ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՅՆԱՆՈՒՄ Է

  Armenian Russian English

   Հարցազրույց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՅԻ հետ
  
   -Պարոն Վալկո, տարվա մեծ մասն արդեն անցյալում է մնացել: Ինչպիսի՞ն էր այն Հայաստանի երկաթուղու համար. կարելի՞ է հաջող համարել, թե՞ դժգոհ եք արդյունքներից:
   -Սկսենք նրանից, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի համար դժվարին էր անցած տարին: Մենք ստիպված էինք աշխատել ճգնաժամի ժամանակ, սուր մրցակցային պայմաններում, լուծել բնականոն աշխատանքի ապահովման խնդիրը: Նման պայմաններում կարողացել ենք ապահովել երկաթուղու եկամուտների ծավալը 100,7% մակարդակի վրա, կատարել բոլոր ներդրումային ծրագրերը:
   Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով նկատվում է երկաթուղային բեռնափոխադրումների դրական դինամիկա՝ ինչպես նախատեսված ցուցանիշների, այնպես էլ 2016 թվականի համեմատությամբ: Փոխադրումների նախատեսված ցուցանիշը աճել է 10,7 տոկոսով, նույնքան ավելացել է ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Բեռնման ցուցանիշը գերազանցել է անցած տարվա ծավալը 9 տոկոսով, իսկ բեռնաշրջանառությունը՝ 15,3 տոկոսով:
   Արտահանումը երկաթուղով ավելացել է 16,8%, ներմուծումը՝ 15,3%, տեղական փոխադրումները 9,1%:
   Յոթ ամիսների ընթացքում փոխադրվել է 189,7 հազարից ավել ուղեւոր, միջազգային ուղեւորափոխադրումներն աճել են 22,2 տոկոսով:
   Նշեմ նաեւ, որ 2017 թվականը հայ երկաթուղայինների համար հատկանշական է՝ մենք նշում ենք միանգամից երեք կարեւոր հոբելյան. Երեւանի երկաթուղային կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը եւ Հայաստանի երկաթուղու էլեկտրիֆիկացման 50-ամյակը:
   -Տարեսկզբին շատ էր խոսվում Հայաստանի երկաթուղային համակարգի մասնակցությամբ Իրան-Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների նախագծի, ինչպես նաեւ երկաթուղա-լաստանավային բեռնափոխադրումների համար խոշոր զեղչերի մասին:
   -Հայաստանի երկաթուղու տրանզիտային պոտենցիալի կիառմամբ Իրանից եվրոպական երկրներ եւ հակառակ ուղղությունով մուլտիմոդալ բեռնափոխադրումների նախագծի վերաբերյալ կարող եմ ասել, որ առաջին կոնտեյներները փոխադրեցինք դեռ անցած տարվա նոյեմբերին:
   Վերջերս՝ օգոստոսի 9-ին, ավարտվել է հերթական բեռնափոխադրումը Իրանից Եվրոպա: Իրանից բեռները ավտոտրանսպորտով գալիս են Հայաստան, այնուհետեւ մենք երկաթուղով դրանք փոխադրում ենք Փոթի նավահանգիստ, որից հետո բեռները նավով հասնում են Եվրոպա:
   Այս երթուղին թույլ է տալիս տնտեսել ժամանակը, բացի դրանից, այն անվտանգ է այլ գործող ուղղությունների համեմատությամբ: Բավական է ասել, որ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան բերված բոլոր կոնտեյներների կնիքները փակ էին: Իսկ հայկական մաքսային մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ շոշափելիորեն կրճատվում է մաքսային ձեւակերպումների ընթացքը:
   -Արդարացնո՞ւմ է Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների երկաթուղիները կապող լաստանավային երթուղին:
   -Ամենից լավ վկայում են թվերը. 2016 թվականին Փոթի-Կավկազ լաստանավով փոխադրվել է 327 հայկական բեռներով վագոն, իսկ այս տարվա վեց ամիսների ընթացքում՝ արդեն 342 վագոն: Եթե 2016-ին լաստանավն իրականացրել էր 10 ուղերթ, ապա 2017-ի վեց ամիսների ընթացքում՝ արդեն 15: Նկատվում է բեռնափոխադրումների տեմպերի աճի դրական դինամիկա։ Մենք նախատեսում ենք էապես ավելացնել լաստանավային փոխադրումների ծավալները տարվա արդյունքներով:
   Հատուկ նշեմ, որ երկաթուղա-լաստանավային բեռնափոխադրումները սակագնի տեսանկյունից համադրելի են ավտոտրանսպորտի հետ: Եվ դա այն դեպքում, երբ մեր ծառայությունը կախված չէ Վերին Լարսի անցակետի աշխատանքից՝ լաստանավը ստաբիլ ուղերթեր է իրականացնում ամիսը 3 անգամ:
   Նշեմ նաեւ, որ լայնանում է փոխադրումների աշխարհագրությունը եւ փոխադրվող բեռների տեսակները: Ռուսական եւ Վրացական երկաթուղիների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ Հայաստան եւ Հայաստանից եկող բեռների համար տրամադրվում են զեղչեր՝ Ռուսաստանի տարածքում դրանք կազմում են 50%, իսկ Վրաստանում՝ մինչեւ 50%:
   Այս զեղչերը տարածվում են նաեւ դեպի Բելառուս ու Ղազախստան եւ հակառակ ուղղությամբ եկող հայկական բեռների վրա:
   -Հիմնականում ի՞նչ բեռներ են փոխադրվում լաստանավով:
   -Բեռները բազմազան են՝ հանքարդյունաբերության ոլորտի բեռներ, մետաղական արտադրանք, շինարարական քար, բենտոնիտ, պեռլիտ եւ այլն:
   -Այժմ ՀԿԵ-ն նորոգում է դեպի Հայկական ատոմակայան տանող երկաթուղային գծերը՝ կայանի արդիականացման շրջանակներում ծանր բեռների եւ սարքավորումների փոխադրման համար: Ո՞ր փուլում են գտնվում աշխատանքները:
   -Այժմ տեղամասում 30 մարդ է աշխատում, գործի է դրված անհրաժեշտ ողջ տեխնիկան: Աշխատանքը նախատեսում ենք ավարտել ժամանակացույցի համաձայն, իսկ խոշորածավալ բեռների փոխադրումը նախանշված է 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին:
   Արշալույս կայարանից ՀԱԷԿ տանող 14 կմ երկարությամբ երկաթուղային ճյուղի 12 կմ-ն արդեն նորոգվել է, օրական փոխվում է 120-140 կոճ:
   Չնայած մեզ ժամանակին չէին իրազեկել ապագա փոխադրման մասին, մենք աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսները հայթայթեցինք: Աշխատանքների ընթացքն ամեն օր վերահսկվում է:
   -Որքա՞ն են ՀԿԵ-ի այս տարվա համար նախատեսված ներդրումները: Ի՞նչ նախագծերի իրականացմանը կուղղվեն միջոցները:
   - 2017 թվականին ներդրումները կկազմեն 2,6 միլիարդ դրամ եւ ուղղվելու են ենթակառուցվածքի արդիականացմանը:
   Հաստատված ծրագրի համաձայն՝ նախատեսվում է վերանորոգել 12,5 կմ գիծ Մասիսի մեքենայացված գծի կայանի ուժերով, տեղադրել 20 հազար նոր երկաթբետոնե կոճ, վերակառուցել կոնտակտային ցանցը եւ այլն:
   -ՀԿԵ-ն, լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ: Ի՞նչ է արվել վերջին տարիների ընթացքում:
   -Բարեգործությունը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր աշխատանքում: Չնայած որ Հարավկովկասյան երկաթուղու գործունեության հիմնական ուղղությունը Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման ապահովումն է՝ մենք բազմաթիվ բարեգործական ծրագրեր ենք իրականացնում: Միայն 2016 թվականին այս նպատակներին ուղղել ենք 29,350 մլն դրամ:
   Իսկ բարեգործական ծրագրերից կարող եմ նշել աջակցությունը Հայրենական մեծ պատերազմի վետերան-երկաթուղայիններին, աշխատանքի վետերաններին: Մի քանի տարի շարունակ մենք վերանորոգում ենք մեր վետերանների տները՝ արդեն նորոգել ենք տներ Գյումրիում եւ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Այս տարի կրկին աշխատում ենք Գյումրիում՝ վերականգնողական գնացքի նախկին պետ, 90-ամյա Հրաչ Հարությունյանի տանը: Նա Պատվավոր երկաթուղային է, աշխատանքի վետերան, երկաթուղում աշխատել է 64 տարի, որից 44 տարի եղել է Գյումրիի վերականգնողական գնացքի պետ:
   Մեծ ուշադրություն ենք դարձնում աջակցությանը Ֆիոլետովո գյուղի հանրակրթական դպրոցին:
   Երեխաների հետ աշխատանքը մեր առաջնահերթություններից է: Օրինակ, ՀԿԵ-ի եւ այլ բարերարների միջոցներով վերանորոգվել եւ անցած տարվա դեկտեմբերին շահագործման էր հանձնվել Ալավերդու թիվ 3 մանկապարտեզը, որը երկար տարիներ անմխիթար վիճակում էր: Իսկ Հարավկովկասյան երկաթուղու նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինությունը մանկապարտեզի համար նաեւ կահույք պատրաստեց:
   Լոռվա մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մենք համատեղ ուժերով շարունակելու ենք մանկապարտեզի վերակառուցումը նաեւ 2017 թվականին:
   Մեր սոցիալական քաղաքականության ուղղություններից մեկն էլ մասնագիտացված կադրերի ուսուցումն ու վերապատրաստումն է: Այստեղ համագործակցում ենք Գյումրու պետական տեխնիկական քոլեջի, Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հետ: Միայն Գյումրու քոլեջում մենք ֆինանսավորում ենք 227 ուսանողի ուսուցումը: Նրանցից 53-ը՝ մեր աշխատողների երեխաներն են, իսկ 174-ը երկաթուղայիններ:
   Այս տարվա հոկտեմբերին ՀԿԵ երիտասարդների պատվիրակությունը կմեկնի Սոչի՝ մասնակցելու Երիտասարդների եւ ուսանողների համաշխարհային փառատոնին: Երիտասարդ երկաթուղայիններին դա թույլ կտա կապեր հաստատել այլ երկրների երիտասարդության հետ, նոր գիտելիքներ ձեռք բերել: Դա նույնպես անհրաժեշտ է եւ կարեւոր, քանի որ նրանք մեր ապագան են:

Ս.ՄԽԻԹԱՐՅԱՆ

close