ ուղեղային պրոցեսները հաշվի մեջ չեն. դա նյարդաբանություն է։
   Ասում են՝ հոգեկան հիվանդությունը այն է, երբ մարդը համարժեք չի գնահատում իրեն եւ շրջապատող աշխարհը, երբ նրա մոտ դիտարկվում է «անձի երկատում» եւ, ամենագլխավորը, երբ վտանգավոր է իր եւ շրջապատի համար։
   Իսկ մի՞թե 30-ական թվականների խորհրդային էնտուզիաստ-ակտիվիստները համարժեք էին գնահատում։ Նրանք համարում էին ԽՍՀՄ-ն աշխարհի կենտրոն, իսկ իրենց՝ ապագայի պատգամաբերներ (վեհամոլության զառանցանք)։ Ապրելով բարաքներում եւ ականատես լինելով հարազատների ձերբակալություններին, վստահ էին, թե ապրում են ծաղկուն ու արդար երկրում (երկատում, այսինքն՝ շիզոֆրենիա)։ Հավատում էին, թե շուրջբոլորը լրտեսներ ու դիվերսանտներ են, թե հարեւան յուրաքանչյուր սենյակում դավեր են նյութում «ժողովրդի թշնամիները» (սուր պարանոյա)։ Վերջապես, մատնություններ էին գրում, դատավճիռներ կայացնում, բայց որոշ ժամանակ անց հենց իրենց էին նստեցնում կամ գնդակահարում (այսինքն՝ վտանգավոր էին իրենք իրենց եւ շրջապատի համար)։
   Գրեթե նույնպիսի հոգեվիճակում են գտնվում հայրենի ընդդիմադիրները, եւ պատահական չէ, որ ՀՔԴՄ նախագահ, պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ անցած շաբաթ հայտարարեց. «Եթե ընդդիմությունն այսօր չունի հեղինակություն, պրոբլեմը նախ եւ առաջ իր մեջ պետք է փնտրի։ Տեսեք, ինչ է կատարվում «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» հարաբերություններում, ՀԱԿ-ում, «Ժառանգության» մեջ։ Հեռու եմ այս կամ այն կուսակցության ներքին կյանքին խառնվելու մտքից, բայց համաձայնեք, որ սա մտորելու տեղիք է տալիս։ Այսինքն՝ խնդիրն իրենց մեջ է. մեծամասնությունը դրա հետ կապ չունի»։
   Դե ինչ, +3 միավոր վաստակած Խ.Հարությունյանի հետ դժվար է չհամաձայնել։ Ընդդիմությունը իսկապես փոքր-ինչ գերագնահատում է իր տխուր վիճակի հարցում իշխանության կործանարար ազդեցությունը։ Ընդդիմության հեղինակազրկման գործում իշխանությունն անմեղ է, ինչպես Քրիստոսը ջհուդների առջեւ։
   Մնում է հուսալ, որ կուսակցությունների, հասարակայնության եւ փորձագետների մասնակցությամբ լայն քննարկման ընթացքում դա կհասկանա նաեւ ինքը՝ ընդդիմությունը։
   Իսկ ինչ վերաբերում է իշխանության հարցին... Թող ինձ ներեն ոճաբանները, բայց իշխանությունը չի տա իշխանությունը նույնիսկ իշխանության կուսակցությանը։ Բացի ամենայնից նաեւ այն պատճառով, որ ոչ մեկին վստահել չի կարելի։
   Ահա արդեն որքան ժամանակ է, ինչ արեւմտամետները ոռնում են համաքաղաքացիների պատուհանների տակ՝ Բասկերվիլների շան պես, սգալով Մաքսային միությանն անդամակցելու հետեւանքով Հայաստանի անկախության կորուստը։
   Ահավասիկ յուր ուղղամտությամբ (ինչը վերջին ամիսներին առանձնակի ամրապնդվել է, հասնելով անմիջական խոստովանության աստիճանի) հայտնի ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ էլ անցած շաբաթ հայտարարեց. «Եթե Հայաստանը այսօրվա «իշխանիկների» կամքով դարձած չլիներ Ռուսաստանի կամակատարը, ճորտը, նույնիսկ կարելի է ասել՝ ստրուկը, խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է, այլ ոչ թե մեր մասին, ապա գազային խնդիրը այս մակարդակով չէինք ունենա»։
   Առաջին հայացքից կարող է թվալ, թե -2 միավոր ստացած Պ.Հայրիկյանը, որը նախկինում մարտնչում էր էպոսագետ Վարդան Սեդրակյանի կարգի անարժան հակառակորդների դեմ, վատնում իր հերոսականությունը ԿԳԲ-ի դավերի բացահայտման վրա, վերջապես արժանի թշնամի է գտել՝ հանձինս երկիրը ճորտ ու ստրուկ դարձրածների, եւ մաքառում է նրա դեմ մեծագույն կատաղությամբ։
   Բայց իրականում նա հիշեցնում է իրողությունների հետ կապն իսպառ կորցրած Լենինին՝ կյանքի վերջին տարիներին։ Լենինը, ինչպես հայտնի է, անցկացրեց Գորկիում երկու տարի։ Ձեւականորեն պահպանելով իշխանությունը, նա արդեն բացարձակ անզոր էր եւ բացարձակ անտեղյակ։ Հատուկ նրա համար մեկ օրինակով «Պրավդա» էին թողարկում։
   Հազվադեպ, երբ առաջնորդի գիտակցությունն ու խոսելու ունակությունը վերադառնում էին, նա համագումարին ուղղված հոդվածներ, նամակներ էր թելադրում, հրահանգներ հղում կուսակից ընկերներին։ Բայց գլխավոր քարտուղար ընկեր Ստալինը (գլխավոր քարտուղարն այն ժամանակ ամենեւին էլ երկրի ղեկավարը չէր, այլ ընդամենը ապարատի ղեկավար) բոլոր այդ լենինյան գրառումները քմծիծաղով թաքցնում էր։
   Ասենք, Հայրիկյանի համեմատումը Լենինի հետ կարող է հանգեցնել քաղաքականապես սխալ որոշ մտքերի, այնպես որ ձեռնպահ մնանք։ Ստրկության դեմ պայքարող մարտիկին այսչափ կատաղի դիալեկտիկայի ենթարկելն ակնհայտ ճարտարապետական ավելորդություն է։
   Բայց ինչպե՞ս կարելի է, լինելով գիտակից վիճակում, պնդել, թե Հայաստանը վերածվել է ստրուկի։ Երբ խոսքը մասնավոր անձի մասին է, նման բառալուծը նրա անձնական գործն է։ Այլ հարց է քաղաքական գործչի պարագայում։
   Դեռ երբեք աշխարհում այսքան շատ չեն խոսել ժողովրդավարության մասին։ Նրան երդվում են Աստվածաշնչով եւ Աստվածաշնչի վրա, ձգտելով չնկատել, թե որքան անճանաչելիորեն է փոխվել այդ հասկացության բովանդակությունը։ Ժողովրդավարությունը XXI դարում դառնում է քաղաքական շանտաժի, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտության, փարիսեցիական շահարկումների առարկա։ Գնալով ավելի հաճախ ժողովրդավարությամբ հիմնավորվում է իրավունքի եւ օրենքի կոպիտ ոտնահարումը։
   Ուստիեւ առնվազն զարմանք առաջացրեց անցած շաբաթ «Ազատ դեմոկրատների» նախագահ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ արած հայտարարությունը. «Հայաստանը թե՛ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, թե՛ այսօր հեռու է դեմոկրատական իշխանություն կոչվելուց։ Սա իմիտացիոն դեմոկրատիա է, եւ հասարակությունը պետք է սթափ գնահատի այս իրավիճակը»։
   -1 միավոր ստացած Խ.Քոքոբելյանին ցանկություն է առաջանում խղճալ ու հանգստացնել։ Հայաստանում իրականում ժողովրդավարությունը ավելի շատ է, քան պետք է. ասա եւ արա՝ ինչ ուզում ես։
   Այ, Ուզբեկստանում, օրինակ, ժամանակին արգելեցին բիլիարդ խաղալ. որպես թմրամոլությանն ու հանցավորությանը նպաստող խաղ։ Պարզվում է, բազմաթիվ հանցագործներ նկատվել էին բիլիարդ խաղալիս։
   Իսկ երբ ադրբեջանական գահի ժառանգորդ Իլհամ Ալիեւը Ստամբուլում տանուլ տվեց երկու միլիոն դոլար (ո՞ւմ հետ չի պատահում) զայրացած առաջնորդ-հայրիկը հրամայեց փակել բոլոր խաղատները... Բաքվում։ Դեռ լավ է, որ գահաժառանգը Ստամբուլում չթունավորվեց. հայրիկը կարող էր Բաքվում փակել հասարակական սննդի բոլոր կետերը։
   Իսկ մեզանում ամեն ինչ՝ փա՜ռք Աստծո։ Պարզապես Աստծուն, չգիտես ինչու, պետք է հենց այսպիսի Հայաստան. ոչ այն է՝ որպես վատ օրինակ, ոչ այն է՝ որպես ծուղակ փակուղի։

Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ

close