ՀԿԵ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

  Armenian Russian English

   Հարավկովկասյան երկաթուղում ավարտվել է գծի, էներգամատակարարման եւ կապի համակարգերի աշնանային զննումը: Ամենամյա այս զննման նպատակն է երկաթուղու կայուն աշխատանքի եւ գնացքների անվտանգ երթեւեկության ապահովումը:
   Զննման ընթացքում ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում էին երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացումը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը:
   Արդյունքում կրճատվել են խախտումները, դիտողություններն ու թերությունները: Նշենք, որ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին ՀԿԵ-ում գծի գնահատականը կազմեց 96 միավոր՝ 4 միավորով բարելավելով նախատեսված ցուցանիշը: Իսկ վերջին 3 տարիների ընթացքում գծի գնահատականը կրճատվեց 3 անգամ, ինչը հավաստում է գծի տեխնիկական վիճակի էական բարելավումը:
   2015 թվականի 10 ամիսների ընթացքում երկաթուղում սահմանվել է 190 սահմանափակում՝ 2014-ի 362-ի դիմաց:
   Փոխադրումների տնօրինությունում բացահայտված թերությունների հիմնական մասը վերաբերում է աշխատողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, աշխատանքի տեխնոլոգիաների պահպանմանը, ազդանշանային, կենտրոնացման եւ արգելափակման սարքերի աշխատանքի խափանման դեպքերում աշխատողների գործողությունների կատարելագործմանը:
   Ռելսակոճային ամրակների անբավարար վիճակի պատճառով զննման ընթացքում անբավարար գնահատական էր ստացել Մասիս-Երասխ երկաթուղային հատվածը: ՀԿԵ ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի որոշմամբ, այս հատվածում լրացուցիչ ստուգում կիրականացվի:
   Աշնանային ստուգատեսի ընթացքում ուշադրության կենտրոնում էր ձնամաքրման տեխնիկան եւ դրա պատրաստությունը աշխատանքին ձմեռային շրջանում: Ներկա պահին տեխնիկան ամբողջությամբ պատրաստ է:
   Նման հանձնաժողովային զննումները երկաթուղում անցնում են ամեն տարի՝ գարնանն ու աշնանը, եւ ուղղված են գծի, ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի ուսումնասիրմանը, բացահայտված բացթողումների վերացմանը, գնացքների անվտանգ երթեւեկության եւ երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանը:


close